Հայաստան 

Հայ-իրանական հարաբերությունների հնարավոր զարգացումները

analitik.am

Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ կապի երկու ուղղություններից հարավայինն ուղղակի և անուղղակի փոխկապակցված է համաշխարհային աշխարհաքաղաքական զարգացումների հետ: Հայ-իրանական փոխգործակցության հեռանկարները հազարավոր նուրբ կետերում շփման մեջ են գտնվում գերտերությունների շահերի հետ: Հայաստանի համար դրանց թվում կարևորագույն տեղ ունի էներգետիկ համագործակցությունը, որում, սակայն իրենց հետաքրքրվածություններն ու դժգոհություններն ունեն նաև հարևան ու տարածաշրջանային մյուս խաղացողները: Եթե մեր էներգետիկ հեռանկարային ծրագրերում դեռևս իրականացման փուլում են գտնվում միայն Արաքսի վրա կառուցվող ու կառուցվելիք ՀԷԿ-երը (որոնցից առաջինի կառուցումից հետո պարզվեց, որ կան ֆինանսավորման խնդիրներ), ապա հիմնական խաղացողների «ախորժակն» ավելի մեծ է, այդ թվում և Ռուսաստանինը, ԱՄՆ-ինը, ԵՄ-ինն ու Թուրքիայինը: Նրանց միջև շահերի բախումը շատ հաճախ ազդում է նաև Հայաստանի արտաքին քաղաքական հեռանկարների, այդ թվում և Իրանի հետ առևտրատնտեսական կապերի խորացման վրա:


Ցավոք սրտի, պաշտոնական Երևանի պատշգամբն այս հարցում բացվում է ամերիկյան ու ռուսական ապակեպատ պատուհանից: Վերջին տարիներին Իրանի հարցում առաջացել է ևս մեկ խորը սեպ, որն արհեստականորեն ներազդեցություն է ունենում հայ-իրանական քաղաքական մերձեցման վրա: Հարցը վերաբերում է իսլամական հանրապետության միջուկային ծրագրին, որն էլ իր հերթին լուրջ դիմադրության է արժանանում տարածաշրջանային խաղացող Իսրայելի, ինչպես նաև Արևմտյան աշխարհի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից: Թվում է՝ Հայաստանի համար անցյալում են մնացել դժվարին տարիները, երբ իսլամական հանրապետությունում նախագահում էր Արևմուտքի հետ սառեցման, անգամ կոնֆլիկտի գնալու պատրաստ Մահմուդ Ահմադինեժադը: Հասան Ռոհանիի նախագահությունը մեկնարկեց պատրաստակամությամբ՝ երկխոսելու բոլորի հետ, սակայն դա էապես դեռևս չի ազդել ամերիկյան դիրքորոշման վրա: Տարբեր մակարդակներում շարունակում են հնչել հայտարարություններ, որ Իրանը մնում է նույնն ու բանակցությունների սեղանի շուրջ նստելը չի նշանակում, թե արդեն հարկավոր ու հնարավոր է նրա վրայից հանել տնտեսական պատժամիջոցները:

Ի դեպ, դրան կողմ են արտահայտվում որոշ եվրոպական երկրներ, սակայն ԱՄՆ-ն շրջահայացության կոչ է անում «Հին աշխարհամասի» իր գործընկերներին: Մասնավորապես, ԱՄՆ քաղաքական հարցերով փոխպետքարտուղար Վենդի Շերմանն օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովում իր ելույթում ընդգծեց, որ չնայած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և Գերմանիայի մասնակցությամբ բանակցություններում Իրանի հետ ձեռք են բերվել կառուցողական պայմանավորվածություններին, շտապել համագործակցել ու վերսկսել նախկին գործընկերային քաղաքականությունը պետք չէ:


«Որպեսզի պահպանվի պատժամիջոցների դրական ազդեցությունը, վերջին շրջանում բանակցություններ եմ վարել բազմաթիվ օտարերկրյա ընկերությունների ու ձեռնարկությունների հետ: Այդ թվում ունեցել այցեր Գերմանիա, Ավստրիա, Թուրքիա և Միացյալ Արաբական Էմիրություններ»,- նշել է իր խոսքում Շերմանը:


