Վերլուծական 

ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Օբամայի վարչակազմի հաղթանակը

analitik.am

Սեպտեմբերի 4-5 Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում քննարկման առանցքային հարցն էր Ուկրաինական ճգնաժամը: ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի միահամուռ և սկզբունքային դիրքորոշումն ուկրաինական խնդրի վերաբերյալ ստիպեցին Մոսկվային գնալ էական զիջումների: Արևմուտքի աչքերում Ռուսաստանը բռնազավթել է Ղրիմը, քաղաքացիական պատերազմ հրահրել Ուկրաինայի հարավ-արևելքում և զինված ստորաբաժանումներ մտցրել այդ շրջաններ:


Արևմուտքի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ   ինչ-որ չափով մեղմելու համար  Կրեմլը դիմեց գործնական քայլերի: Մինսկում Պուտինի և Պորոշենկոյի հանդիպման ժամանակ համաձայնություն ձեռք բերվեց ԵԱՀԿ-ի հովանու ներքո անցկացնել եռակողմ բանակցություններ՝ Կիևի, Ռուսաստանի և անջատողական ուժերի միջև: Եթե սեպտեմբերի 1-ի բանակցություններում էական առաջընթաց չգրանցվեց, ապա սեպտեմբերի 5-ի հանդիպման ժամանակ, երբ զուգահեռաբար տեղի էր ունենում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, հակամարտ կողմերն ընդունեցին Վ. Պուտինի առաջարկած խաղաղության ծրագիրը և կնքեցին զինադադար:

 

Կրեմլին մինչ գագաթաժողովի ավարտը զինադադարի կնքման  անհրաժեշտության մասով նշենք մի փաստ, ըստ որի ռուսական ԶԼՄ-ների տվյալներով Ռուսաստանի նախագահը Խաղաղության ծրագիրը  կազմել է ինքնաթիռում՝  Մոնղոլիա թռչելու ժամանակ: Պուտինի նախագծի համաձայն, որը նախապես հստակեցվել էր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հակամարտ կողմերը դադարեցնում են ռազմական գործողությունները, ուկրաինական զորքերը հետ են քաշում ծանր հրետանին խոշոր քաղաքներից, բացվում են հումանիտար միջանցքներ և տեղի է ունենում գերիների փոխանակում: Չնայած այս ամենին, Արևմուտքը ողջունելով կնքված զինադադարը ,միևնույն ժամանակ անդրդվելի մնաց և ընդունած հռչակագրում պահանջեց Մոսկվայից հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, դեռ ավելին՝ գագաթաժողովում որոշվեց բրիտանական հրամանատարության ներքո ՆԱՏՕ-ի յոթ երկրների շրջանակներում կազմավորել արագ արձագանքման չորս հազարանոց ստորաբաժանում:

 


Իր հերթին Եվրամիությունն օրակարգի մեջ թողեց նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, որն առնչվում է էներգետիկ, բանկային և նորագույն տեխնոլոգիաների ոլորտներին: Այսպիսով,  Արևմուտքը չհավատաց Մոսկվայի այն պնդումներին, որ վերջինս հակամարտող  կողմ չէ ու չի մասնակցում ռազմական գործողություններին և միայն պաշտպանում է ռուսախոս բնակչության քաղաքական իրավունքները: Արևմուտքի կարծր դիրքորոշումը ստիպեց Կրեմլին գնալ նոր քաղաքական զիջումների, եթե սեպտեմբերի 1-ի Մինսկում կայացած եռակողմ հանդիպումից հետո Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն բացառեց Դոնեցկի ու Լուգանսկի վերադարձն Ուկրաինայի տարածք, ապա զինադադարի հաստատումից հետո Մոսկվայում տված հարցազրույցի ժամանակ չանդրադարձավ ինքնահռչակ տարածքների կարգավիճակի մասին, իսկ հաջորդ օրը՝սեպտեմբերի  7-ին, Դոնեցկի իշխանությունները պաշտոնական հայտարարություն տարածեցին, նշելով,  որ հանուն խաղաղության, մարզերի կարգավիճակի հարցում պատրաստ են գնալ կոմպրոմիսի, սակայն  անդրդվելի են մնալու ռուսաց լեզվի հատուկ կարգավիճակի հարցում և պահանջելու են Ռուսաստանի հետ առկա սերտ տնտեսական կապերի պահպանում:

 


Ըստ երևույթին,  Մոսկվան հույս ուներ, որ զինադադարի հաստատումը կմեղմացներ Արևմուտքի դիրքորոշումը,  և հին Եվրոպայի երկրները չեն պաշտպանի Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի որդեգրած անհաշտ քաղաքականությունը, սակայն ՆԱՏՕ-ի գագաթաժողովը և հետագա գործընթացները փաստեցին , որ Ռուսաստանը գտնվում է քաղաքական մեկուսացման մեջ, իսկ տնտեսական պատժամիջոցները մեծ հարված են հասցնում Ռուսաստանի տնտեսության զարգացման հեռանկարին:

 


Բացի այդ,  Մոսկվան ստիպված է հսկայական ֆինանսական միջոցներ տրամադրել 700-800 հազար ուկրաինացի փախստականների կացության համար, որը հավելյալ բեռ է պետբյուջեի վրա:

 


Կարելի է նշել, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովն Օբամայի վարչակազմի կարևոր հաղթանակն էր, Ռուսաստանը վերածվեց հյուսիս-ատլանտյան դաշինքի ռազմավարական հակառակորդի, միջազգային հանրության աչքերում ևս մեկ անգամ ընդգծվեց ՆԱՏՕ-ի կարևորությունը, քանզի առանց այս կազմակերպության և վերջինիս փաստացի առաջնորդ ԱՄՆ-ի աշխարհում չի լուծվում կամ չի կարգավորվում ոչ մի կարևոր քաղաքական խնդիր:  Գագաթաժողովը ևս մեկ անգամ փաստեց ԱՄՆ-ի  աշխարհում առաջին գերտերություն լինելու հանգամանքը և այն, որ աշխարհը հեռու է բազմաբևեռ աշխարհահամակարգի ձևավորման գործընթացից:    


Սարգիս Լևոնյան                                         

 

Նույն շարքից