Հայաստան 

Ինչո՞ւ է Արարատի մարզին ավելի շատ գումար հատկացվում. Արամ Մանուկյան

analitik.am

Պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Ֆինանսների փոխնախարարին հարցրեց, թե ինչու են որոշել Արարատի մարզին հանրակրթական դպրոցներում սոցիալապես անապահով երեխաների համար սննդի հատկացման և դասագրքերի վարձավճարների փոխհատուցման համար ավելի շատ գումար փոխանցվել, քան մյուս մարզերին միասին վերցրած: Մանուկյանը հարցերց, թե արդյո՞ք դա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ կապ ունի:

«Արարատի մարզը երկու փոխհատուցման դեպքում էլ առաջին տեղում է, այն դեպքում, երբ Արարատի մարզն իր աշակերտների թվով յոթերորդն է Հայաստանում: Եթե ձեր Կառավարությունը գնում է հավասարեցման քաղաքականությամբ, ապա ինչո՞ւ Արարատի մարզում սոցիալապես անապահով ընտանիքների դասագրքերի վարձավճարների փոխհատուցումը փոխհատուցում 10,5 մլն դրամ է կազմում, որը 10 մարզերի մեջ առաջին տեղում է: Հովիկ Աբրահամյանի գործոնն այստեղ կա՞, թե՞ ոչ»,-ասաց նա և անցավ սննդի թեմային:

«Սնունդ ստանալու է երեք մարզ՝ Արարատ, Սյունիք, Վայոց ձոր, ընդ որում՝ միայն Արարատի մարզի դպրոցական սննդի համար հատկացված է 330 մլն դրամ, այն դեպքում, երբ մնացած բոլոր մարզերի գումարը միասին կազմում է 250 մլն դրամ: Սա ի՞նչ քաղաքականություն է, թվերը կարևոր չէ»,- հարցրեց պատգամավորը և հավելեց թե թվերը շատ խոսուն են, որոնք մեջբերում է բյուջեից:

«Ինչ եք ուզում ասել»,- զարմացավ փոխնախարարը և խնդրեց հստակեցնել, թե ինչ նկատի ունի պատգամավորը հավասարաչափ ասելով: «Ես կարող եմ ասել, որ կան ծրագրեր, որոնք իրականացվում են հավասար չէ, բայց հավասարաչափ: Օրինակ՝ ֆինանսավորում ենք աշակերտների թվի սկզբունքով և մարզերի միջև տարբերություն չկա»,- ասաց նա և նշեց թե ներկայացված թվերն իրականությանը չեն համապատասխանում:

Փոխնախարարը նշեց, թե սննդի ծրագիրը երկար պատմություն ունի։ Արամ Մանուկայնը խնդրեց փոխնախարարին առանց որևէ հեգնանքի պատասխանել և կրկին մեջբերեց թվերը: «Արարատի մազում հավասարաչափի մասին խոսք լինել չի կարող, քանի որ այն մարզերի մեջ ո՛չ ամենից անապահովն է, ո՛չ էլ քանական առումով ամենից շատ աշակերտն ունի: Հստակ է հարցս՝ Հովիկ Աբրահամյանի գործոնը կա՞, թե՞ չկա: Ասեք չկա ու պրծեք»,- նշեց Արամ Մանուկյանը: 
Փոխնախարարը պատասխանեց. «Չկա»։ Եվ հավատացրեց, որ ինքը հարցին լուրջ է վերաբերվում: «Ես ասացի, որ Արարատի շրջանում գումարների տարբերությունը պայմանավորված է աշակերտների թվով: Արարատի մարզում 14 062 աշակերտի թվով է պլանավորված, Սյունիքում 6097 և Վայոց ձորում՝ 2583: Այս ծրագիրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ որևէ առնչություն չունի»,-ասաց նա:

Արամ Մանուկյանն արձագանքեց. «Շատ լավ, դիտարկենք, որպես ամենաանապահով սոցիալական մարզը՝ Շիրակը հանած»: «Ո՛չ, պարո՛ն Մանուկյան, սա պիլոտային ծրագիր է և ընդգրկելու է նաև մյուս մարզերը, ուղղակի հաջորդականությունն այսպես է նախատեսված»,-պատասխանեց փոխնախարարը:

Դասագրքերի հարցով էլ փոխնախարարն ասաց, որ բոլոր մարզերի 5-12–րդ դասարանների աշակերտների թիվը կփոխանցի, և պատգամավորը կտեսնի, որ Արարատի մարզում աշակերտների թիվն ավելի շատ է:

Արամ Մանուկյանը տեղից կրկին արձագանքեց, թե ստիպված է տեղեկացնել, որ փոխնախարարը ներկայացնում է ծրագրով նախատեսված աշակերտների թիվը, մինչդեռ ինքը բերում է ընդհանուր աշակերտների թիվը, իսկ այդ ընդհանուր թվով Արարատը առաջին տեղում չէ: 

Նույն շարքից