Վերլուծական 

Ինչո՞ւ է մեր քաղաքական էլիտային դուր գալիս խղճուկ կույսի կերպարը

analitik.am

Վերջին շրջանում տեղի ունեցող դեպքերը փաստեցին, որ ՀՀ-ն անկախության լուրջ կորուստ է ունեցել: Ունենալով հաղթանակած բանակ, մենք ոչ թե կառավարում ենք կամ գոնե ազդեցություն ենք ունենում մեզ վերաբերող գործընթացների վրա, այլ վերլուծում ենք արտաքին ուժերի հայտարարությունները: Ուրախանում ենք, որ Օլանդը ժամանել է Երևան, կարծես թե Օլանդից, Օբամային կամ Պուտինից է կախված Հայաստան պետության գոյությունը, ցավոք, բայց այսօր արդեն այդպես է դարձել:


Եթե ժամանակին մենք բանակցային սեղանի շուրջ նստում էինք որպես գործընկեր, արդեն այսօր մեզ ուղղակի տեղեկացնում են, որ պետք է արվի այս կամ այն քայլը: Միակ բանը, որ կարողանում ենք անել այդ քայլի ձգձգումն է կամ ինչ-որ կերպ՝ խնդրելով, աղաչելով, մուրալով, գոնե որոշակի պայմաններ փոխելը: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանն այսօր աշխարհաքաղաքական առումով բավականին լուրջ արժեք է ներկայացնում մասնավորապես Ռուսաստանի համար, քանզի ՌԴ-ն տարածաշրջանում փաստացի այլ դաշնակից չունի: Թուրքիայի և Ադրբեջանի հետ այն կարող է համագործակցության եզրեր ունենալ, սակայն դաշնակից այս երկու երկրները երբեք էլ չեն կարող լինել Ռուսաստանի համար, քանզի Թուրքիան չի զիջի իր դիրքերը Ռուսաստանին, իսկ Ադրբեջանն էլ Թուրքիայի կցորդն է:


Վրաստանը թերևս մի փոքր թեքվում է դեպի Ռուսաստան, բայց Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունն արդեն իսկ վկայում է այն մասին, որ Վրաստանի վրա նույնպես ՌԴ-ն չի կարող հույս դնել: Ինչ վերաբերում է Իրանին, ապա այն ինչքան էլ ձգտի գազ արտահանել, բայց միևնույն ժամանակ չմրցել Ռուսաստանի հետ, չի կարող երկար պահպանել այդ դիրքորոշումը, առավել ևս, եթե Արևմուտքից շահավետ առաջարկ ստանա, և բացի այդ Իրանը Ռուսաստանի համար տարածաշրջանային հենարան կարող է լինել միայն մի դեպքում, երբ դա հավասար չափով շահավետ է նաև իր պետությանը, իսկ գազային ոլորտում Իրան-Ռուսաստան շահերը, եթե այսօր չէ, ապա մոտ ապագայում հաստատ կբախվեն, Արևմուտքն էլ կնպաստի դրան: Ստացվում է, որ Հայաստանը՝ փոքրի և առաջին հայացքից աղքատ երկիր, պետք է Ռուսաստանին, սակայն փաստացի մենք ամեն ինչ անում ենք մեր ՕԳԳ-ն նվազեցնելու համար:



Նախ, իրականում Հայաստանն ունի բոլոր ռեսուրսները իր թեկուզ 3 միլիոն, չնայած որ այդքան մարդ այլևս չկա Հայաստանում, բնակչությանը բարեկեցիկ պայմաններով ապահովելու համար. Մենք հումք ենք արտահանում այն դեպքում, երբ կարող ենք վերամշակել այդ հումքը և պատրաստի արտադրանք արտահանել, ինչը միանշանակ կանդրադառնա ՀՆԱ-յի վրա, արդյունաբերությունը կզարգանա, կարող ենք գյուղատնտեսությունը զարգացնել՝ գյուղացիներին թեթևացնելով հարկերից, կարող ենք ներդրումային գրավիչ պայմաններ ստեղծել, ինչը խթան կհանդիսանա Սփյուռքի համար, ովքեր արդեն հետաքրքրված կլինեն իրենց հայրենիքի զարգացմամբ, կարող ենք կոշտ կանոններով հարկերը գանձել ոչ թե ՓՄՁ-ներից, այլ խոշոր կազմակերպություններից, որոնք դժվար է ասել իրականում վճարում են այնքան հարկ, ինչքան պարտավոր են վճարել, թե ոչ, կարող ենք պետական հատվածում իրականում մասնագետների ընդունել աշխատանքի, և կրճատել այն թափորը, որը ԽԾԲ-ների միջոցով օր է մեռցնում մեր հարկերի հաշվին, կարող ենք տուրիզմ զարգացնել ոչ թե ծիրան քարոզելով, այլ ենթակառուցվածքներն ավելացնելով և այսպես շարունակ:


Մենք իրականում այն խղճուկ երկիրը չենք, ինչպես մեզ ներկայացնում ենք, ուղղակի անհասկանալի կամ էլ հասկանալի, սակայն անընդունելի պատճառներով ՀՀ քաղաքական էլիտան ընտրել է խղճուկ և չկողմնորոշված կույսի կերպարը, ինչը կործանում է ոչ միայն իրենց, այլ նաև մեր և մեր սերունդների ապագան:



Արմեն Մինասյան



Նույն շարքից