Վերլուծական Տնտեսություն 

Ավելացել են անշարժ գույքի օտարման գործարքները

analitik.am

 

 

Անշարժ գույքի շուկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանրապետությունում 2000թ-ից անշարժ գույքի քաղաքացիական շրջանառության գործընթացի ակտիվացման վրա շարունակում են էական ազդեցություն ունենալ.


• քաղաքաշինական և ներդրումային ծրագրերի իրականացումը


• օրենսդրական դաշտի կատարելագործումը


• գործարքների իրականացման ծառայությունների ժամկետների կրճատումը


գործավարության և գրանցման փաստաթղթերի պարզեցումը


• ՀՀ հողային օրենսգրքից բխող նորմատիվ իրավական ակտերի ընդունումը


• ինքնակամ կառույցների օրինականացումը


• անշարժ գույքի շուկայի մասնակիցներից` ռիելթորների, անշարժ գույքի

գնահատողների, տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական

աշխատանքներ իրականացնողների լիցենզավորման գործընթացի իրականացումը:


Նման եզարահանգման է եկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն՝ վերլուծելով 2013 թվականի իրավիճակը:


Ըստ կադաստրի կոմիտեի՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրած տվյալների, 2013-ին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը կազմել է 190 690 միավոր, որը 2012թ. համեմատ աճել է 9.8%-ով, ընդ որում, Երևան քաղաքում՝ 9.3%-ով, իսկ մարզերում` 10.0%-ով:


2013թ. ընթացքում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ընդհանուր քանակի 27.6%-ն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ:


Գործարքների ընդհանուր քանակի 35.9%-ը գրանցվել է Երևան քաղաքում:


Նույն տեղեկություններով՝ 2013թ. անշարժ գույքի օտարման գործարքների քանակը 2012թ. համեմատ աճել է  3.6%-ով: Անշարժ գույքի նկատմամբ իրականացված 48 716 օտարման գործարքների 74.3%-ը կազմել են առուվաճառքները, 25.1%-ը` նվիրատվությունները և 0.6%-ը` փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների 40.7%-ն արձանագրվել է Երևանում, իսկ 38.6%-ը` բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ:


2013թ. Երևանում անշարժ գույքի առուվաճառքի 14 677 գործարքների 60.5%-ն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ:  Նշված բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 6.9%-ով: Երևանում 2013թ. բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2012թ. համեմատ աճել են 5.2%-ով:


Իսկ հանրապետության մյուս քաղաքներում 2013թ. բազմաբնակարան շենքերի բնակարանների, 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայականմիջին գները 2012թ. համեմատ աճել են 4.3%-ով:


 Ինչ վերաբերում է բնակելի տներին (առանձնատների), ապա 2013թ. հանրապետությունում արձանագրվել է բնակելի տների (առանձնատների)  առուվաճառքի 5 052 գործարք, այդ թվում Երևան քաղաքում՝ 1 362, մարզերում՝ 3 690: 2012թ. համեմատ բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 1.6%-ով, ընդ որում,  Երևան քաղաքում այն նվազել է 4.4%-ով, իսկ մարզերում՝ աճել 4.1%-ով:


2013թ. Երևան քաղաքում բնակելի տների շինության 1 քառ. մ մակերեսի շուկայականմիջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012թ. համեմատ աճել են 3.9 %-ով: Իսկ հանրապետության մյուս քաղաքներում՝ 3.3%-ով:


Հանրապետությունում 2012թ. համեմատ հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 3.0%-ով: Ընդ որում, գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 5.3%-ով, բնակավայրերի հողերի նկատմամբ` 1.5%-ով, արդյունաբերական օբյեկտների հողերի նկատմամբ` աճել 2.5%-ով: Հողերի առուվաճառքի առավել մեծ ծավալներ արձանագրվել են ՀՀ Արմավիրի մարզում՝ 1 359.21 հա, որից 1 302.06 հա` գյուղատնտեսական նշանակության:


Վաճառված հողերի քանակի 26.8%-ը կամ 3 443 գործարքներ (1 065.13 հա) հանդիսացել են պետական կամ համայնքային սեփականության հողեր (Երևան քաղաքում` 848 միավոր /27.10 հա/), իսկ 72.3%-ը կամ 9 294 գործարքներ (4 523.59 հա)` մասնավոր սեփականության հողեր (Երևան քաղաքում` 595 միավոր /57.03 հա/): 2013թ. հանրապետությունում արձանագրվել է վարձակալության իրավունքի վաճառքի 119 գործարք (27.38 հա)` ներառյալ կառուցապատման իրավունքի վաճառքի գործարքները:


2013թ. անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է վարձակալության 8 542 գործարք, որը կազմել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի  4.5%-ը: Ընդ որում, վարձակալության գործարքների 70.2%-ն իրականացվել է իրավաբանական անձանց կողմից: 2012թ. համեմատ անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 3.3%-ով:


Այսպիսով, այս ցուցանիշներն արտահայտում են 2013 թվականին Հայաստանի անշարժ գույքի շուկայի պատկերը: Դրանք պաշտոնական տվյալներ են, որոնք տարեկան, եռամսյակային և ամսական կտրվածքով տրամադրում է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն: Սակայն կան տեսակետներ, որ այս ցուցանիշները չեն արտահայտում անշարժ գույքի իրական պատկերը: Այս թեմայով, սեպտեմբերի 12-ին Անալիտիկ կենտրոնում իր դիտարկումներն ու վերլուծությունները կներկայացնի Անշարժ գույքի բորսայի նախագահ Արտյոմ Պրիբիլսկին: Նրա դիտարկումները կներկայացնենք հաջորդ նյութերից  մեկում:

 

Կարդացեք նաև՝

 Տների և բնակարանների գները Հայաստանում. ՀՈՒՆԻՍ

 

 

 

 

Նույն շարքից