Բիզնես 

Գազալցակայաններում գնի գոյացումը պետք է ուսումնասիրվի

analitik.am

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը դեկտեմբերի 17-ին գազի գնի և հարակից համաձայնագրերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հետաքրքրվեց՝ Հայաստանում գործող գազալցակայանները ինչպիսի՞ շահույթով են աշխատում, ի՞նչ գնով են ձեռք բերում գազը: 

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ մինչ այժմ Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից նավթամթերքներ չէր ներկրում, քանի որ դրանք թանկ էին: Հիմնականում եվրոպական երկրներից էին գալիս նավթամթերքները, իսկ այսուհետ հնարավոր կլինի ավելի էժան նավթամթերք ներկրել:

«Ժամանակին ադամանդագործությունը լավ զարգացած էր, տարիների ընթացքում մաքսատուրքի պատճառով վերացավ կարծես, հիմա մաքսատուրքը դուրս է գալիս, և այս ոլորտը կսկսի զարգանալ: Մենք այս բանակցությունները ռուսական կողմի հետ սկսել ենք հենց ադամանդագործների խնդրանքով: Իհարկե, մեր նախարարությունը չի զբաղվում դրանով, սակայն տեղյակ ենք, որ շուրջ 5 հազար աշխատատեղի ստեղծման հնարավորություն է դա տալիս, այն էլ՝ շատ կարճ ժամկետներում»,- ասաց նա: 

Մովսիսյանը նշեց, որ գազալցակայաններն ավելի մեծ չափի գազ սպառող են. գազը գնում են 279 դոլարով, սակայն քանի որ իրենց կարգավորման դաշտում չէ, մնացած հաշվարկներին ուղղակի տեղյակ չէ, նրանք նախարարության համար ուղղակի սպառող են: 

Ֆարմանյանը կարծիք հայտնեց, որ, իսկապես, գազը սպառողներին հասցնելու հարցում անհրաժեշտություն կա ուսումնասիրելու՝ ավելացվող ծախսերը որքանո՞վ են արդարացված, արդյոք հնարավո՞ր է ծախսերը նվազեցնել:

«Նույն կերպ մեքենաների լիցքավորման համար գազալցակայաններում գնի գոյացումն արժե ուսումնասիրել. տեսակետ կա, որ այստեղ գերշահույթների հետ գործ ունենք: Քանի որ երեք տարի բանակցություններն ընթացել են, հետաքրքիր է՝ գազի գնագոյացման բանաձևի հաշվարկման հետ կապված ռուսական փաստարկներն ինչպիսի՞ն են եղել, եղե՞լ է տեսակետ, որ ՄՄ անդամակցման քաղաքական որոշման պարագայում կարող է գազի գնի փոփոխություն լինել»,- հետաքրքրվեց պատգամավորը: 

Նախարարը համաձայնեց Ֆարմանյանի տեսակետի հետ, որ գազալցման կայաններում ձևավորվող գների ուսումնասիրման անհրաժեշտություն կա: Նա նաև տեղեկացրեց՝ երբ խոսում էին այդ 30 տոկոսի վերաբերյալ, այն ժամանակ ընդամենը սուբսիդավորման մասին էր խոսքը, այն ժամանակ Մաքսային միության մասին խոսք չկար: Դրանից հետո առաջացավ ՄՄ խնդիրը, և բանակցություններում այն դեր չի խաղացել: 

ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Կարինե Աճեմյանը, դիմելով նախարարին, ասաց, որ գազի որակից մարզերի բնակիչներն են հիմնականում բողոքում: Նա նախարարին խնդրեց տեղեկացնել, որ ՌԴ-ից ստացվող գազը հումք է, որը չի մշակվում: «Խնդրելու եմ որակին անդրադառնաք. արդյոք այս մասին բանակցե՞լ եք, ինչպե՞ս է վերահսկվում որակը»,- հարցրեց նա: Նախարարը նշեց, որ այդ գազն ուղղակի հումք չի կարող լինել, այն անպայման մշակվում է, հակառակ պարագայում՝ դրանում նյութեր կան, որ թունավորում կառաջացնեն շրջապատում: Իսկ որակական տվյալների մասին պայմանագրում նշված է՝ ինչպիսի բաղադրությամբ գազ կարող է մտնել Հայաստան: «Անընդհատ նման որակի գազ ստանալն անհնար է. մենք բոլորին հնարավորություն տվեցինք ձեռք բերել սարքավորումներ, վերահսկել որակը»,- ասաց նա:

Նույն շարքից