Բիզնես 

Հայաստանն ու Չեխիան ամրապնդում են կապերը տուրիզմի, քաղավիացիայի, էներգետիկայի ոլորտներում

analitik.am

Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովը քննարկել է 17 ոլորտներում հնարավոր համագործակցության ծրագրերը ու վավերացրել դրանք արձանագրությամբ: Այս մասին հանձնաժողովի առաջին նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը: «Քննարկումների ընթացքում խոսեցինք հետագա համագործակցության հնարավորությունների մասին շուրջ 17 ոլորտներում, այդ թվում` էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության և գիտության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արտակարգ իրավիճակների, տարածաշրջանային համագործակցության, երիտասարդության հարցրերի և այլ ոլորտներում: Չեխիայի մարզերից մեկը համագործակցության ավանդույթներ ունի Վայոց ձորի հետ, խոսվեց այլ մարզերի միջև նման ձևաչափով համագործակցության մասին ևս»,-ասաց Գարեգին Մելքոնյանը:

Հարցին ի պատասխան, թե համագործակցության ինչ օրինակներ կտեսնենք առաջիկայում երկու երկրների միջև, Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարթլը հայտնեց, որ մեծ ներուժ կա և պահանջարկ էներգետիկայի ասպարեզում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շատ հետաքրքրական առաջարկներ է ներկայացնում, որը կարող է առևտրաշրջանառությունն ավելացնելու հնարավորություն ընձեռել: Քաղաքացիական ավիացիան կարող է հանդես գալ մի ոլորտ, որտեղ մենք շեշտադրումներն ավելի ցայտուն կդարձնեք»,- ասաց չեխ պաշտոնյան:


Գարեգին Մելքոնյանի խոսքով` քննարկվել են տուրիզմի ոլորտում հետագա ծրագրերը: «Հատկապես գյուղական, մշակութային, առողջարանային տուրիզմի ոլորտներում երկուստեք հատուկ պետք է ուշադրություն դարձվի, քանի որ երկու կողմերում էլ կա ներուժ: Փորձի փոխանակումն ու համատեղ աշխատանքը կարող է լավ արդյունք տալ: Տեղեկատվական տեխնոլոգիաների մասով կարող եմ ասել, որ ոլորտը հանդիսանում է դինամիկ զարգացող Հայաստանում, ներկայացվեցին Հայաստանի հնարավորություններն ու իրավիճակը, կա որոշում, որ հետագայում համատեղ աշխատանքի հիմք դրվի: Մի քանի ոլորտներում աշխատանքային խմբեր ստեղծելու պայմանավորավածություն է ձեռք բերվել, շարունակել համագործակցությունը այդ մակարդակով:

Ավիացիայի ոլորտում փոքր փոխադրող ինքնաթիռների ու ուղղաթիռների մասով Չեխիան ունի հնարավորություն, իսկ Հայաստանը, այդ առումով, ներքին տուրիզմի, ներքին ուղևորափոխադրաման առումով կարող է լավ գործընկեր ձեռք բերել»,-փաստեց էկոնոմիկայի փոխնախարարը:

 

Անդրադառնալով հարցին, որ Հայաստանի ու Չեխիայի միջև առևտրաշրջանառությունը տարեկան կազմում է ոչ ավելի, քան 30 հազար դոլար, երկու կողմերի պաշտոնյաներն էլ նշեցին, որ այդ արդյունքները գոհացուցիչ չեն` հույս հայտնելով, որ հետագայում նկատելի աճ կգրանցվի Հայաստան-Չեխիա առևտրաշրջանառության ցուցանիշներում:

Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել Չեխիայի Հանրապետության պետական և մասնավոր հատվածի 30 ներկայացուցիչ:

Նույն շարքից