Հայաստան 

2015-ին թվայնացումը կավարտվի, Գագիկ Բեգլարյանը հորդորում է ազատվել անալոգային հեռուստացույցներից

analitik.am

2015թ-ի հուլիսից ՀՀ-ում գործող բոլոր հեռուստաընկերությունները պետք է անցնեն թվային հեռարձակման: Այսօր Տրանսպորտի ու կապի նախարարությունում հրավիրված քննարկմանը հայտարարեց նախարար Գագիկ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ այդ է պահանջում Հեռահաղորդակցության միջազգային միության որոշումը, որի անդամ է նաև Հայաստանը:

«Շուրջ կես տարի թվային հեռահաղորդմանը զուգահեռ կհեռարձակվի նաև անալոգային տարբերակը, որպեսզի բոլոր այն քաղաքացիները, որոնք չեն հասցրել ձեռք բերել անհրաժեշտ սարքերն ու համապատասխան հեռուստացույցները, հասցնեն վերազինվել»,-ասաց նա:

Նախարարը հորդորեց բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են հեռուստացույց գնել, պարզել, թե արդյո՞ք այն համապատասխանում է թվային հեռարձակման պահանջներին: Tert.am-ի հարցին, թե արդյո՞ք կարելի է ասել, որ 2015թ-ի վերջին հին հեռուստացույցները քաղաքացիները պետք է դեն շպրտեն, նախարարը պատասխանեց. «Դրանց մի մասը այո»:

Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ծրագրի ամբողջական արժեքը կազմում է 6 միլիարդ 922 միլիոն դրամ, որից ավելի քան 1 միլիարդ դրամ հարկերի ու տուրքերի ձևով վերադարձվելու է պետական բյուջե:

««Էրիքսոն» կազմակերպության կողմից արդեն գնվել է պայմանագրով նախատեսված սարքավորումների 100%-ը: Առաքված սարքավորումները մաքսազերծվել են և համապատասխան խմբաքանակով ուղարկվել մարզային կայաններ»,-ասաց նա:

Նախարար Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ Հայաստանում ընտրվել է հեռուստահեռարձակման թվայնացման սոցիալական ուղղվածություն:

«Մայրաքաղաքում և մերձակա բնակավայրերում նախատեսվել և իրականացվում է թվային 18, իսկ մարզերում 9 հեռուստածրագրերի անվճար հեռարձակում: Մայրաքաղաքի բնակիչների սոցիալական փաթեթում ընդգրկված են ներկայումս հեռարձակվող բոլոր հեռուստածրագրերը, իսկ մարզային բնակավայրերում անվճար հեռարձակվող ծրագրերը կրկնապատկվել են»,- ասաց նա:

Հարցին, թե պետության հաշվին քանի սարք է տրամադրվելու մարդկանց, նախարարը պատասխանեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում գրանցված սոցիալապես անապահովներին, որոնք շուրջ 130 հազ. են:

«Այսինքն` այդ մարդկանցից քանիսը կդիմի, այդքանն էլ կստանա: Բայց չեմ կարծում, թե 130 հազարն էլ կդիմի»,- ասաց նախարարը:

Tert.am-ի հարցին, թե ի վերջո, ի՞նչ արժե այդ սարքը և քանի՞ հեռուստացույցի կարող է ծառայել, Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) փակ բաժնետիրական ընկերության ղեկավար Գրիգոր Ամարյանը պատասխանեց, որ գները կախված տրված հնարավորություններից տատանվում են 20-100 դոլարի սահմաններում:

«Ինչ վերաբերում է հարցին, թե քանի հեռուստացույցի այն կարելի է միացնել, ապա ասեմ, որ նախատեսված է մեկի համար, թեև կարելի է մի քանիսի միացնել, բայց դրանք ցույց կտան նույն ալիքը»,-ասաց նա:

Աշտարակ քաղաքում արդեն սկսվել է փորձնական թվային հեռուստահեռարձակումը։

Նույն շարքից