Հայաստան 

Եվրանեսթը էական կշիռ է հաղորդում խորհրդարանական դիվանագիտությանը. Գալուստ Սահակյան

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի խոսքը Եվրանեսթ ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստի մասնակիցներին



«Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ,



Հարգարժան խորհրդարանականներ,



Հարգելի հյուրեր,



Ողջունում եմ ներկաներին և շնորհակալություն հայտնում` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստին մասնակցելու համար: Սա արդեն երկրորդ միջոցառումն է, որը մենք հյուրընկալում ենք Հայաստանում Եվրանեսթի շրջանակներում:



Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը եզակի նախաձեռնություն է, որը կյանքի կոչվեց բոլորիս կատարած աշխատանքի և հետևողական լինելու շնորհիվ: Սա վառ ապացուց է, որ մեր համատեղ ջանքերը տալիս են շոշափելի արդյունքներ:



Լինելով Արևելյան գործընկերության քաղաքականության իրականացման խորհրդարանական հարթակ՝ Եվրանեսթը նպաստում է ԵՄ-ի և արևելյան գործընկերների բազմակողմ սերտ համագործակցության համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, ինչը բաժանարար գծերի ստեղծումից խուսափելու լավագույն գրավականն է: Այս վեհաժողովը պետք է դիտարկել որպես Եվրամիության և արևելյան գործընկերների միջև բազմակողմ համագործակցության ընդլայնման կարևոր հարթակ, այլ ոչ թե զուտ Եվրամիության հետ երկկողմ փոխգործակցության գործիք:



Եվրանեսթը էական կշիռ է հաղորդում մեր միջազգային կապերին և խորհրդարանական դիվանագիտությանը` լրացուցիչ խթան հանդիսանալով խորհրդարանականների և մեր հասարակությունների միջև շփումների ակտիվացման համար:



Արդյոք այս հարթակը կնպաստի մասնակից պետությունների միջև համագործակցության ընդլայնմանը թե ոչ, կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես կoգտագործվի վեհաժողովի առանձնաշնորհները: Կարևոր եմ համարում պահպանել համագործակցության ոգին և կենտրոնանալ ԵՄ-ի և մեզ համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են միջանձնյա հասարակությունների միջև շփումների ընդլայնումը, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդումը, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հանդուրժողական հասարակության ձևավորումը և ներդաշնակ համակեցությունը: Կարծում եմ դրանք պետք է լինեն մեր ընդհանուր քաղաքական օրակարգում, այլ ոչ այն հարցերը, որոնք կարող են Եվրանեսթը դարձնել ոչ կառուցողական վիճաբանության ամբիոն: Ուստի եկեք պատասխանատվություն ցուցաբերենք և առավելագույն օգուտ քաղենք այս վեհաժողովից:



Հարգելի գործընկերներ,



Կրկին անգամ ողջունում եմ Ձեզ Հայաստանում և հաջողություն մաղթում Վեհաժողովի աշխատանքներին: Վստահ եմ, որ այն իր կարևոր դերը կունենա Արևելյան գործընկերության նպատակների իրականացման և Եվրանեսթի գաղափարների կենսագործման հարցում:



Շնորհակալություն»:

Նույն շարքից