Հայաստան 

Այդ ո՞նց է տնտեսական աճը աճելով պակասում 1.1 տոկոսով. Հրանտ Բագրատյան

analitik.am

ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին անդամակցության քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, թեև 44 հարց ուներ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին, սակայն տվեց միայն չորսը:

Նախ նա նկատեց, թե Կարայանի ելույթի որոշ բաներ տնտեսագիտության հետ կապ չունեն:

«Ասացիք, որ ԵՏՄ-ին միանալը տնտեսական աճ կտա՝ լրացուցիչ 1.2-2 տոկոս, ճի՞շտ է։ Այսինքն՝ ինչքան աճի, երկու տոկոս ավել կաճի: Այս մասին, օրինակ դուք, կառավարությունում ասե՞լ եք: Կառավարությունը մեկ տարի առաջ ներկայացրել է բյուջե և 2014թ.-ին տվել էր 5.2 տոկոս աճ, նույն կառավարությունը տվել է 4.1 տոկոս՝ 2015թ.-ի համար: Այդ ո՞նց է աճելով պակասում 1.1 տոկոս: Սա մեկ հարց։ Մենք պետք է զգույշ լինենք, և ճիշտը ասեք»,-ասաց նա:

 

Բագրատյանը փոխնախարարին հարցրեց, թե երբ վերջինս ԵՏՄ-ն բնութագրում է որպես կայուն տնտեսական տարածք, ծանո՞թ է «կայուն տնտեսական տարածք» հասկացությանը։

«Դա խստորեն այսօր սահմանված է: Խոսում ենք մի բանի մասին, որը չափելի է մաթեմատիկորեն»,-ասաց նա և ապա հարցրեց, թե նշված առավելություններն ի՞նչ մեթոդներով են հաշվել։

Վերջին հարցը վերաբերում էր այն պնդմանը, թե ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանում կներդնեն ավելի շատ, քանի որ այլևս ներկայացնում ենք 180 միլիոնանոց շուկա: «Իհարկե, մի կողմից դուք ճիշտ եք, մյուս կողմից էլ դա նշանակում է, թե ի՞նչ կարիք կա ընդհանրապես այդ դեպքում Հայաստանում ներդնել: Այսինքն ինչպե՞ս եք դուք ապացուցում և հիմնավորում, որ մտնելով ԵՏՄ՝ մենք նոր ներդրումներ կստանանք, այլ ոչ թե տեղի կունենա հակառակը՝ կկորցնենք բոլոր ներդրումները», - հարցրեց Բագրատյանը:

 

Սուրեն Կարայանն առաջին հարցին ի պատասխան նշեց, որ 2015 թ. պետական բյուջեի նախագծի մասով ներկայացված է 4.1 տոկոս տնտեսական աճ, իսկ ՀՀ-ի տնտեսությունը, միանալով ԵՏՄ-ին, կունենա լրացուցիչ ՀՆԱ-ի աճ՝ 1.2-2.5 տոկոսի չափով, և արդյունքներն արդեն առավել շոշափելի կարող են լինեն 2016 թ.-ից:

 

Ինչ վերաբերում է «կայուն տնտեսական տարածք» հասկացությանը, ապա Կարայանն ուղղեց, որ ինքն ընդամենն ասել է, որ Հայաստանի համար հնարավորություն է ստեղծվում ունենալ կայուն տնտեսական աճ և հավելեց, որ մի քանի մեթոդով են հաշվարկներ արել:

Ներդրումների հարցով էլ փոխնախարարը մանրամասնեց, որ այսօր 3 միլիոնանոց շուկան միանալով ԵՏՄ-ին՝ կդառնա 170 միլիոնանոց շուկա, իսկ ԵՏՄ-ի անդամների համեմատ ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման գործակիցներն ավելի լավն են, և Հայաստանը գտնվում է ավելի լավ դիրքերում, քան մեր մյուս գործընկերները:

Նույն շարքից