Հայաստան 

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքի այս տարբերակը շատ լավն է. Կ. Աճեմյան

analitik.am

Ըստ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագծի փոփոխված տարբերակը այլևս չի կարող խնդիր առաջացնել որևէ հղի կնոջ համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերջինս նշեց, որ օրենքի նախորդ տարբերակում ինքը ևս համարում էր շատ են վիճահարույց կետերը:

«Օրենքի նախորդ տարբերակի առաջին դժգոհողներից մեկն եմ եղել: Չէր կարելի թույլ տալ, որ հղի կանայք գային, հասնեին ԱԺ-ի մոտ ու բողոքեին: Բայց ներկայիս տարբերակը, կարծում եմ, շատ լավն է, և այն, որ պետությունը սահմանել է վերին շեմ, փորձում է խուսափել չարաշահումներից»,-ասաց նա և ավելացրեց, որ մեկ միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացող կանանց մայրության նպաստը, համաձայն օրենքի, պետությունն ամբողջությամբ չի փոխհատուցելու:

Պատգամավորի հետ չհամաձայնեց «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Շողեր Բաբայանը՝ նշելով պետությունը իրավունք չուներ վերին շեմ սահմանելու և եթե այսօր կազմում է մեկ միլիոն, ապա վաղը կարող է դառնալ 500 հազ. դրամ, ինչը շատ հեշտ է:

«Իրականում ես հաշվարկել եմ ու եկել այն եզրակացության, որ գործատուի համար ընդհանրապես ձեռնտու չէ հանցավոր համաձայնությամբ մեկ միլիոնից ավելի դրամ աշխատավարձով կանանց գրանցել ծննդաբերությունից մի երկու ամիս առաջ, վճարել նրա համար բարձր հարկեր, քանի որ հետագայում պետությունից ստացվող գումարները զրոյացնելու են իր վճարած գումարները: Արդյունքում գործատուն ոչինչ չի շահում»,-ասաց նա և ընդգծեց, որ իրականում չարաշահումները ոչ թե մասնավոր, այլ պետական սեկտորում են:

Ասվածի հետ չհամաձայնեց Կարինե Աճեմյանը՝ ընդգծելով, որ իր արած հաշվարկները սխալ են և որ պետական բյուջեից անիմաստ գումարներ են դուրս գալիս հենց մասնավոր գործատուների կողմից գրված բարձր աշխատավարձերի պատճառով:

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստները վերջին տարիներին կտրուկ աճել են, բայց փոխարենը չի աճել ծնելիությունը: Սա խոսում է այն մասին, որ տեղի են ունենում չարաշահումներ, ինչը պետք է կանխենք»,-ասաց նա:

Շաղեր Բաբայանն էլ ընդգծեց, որ վերջին տարիներին նվազագույն աշխատավարձը բարձրացել է 2.5 անգամ, ինչն էլ պատճառ է, որ նպաստների համար պետությունից դուրս գրվող գումարները ևս աճեն: Բացի այդ, Շողեր Բաբայանն ընդգծեց, որ Կառավարությունը օրենքը հանրային ոլորտի ներկայացուցիչների հետ չի քննարկել:

Նույն շարքից