Հայաստան 

Երբ մեկին դիմում ես, մտածում են` գնացել ես փող խնդրելու. Հրանտ Խաչատրյան

analitik.am

Ամբողջ աշխարհն այսօր շարժվում է տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ և չնայած նրան, որ Հայաստանը նույնպես դրսում ճանաչելի է որպես բարձր տեխնոլոգիական երկիր, սակայն այստեղ, երկրի տեխնոլոգիական ընդհանուր բարելավման և ոլորտի զարգացման ուղղությամբ, տեղի ներդրողների կողմից ոչինչ չի արվում:

«Սայմոտեկ» ընկերությունը, որը զբաղվում է ավտոմատիկայի, էլեկտրոտեխնիկայի, մասնավորապես, ռոբոտատեխնիկայի, հեռակառավարման զարգացմամբ և արտադրությամբ, հնարավորություն է տալիս ուսանողներին ռոբոտատեխնիկայում լուծելու համալիր խնդիրներ:

Ինչպես Analitik.am-ի հետ զրույցում նշեց ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը, ով մեծ քաղաքականությունից դուրս գալուց հետո աշխատում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում, իրենց արտադրատեսակների նկատմամբ բավականին մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես արտասահմանցիները: Խոսելով ոլորտի խնդիրներից ու բացերից, պարոն Խաչատրյանը նշեց գոյություն ունեցող հիմնական խոչընդոտները. «Ոլորտը Հայաստանում զգալի առաջընթաց ունեցող ոլորտներից է, բայց, ցավոք, զարգացում չի ապրում: Առկա է շուկայի խնդիրը: Հայաստանում դժվար է սեփական ուժերով հասնել ինչ-որ հաջողության կամ դուրս գալ մեծ շուկա: Երբ ուսումնասիրում ենք ուրիշ երկրների փորձը, տեսնում ենք, որ առաջին փուլում 5 հազար դոլար ներդրում պետք է ունենալ, երկրորդ փուլում` 20 հազար, երրորդում` 1 մլն:

Հայաստանում բարեգործական կազմակերպությունները բացակայում են: Երբ մեկին այդ հարցով դիմում ես, այն տպավորությունն է, թե գնացել ես նրանից փող խնդրելու»,-ասաց զրուցակիցս` հավելելով, որ Հայաստանի ներքին խնդիրները անդրադառնում են նաև Հայաստանի բիզնեսի վրա:

Ըստ նրա` առկա է նաև օրենսդրական խնդիրը.«Ուրիշ երկրներում ներդրումների համար կան արտոնություններ, իսկ Հայաստանում միայն միջազգային դրամաշնորհներ են...Ինչքան վերև ենք գնում, էնքան ավելի նեղանում ենք»,- նկատեց Խաչատրյանը` հավաստիացնելով, որ Հայաստանի բարեգործների աշխարհայացքը շատ նեղ է « բայց պետք է հասկանալ, որ բիզնեսը զարգացնելու համար ներդրումներ են անհրաժեշտ»:

Հայաստանը, որը անկախության տարիներին հայտնի էր, որպես բարձր տեխնոլոգիական լուրջ երկիր, իր պոտենցիալով զիջում էր միայն Եվրոպային: Տեխնիկայի բնագավառում մոտ մի քանի հազարից ավելի մասնագետ ուներ Հայաստանը: Հայաստանը նախագծում ու արտադրում էր Խորհրդային միության ռազմական էլեկտրոնիկայի 1/3-ը: Իսկ այսօր այն անտեսված է պետության կողմից: Հրանտ Խաչատրյանը համոզված է, որ ներդրում անողները, ավելի շատ օգտվելու են, քան կորցնելու, ուստի շուկայի խնդիրը լուծելու համար, կարող ենք հասնել մեծ հաջողությունների:

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից