Հայաստան 

ՀՀԿ-ն ընդդիմախոսներին առաջարկում է չշտապել ենթադրություններում

analitik.am

«Շրջանառության հարկի մասին» օրենքը կբերի ՓՄՁ-ների փակմանը հերթական ալիքը, ինչն էլ ավելի է խթանելու արտագաղթը. այս համոզման է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

ԱԺ ճեպազրույցների ժամին պատգամավորին հիշեցրեցին, որ նույն օրենքին ԲՀԿ-ն հունիսի 20-ին կողմ է քվեարկել, մյուս ուժերը ձեռնպահ են եղել, և միայն «Ժառանգությունն» է դեմ եղել, և այսօր ո՞րն է տրամաբանությունը, որ ԲՀԿ-ն իր քվեարկած օրենքին դեմ է քվեարկել, Միքայել Մելքումյանը պատասխանեց, թե իրենք չէին կարող շահութահարկի իջեցմանը դեմ լինել.
«Պայմանով ենք կողմ քվեարկել, որ եթե երկրորդ ընթերցման ժամանակ չփոխվի, մենք կողմ չենք լինի, և այդպես էլ արել ենք, երկրորդ ընթերցման ժամանակ դրան կից այլ նախաձեռնություններն էլ ենք բոյկոտել»,-ասաց նա:

 

ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ օրենքի այս տարբերակով, այնուամենայնիվ, հնարավորություն է ստեղծվում, որ հարկային տեսչության աշխատակիցն ամեն օր գնա փոքր բիզնեսի ներկայացուցչի մոտ և պահանջի փաստաթղթեր: «Տեսե՛ք նպատակը որն է, դու փաթեթավորում ես, փաթեթավորման արդյունքում պետք է շրջանառությունը մեծանա, բնականաբար նաև հարկերը պետք է մեծանան. ուստի մենք կարծում ենք, որ եթե կան հանրային լուրջ դժգոհություններ, պետք չէ այդ կերպ անել, մենք դեմ չենք, որ ստվերը կրճատվի, բայց ոչ այս ձևով, որը պիտի տանի փոքրերի փակմանը։ Էն որ անցած երեք տարիների ընթացքում 9500 փոքր մանրածախ օբյեկտ է փակվել, նորից շարունակվի։ Սա նորմալ չէ»,-ասաց նա:

 

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ընդգծեց, որ Կառավարությունը հասարակությունից եկող բոլոր առաջարկները մերժվում է։ Ըստ նրա՝ Կառավարության հետ մեկ անգամ հանդիպելով, երբ ստացան պատասխան, թե մեկ օր ժամանակ տվեք, թվաց, թե զգում են իրավիճակը, որը կարող է զարգանալ շատ արագ, սակայն կրկին այն մերժվեց։ «Ես երեկ կոնկրետ հարց եմ տվել, թե դուք գիտե՞ք, որ սրա արդյունքում փակվելու են ՓՄՁ-ներ, պատասխանն ուղիղ էր՝ այո։ Իրենք հասկանում են, որ ՓՄՁ-ներ են փակվելու, այդքան ընտանիք զրկվելու է իր հաց վաստակելու իրավունքից, մի մասն էլ արտագաղթելու է։ Թևան Պողոսյանը հարցրեց՝ հաշվե՞լ եք, թե սրա արդյունքում քանի մարդ է արտագաղթելու, ասացին չէ, չենք հաշվել, բայց ռեալ է։ Երկու վատ հետևանք կա, մեկը՝ ՓՄՁ-ի ոչնչացում, և նաև մի մասը կարտագաղթի»,-ասաց նա։

 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, թե ի սկզբանե այս օրենքի հիմքում ընկած է ոչ թե ստվերում գտնվող գործարարների դուրս հանելը, այլ հիմնականում մանր ու միջինին բիզնեսով զբաղվողների դեմ է։ «Իհարկե, ստվերից դուրս բերելու օրենքներից մեկը հենց սա է, բայց սա միայն մանր ու միջին բիզնեսի դեմ է, իսկ ավելի լիարժեք պայման է ստեղծում խոշորների համար, ինչը լավ հասկանում են ՓՄՁ-ների ներկայացուցիչները»,-ասաց նա։

Անդրադառնալով դեմ հանդիսացող քաղաքական ուժերին, ովքեր ժամանակին կողմ են քվեարկել՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ հնարավոր է, որ նույնիսկ կողմ քվեարկած լինեն, բայց հետագայում տեսնելով, որ սխալ կա, հիմա են շտկում։ «Այսինքն՝ դա դոգմա չէ, և տրամաբանական է, որ հիմա են նկատում, բայց ցավոք իշխանությունները չեն անդրադառնում դրան»,-ասաց նա։