Իր հերթին Իրանը փորձում է ստեղծված պայմաններում օր առաջ ազատվել պատժամիջոցներից: Այդ ուղղությամբ պաշտոնական Թեհրանն ամեն առիթ օգտագործում է իր շուրջ ստեղծելու վստահության մթնոլորտ ու չեղյալ հայտարարելու նավթի ու գազի արտահանման վրա դրված սահմանափակումները (նշենք, որ վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները կրճատել են իրանական վառելիքի արտահանումը 60 տոկոսով): Կարող ենք մտաբերել դեռևս 2013-ի տարեվերջյան քաղաքական զարգացումներից մեկ դեպք, երբ սուր էին քննարկումները Հայաստան մատակարարվող ռուսական գազի սակագնի շուրջ: Այդ ընթացքում ոչ մեկ անգամ և ոչ անուղղակի, Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմեդ Ռեյիսին հասկացնել տվեց ՀՀ իշխանություններին, որ իրանական գազը հայկական կողմը կարող էր դիտարկել որպես այլընտրանք:


ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը շտապեց հավաստիացնել, որ իրանական գազը թանկ է (400 դոլար և ավելի 1000 խորանարդ մետրի համար) և այլընտրանք դիտարկվել չի կարող: Իր հերթին, Մոհամմեդ Ռեյիսին հասկացնել տվեց, որ սակագնի առումով բանակցել հայկական կողմը չի փորձել, ըստ այդմ՝ շեշտել երրորդ պետությունների համար գործող սակագները, սխալ է: Նման պայմաններում Երևանի ոչ նախանձելի դրությունը պայմանավորված է, ոչ միայն ցանկությամբ՝ չբանակցելու ռազմավարական գլխավոր գործընկեր Ռուսաստանի Դաշնության թիկունքում նման կարևոր հարցի շուրջ, այլև նույն ամերիկյան պատժամիջոցների գործոնով, որը սակայն հիմնականում մոռացության էր մատնվել հարցի լայն քննարկման ընթացքում: Արդյունքում այսօր արդեն սեղանին է գործող ու հաստատված փաստաթուղթ՝ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև գազի ներկրման մասին, որը ենթակա չէ փոփոխությունների մինչև 2043 թվականը:


Վերադառնակով Իրան-Արևեմուտք բանակցությունների ներկայիս փուլին, հարկ է նշել, որ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը փետրվարի 3-ին հայտարարեց, որ կամքի դրսևորման դեպքում, իրանական միջուկային խնդրի շուրջ վերջնական որոշումը կկայացվի գալիք վեց ամիսների ընթացքում, սակայն և նախազգուշացրել են ու սպառնացել ԱՄՆ-ին, որ եթե Կոնգրեսը պատժամիջոցների նոր «չափաբաժինը» սահմանի ընդդեմ Իրանի, ապա իրենք դուրս կգան բանակցային գործընթացից: Վերոշարադրյալ փաստերի ներքո ակնկալել, որ Հայաստանի համար իրանական հիմնահարցի դրական լուծումը կլինի կարճաժամկետ, իհարկե սխալ է, սակայն և հարկավոր է ակտիվորեն աշխատել մասնակից բոլոր կողմերի հետ, հնարավորությունների առավելագույնի սահմանում, որպեսզի պատժամիջոցների հնարավոր չեղյալ հայտարարման պայմաններում, պաշտոնական Երևանն ունենա «ամուր հող» ոտքերի տակ՝ նոր թափով սկսելու տարբեր ոլորտներում բանակցություններն իր հարավային հարևանի հետ: Իսկ «ամուր հողը» Իրանի հետ հարաբերություններում ոչ միայն էներգետիկ նախագծերն են, այլև առևտրատնտեսական շրջանառությունը, համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում և այլն:


Հայ-իրանական շփումների հարցում առանձնահատուկ տեղ ու նշանակություն ունի նաև իրանցի զբոսաշրջիկների մուտքը Հայաստան: Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, նախորդ տարի Հայաստանի մուտքի վիզա ստացած օտարերկրյա քաղաքացիների թվում բացարձակ առավելությամբ առաջին տեղում է Իրանը՝ 81,901: Համեմատության համար հավելենք, որ ԱՄՆ քաղաքացիները, ովքեր երկրորդն են, կազմել են՝ 19,404 :



Գևորգ Ղազարյան

Նույն շարքից