Վերլուծական Տնտեսություն 

Եվրաասոցացման փշոտ ճանապարհի արժեքը

analitik.am

Հին հույների պատկերցմամբ ննջեցյալներին ստորգետնյա աշխարհ տեղափոխելու համար հույները Քարոնին, որն իր մակույկով Ստիքս գետով ննջեցյալներին փոխադրում էր Հադեսի թագավորություն, պարտավոր էին փոխադրավարձ վճարել՝ ննջեցյալի բերանում դնելով մանրադրամ: Այսպիսով դեռ հին հույները  գիտակցում էին, որ յուրաքանչյուր գործողության ու արարքի համար անհրաժեշտ է վճարել և այս պնդումը վերաբերում է թե  մարդկանց, թե հասարակություններին, թե պետություններին:


Որոշ  հետխորհրդային հանրապետություններ ձեռք բերելով անկախություն, փորձեցին ձերբազատվել տոտալիտար համակարգից և   սեփական երկրներում ստեղծել ժողովրդավարական կարգեր, որտեղ կգործեր օրենքի գերակայությունը, պաշտպանված կլինեն սովորական քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները և ամենակարևորը հասարակությունը զերծ կմնար իշխանությունների  ու օրինապահ, ինչպես նաև դատական մարմինների կամայականություններից: Այս ամենին հասնելու համար անհրաժեշտություն առաջացավ սերտացնել հարաբերություններն եվրոպական զարգացած ժողովրդավարական երկրների հետ:


Սա ինքնաբերաբար հանգեցնելու էր Արևմուտքի ազդեցության և դիրքերի ամրապնդմանը հետխորհրդային տարածքում, որը չէր բխում Ռուսաստանի շահերից: Մոսկվան ամեն կերպ փորձում էր հետխորհրդային հանրապետություններին հետ պահել եվրաինտեգրման ճանապարհից՝ անգամ դիմելով բացահայտ սպառնալիքների և ճնշումների: Սակայն այդ ամենն  ապարդյուն էր, և Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան գնացին մինչև վերջ, իսկ ինչպես արդեն նշել էինք, յուրաքանչյուր գործողության համար անհրաժեշտ է վճարել, իսկ երբեմն էլ թանկ գին վճարել: Այսպես՝ Վրաստանը վերջնականապես կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան, Ուկրաինայից անջատվեց Ղրիմը, իսկ մոլդովական իշխանությունների ջանքերը Մերձդնեպրի  վերամիավորման հարցում ապարդյուն են դառնում:  

 

 Թվում էր՝ հունիսի 27-ին՝ Եվրաասոսացման համաձայնագրի ստորագրումից հետո, կրքերը կհանդարտվեին,  սակայն  հակառակը տեղի ունեցավ, քանզի ամեն ինչ դեռ նոր է սկսվում:  


Այսպիսով՝ Վ. Պուտինի տնտեսական մասով խորհրդական Սերգեյ Գլազևը, որը  Հայաստանը համեմատել էր Կալինիգրադ մարզի հետ,  հայտարարեց, որ համաձայնագրերը լեգիտիմ չեն, քանի որ այդ երկրներում իշխանության են եկել նացիստական ուժեր:  Եթե Ուկրաինայում Մոսկվան սատարում է ռուսամետ անջատողականներին, ապա Մոլդովայում փորձ է անում ոտքի հանել ազգային փոքրամասնություն հանդիսացող գագաուզներին (քրիստոնյա թուրքեր), ովքեր ձգտում են ինքնավարություն ստեղծել:


Նման ճանապարհով Մոսկվան ձգտում է մասնատել և թուլացնել անհնազանդ հանրապետություններին: Սակայն Ռուսաստանը չի սահմանափակվում քաղաքական ճնշումներով, ավելի կարևոր և ազդեցիկ են տնտեսական սահմանափակումները: Վ. Պուտինը բազմիցս շեշտել է այն մասին, որ Ռուսաստանն ունենալով Ազատ առևտրի համաձայնագիր ԱՊՀ երկրների հետ, ստիպված է դիմել այնպիսի քայլերի, որոնք բացասական հետևանքներից կպաշտպանեն սեփական շուկան ու տնտեսությունը և լուրջ հետևանքներ կունենան Եվրաասոցացման համաձայնագրեր ստորագրած երկրների համար:


Ռուսաստանը սահմանափակելու է այդ երկրներից ապրանքների՝ հատկապես պարենային  և գյուղատնտեսական արտադրանքի,  ներմուծումը, ինչն իր բացասական ազդեցությունը կթողնի այդ երկրների տնտեսության վրա: Ռուս փորձագետները նշում են, որ ամենաշատը կտուժի  Ուկրաինան, արդյունաբերությունը կկրճատվի 20%-ով, գյուղամթերքները մրցունակ չեն լինի եվրոպական շուկայում, իսկ ամբողջ տնտեսությունը մոդեռնիզացնելու համար անհրաժեշտ է 16մլրդ դոլար: Սա կհանգեցնի նրան, որ այդ երկրների թույլ զարգացած  շուկաները կողողվեն եվրոպական բարձրորակ ապրանքներով , ինչն էլ կհարվածի տեղական արտադրողին,  երկրներն էլ ժամանակի ընթացքում կվերածվեն Եվրամիության հանքային կցորդի:


Սակայն այս ամնեը չի կանգնեցնում տվյալ երկրների հասարակություններին, որոնք համոզված են, որ  բարեկեցիկ և արժանապատիվ կյանք հնարավոր է ստեղծել միայն Եվրաինետեգրացման ճանապարհի միջոցով: Սակայն,  բաղձալի նպատակին հասնելու համար այս երկրներն իրենց հասարակության հետ միասին  թանկ գին կվճարեն, իսկ  դեպի Եվրամիություն տանող ճանապարհը կլինի  փշոտ ու դժվարին:


Սարգիս Լևոնյան

Նույն շարքից