Հայաստան 

Համազգային կոնսոլիդացիա՝ մինչև ապրիլ. Րաֆֆի Հովհաննիսյան

analitik.am

Տևական դադարից հետո «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդես եկավ ազգային տարեկան ուղերձով։ Մինչ ելույթը նա նախկինի պես ձեռքով բարևեց դահլիճում նստածներից շատերին, մի մասին համբուրեց, ապա հայտարարեց, թե նրանց «լիքը կարոտել է և այլևս թույլ չի տալու միմյանց այսքան կարոտել»։

 

Անցնելով բուն ելույթին՝ ՀՀ նախագահի նախկին թեկնածուն հայտարարեց, որ մինչև ապրիլ պետք է համազգային կոնսոլիդացիա ձևավորել, քանի որ ըստ նրա, «միայն միասնությամբ կա հայոց փրկություն»։

 

Ըստ նրա՝ քանի դեռ ուշ չէ, պետք է գործել. «Քանի դեռ ուշ չէ, տակավին չենք մոտեցել վտանգավոր և անթույլատրելի քաղաքացիական պատերազմի շեմին, մենք պետք է այլ համապետական լուծում գտնենք այսօրվա մեր ճգնաժամի լուծման համար: Դրա համար, թույլ տվեք, մի այլ ուղղություն առաջարկել ձեզ, սիրելի ՛ գործընկերներ, վերնագրելով հետևյալ մտքով. մենք միասին պետք է ճեղքենք այս փակ շրջանը։ Լուիս Լամուրն ասել է՝ «կգա ժամանակ և դու կորոշես, որ ամեն ինչ վերջացած է, և դա էլ կլինի սկիզբը»։

 

Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ճիշտ այս օրը՝ փետրվարի 18-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Ըստ նրա՝ փետրվարի 18-ը անցյալի և ապագայի ճգնաժամն է։ «Պատմության համար մեկ տարին ակնթարթ է, բայց բավականաչափ ժամանակ՝ հաշվելու անցյալի ուղին, դասեր քաղելու մեր վրիպակներից և կշռադատելու մեր անելիքը։ Որտե՞ղ սայթաքեցինք, որտե՞ղ է մեր շահածը, ի՞նչ ունենք առաջարկելու հանրությանն ու քաղաքական ուժերին։ Հավաքվել ենք հաշիվ տալու։ Ամենամեծ փառքին արժանանում է ոչ թե նա, ով երբեք չի ընկնում, այլ նա, ով կարողանում է ոտքի կանգնել ընկնելուց հետո: Այդ է ուղով անցել Նելսոն Մանդելան»,-հայտարարեց նա։

 

Րաֆֆի Հովհաննիսյանն ի լուր ամենքի նշեց, որ «Ժառանգությունը» չի լքել մարտադաշտը։ «Սա է «զադնի չկա»-ի հեռահար կանոնը։ Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ անհնար է որևէ կերպ «Ժառանգությանը», «Բարև Երևանին» և մեր գործընկերներին հետ պահել մեր արդար պայքարի ուղուց։ «Ժառանգությունը» միշտ եղել է և այսուհետ կլինի քաղաքացիական հոսանքների, պանծալի երիտասարդների ու ազատամարտիկների կողքին, նրանց կուռ շարքում»,-նշեց նա։

 

«Ժառանգություն» կուսակցության նախագահն անդրադարձավ նաև երկրի առջև ծառացած խնդիրներին և ասաց, թե պետք է հասկանալ՝ ինչպես կասեցնել «սկիզբ առած սրընթաց գահավիժումը և կերտել մեր երազանքների իրականությունը»:

 

«Ապօրինի իշխանությունը մեկուսացնում և վարձակալության է տալիս երկիրը։ Չերչիլն ասում է՝ անհաջողությունը ժամանակավոր է, հանձնվելով՝ դարձնում ենք մշտական։ Այն, ինչ ունենք ներկայում, անցյալ տարվա փետրվարի ապօրինի իշխանության արդյունքն է»,-նշեց նա և ավելացրեց, որ միջազգային հարթակում ՀՀ իշխանությունները մեկուսացրեցին Հայաստանը, որովհետև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գերիշխում է «վասալային, փոխզիջումային գործընթացը»։