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է, որ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քվեարկության ժամանակ ընդդիմության մեծ մասը ձեռնպահ է քվեարկել, ԲՀԿ-ն՝ կողմ, իսկ հիմա ստիպված են հանդես գալ օրենքի դեմ, նշեց, որ այդ օրենքի քննարկման ժամանակ խորհրդարանում խոսվել է օրենքի գործարկման արդյունքում հնարավոր խնդիրների մասին:

«Մենք ձեռնպահ ենք քվեարկել այդ օրենքին` մատնանշելով այն պրոբլեմները, որոնք առաջանալու են: Բայց մեր իրականության մեջ միշտ հասնում է վերջին օրը, վերջին սահմանը, կամ գիտակցելով, կամ ուղղորդելով՝ սկսում են դժգոհել, բողոքել»,- նշեց պատգամավորը և հավելեց, թե հարկի նվազեցումը 3,5 տոկոսից 1 տոկոսի՝ ակնհայտորեն դրական քայլ է, սակայն դրան զուգահեռ ստեղծվում են լծակներ, որոնք բացասական հետևանքներ են առաջ բերում ՓՄՁ-ների համար:

Նա նշեց, որ Կառավարության հետ խորհրդակցությունից հետո հասկացել են, որ դեմ են որևէ բան փոխելուն, ապա Կառավարությունը կեսօրից հետո մի քանի օր ժամանակ է խնդրել ու խոստացել, որ պատասխան կտա: «Պետք է օպերատիվ լուծումներ գտնել, այլ ոչ թե փորձել մաշեցնել հարցը: Այս հարցը մաշվեց, մյուս հարցն է առաջանալու»,- ասաց Աղվան Վարդանյանը:

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ՓՄՁ-ները արդարացի են դժգոհում։ Նա տեղեկացրեց, որ երեկվա հանդիպման ժամանակ ֆինանսների նախարարին առաջարկ է ներկայացրել, որ հարցը կասեցվի, մինչև հարցի լուծումը գտնեն, կամ էլ քննարկվի և տրվի իրավական բավարար փաստաթղթային երաշխիքներ, ինչպես նաև ստեղծել աշխատանքային խումբ և որևէ ստուգում մինչ այդ չիրականցվի. առաջարկն ընդունվել է։

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ աղմուկը ուղղորդողներ կան, իսկ դժգոհողների մեծ մասը ինֆորմացիայի պակաս ունի։ Նա նշեց, թե երեկ ՓՄՁ ներկայացուցիչների հարցով մի պատգամավոր մռայլ և տխուր դեմքով մոտեցել և իրեն ասել է, թե գիտե՞ք ինչ է կատարվում Դեմիրճյան մուտքում։ «Ասաց՝ եկել են ծաղիկ վաճառողները, վարունգ, լոլիկ վաճառողները, սարերից բույս հավաքողները և ասում են՝ ասացեք խնդրեմ՝ ո՞նց պետք է սրանք փաստաթղթավորեմ։ Ցավում եմ, որ ԱԺ պատգամավորն առանց օրենքին ծանոթանալու, մեծ աղմուկ է բարձրացնում։ Ասում եմ՝ եղբա՛յր, նրանք պաշտպանված են. գյումթերքը փաստթղթավորումից ազատված է օրենքով։ Դիմում եմ ֆինանսների նախարարությանը, որ ինֆորմացիայի պակաս կա և պետք է իրազեկել, որ մարդիկ իմանան՝ ինչու են գալիս հասնում Դեմիրճյանի մոտ և նրանց բերողներին էլ իրազեկեք։ Այնտեղ քանակ ներկայացնելու համար չէ, եթե կա դժգոհ մասսա, թող այդ դժգոհ մասսան գա»,-նշեց նա։

Նա նշեց, որ պետք չէ ենթադրություններ անել, թե ինչ կլինի օրենքը ուժի մեջ չմտած։ «Եթե-ներից խուսափելու համար ասում ենք՝ թող մտնի, կաշխատի, կտեսենք։ Եթե կան խնդիրներ, եթե կլինեն ձախողումներ, մենք թույլ չենք տա հարցն ուրիշները բարձրացնեն։ Բայց օրենքն առանց աշխատելու՝ ենթադրություն չանենք»,-եզրափակեց նա։

Նույն շարքից