 

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ մեկ գիշերվա մեջ գիծ քաշվեց ԵՄ-ի հետ Ասոցացման ծրագրի շրջանակում կատարված տևական աշխատանքի վրա՝ հօգուտ ՄՄ-ի մշուշոտ ապագայի. «Որտեղ, ինչպես պարզվեց, այդքան էլ չէին սպասում: Գոնե Արցախի անկախության հեռանկար լիներ, սա էլ չկա»։

 

ՀՀ նախագահի նախկին թեկնածուն խոսեց նաև «գազային» համաձայնագրերից, այնուհետև՝ «ջրի երես հանված 300 մլն դոլար պարտքից», որը «ստոր միջոց էր ընտրություններին ձայներ գողանալու համար»։

 

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ ներքին անօրինականություններին, որոնք անվանեց «ռեկետ, մասնավորի գրպանը մտնող տուգանքների գանձում»։

 

Այնուհետև պահանջեց ազատ արձակել Շանթ Հարությունյանին. «Շանթ Հարությունյանը վերջին քաղբանտարկյալը չի լինելու: Պահանջում ենք նրա և մյուսների ազատ արձակումը»։

 

Ի գիտություն իշխանությունների՝ «Ժառանգության» առաջնորդը հայտարարեց. «Երկրում աճող քաղաքացիական շարժումները զգուշացնում են՝ վարչակազմի ջանքերը դատապարտված են անհաջողության։ Մենք ոչ մի տեղ չենք գնա, կազատագրենք և ժողովրդին կվերադաձնենք նրա ոտնահարված իրավունքները։ Հայ ժողովուրդը գիտի՝ ինչպես այն անել»,-ասաց նա։

 

«Մեզ արդեն ոչ ոք չի կարող խաբել, մեր խնդիրը ազատ կամարտահայտության համար պայմաններ ապահովելն է։ Թյուր կարծիք է ձևավորվել, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, ոչ՝ հնարավոր է»,-նշեց նա։

 

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ «Այսօր տարբեր ուժեր ու միավորումներ աշխատում են կորցրածը հետ բերել և նոր իրավիճակի ստեղծել։ Շատերն անհնազանդության ալիք բարձրացնելով, ոմանք էլ՝ այլընտրանքային իշխանության ստեղծելու կոչով: Բայց ինչո՞ւ հեռու գնալ. անցյալ ընտրություններին մի մազաչափ հնարավորություն էր պակասում, գոնե ընտրատեղամասերում բոլոր ընդդիմադիրներն իրենց պարտականությունները կատարեին, իհարկե, շատերը կուրծք տվեցին, շատերն էլ տրվեցին գայթակղությանը»։

 

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինչպես առաջ, այսօր էլ ինքը նույն մտքին է, որ պետք է իջեցնել քաղաքական դրոշները. «Դարձյալ հաստատում ենք, որ դա պայքարի արդյունավետ միջոցն է, վստահ եմ՝ իրական քաղաքական ուժերն էլ այդ պայքարի ձևին կհանգեն»։

 

Այնուհետև նա խոսեց մեկ տարվա ընթացքում քաղած 7 դասերից և նշեց, թե երբեք չհանձնվելու։ «Մի հոգու գործ չի, ազգի գործն է, և հաջորդ անգամ ազգովի պատրաստ ենք լինելու։ Ճգնաժամից ազգը կարող է դուրս գալ համազգային կոնսոլիդացիայի պարագայում»,-նշեց նա։

 

«Հրամայական է դարձել մեր ժողովրդի օրինավոր մեծամասնության հետ մեկտեղ իրականացնել Սահմանադրական հեղափոխություն՝ քաղաքական ու քաղաքացիական լայն համագործակցության, հանուն ինքնիշխանության շահի, հանուն մեր սուրբ նահատակների ու մեր երեխաների։ Օդ ու ջրի պես անհրաժեշտ է միացյալ հրապարակի կայացումը,-նշեց նա և եզրափակեց,-արժե ապրել մինչև ապրիլ և հավերժող բյուր գարուններ, միայն միությամբ կա հայոց փրկություն» ։

Նույն շարքից