Հայաստան 

Որտեղ ենք հասել վարկ վերցնելով և, ի վերջո, ինչպես ենք օգտագործում վարկային միջոցները․ Թևան Պողոսյան

analitik.am

ԱԺ-ում շարունակվում է քննարկվել ՀՀ նախագահի կողմից ներկայացրած 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագիրը:



ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն իր ելույթում անդրադարձավ վարկային պայմանագրին և հարց տվեց, թե «որտեղ ենք հասել վարկ վերցնելով և, ի վերջո, ինչպես ենք օգտագործում վարկային միջոցները»: Ըստ նրա, այս հարցերի մասով այդպես էլ հստակ պատասխան չհնչեց:



Հիշեցնենք, որ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքը կազմակերպելու համար Կառավարությունը ՌԴ-ից  270 մլն դոլար վարկ է վերցրել, ինչպես նաև ռուսական կողմից ստացել 30 մլն դրամաշնորհ, որպեսզի համատեղ աշխատանքներ իրականացվեն և 10 տարով էներգաբլոկը լրացուցիչ աշխատի:



Թևան Պողոսյանի համար զարմանալի է, որ գումար են վերցնում, նույնիսկ վստահ չլինելով  կբավարարի՞ այն , թե՞ ոչ: «Սա իրականում բարդ սովորույթ է, մենք ոնց որ թե չենք սիրում հաշվել մեր ֆինանսական կարողությունները: Պատկերացնո՞ւմ եք, եթե ցանկացած քաղաքացի նման վարկային պարտավորություն վերցնի իր վրա, ինչպիսի վիճակի մեջ կհայտնվի»,- նշեց նա:



Պատգամավորն առաջարկեց, թե պետք է օրենքի ուժով ամրագրել, որ ցանկացած պայմանագիր քննարկելուց առաջ պետք է ձեռքի տակ ունենալ նախկին վարկային պայմանագրերը, հասկանալ ինչպես են օգտագործվել և ովքեր են պատժվել սխալ օգտագործման, սխալ կառավարման ու հաշվարկման համար, ըստ որի՝ որոշել նոր վարկը վերցնել, թե՝ ոչ: 



Ըստ բանախոսի՝ սկսած 1991թ.-ից էներգետիկ անվտանգության հարցի կարևորությունը ոլորտի պատասխանատուների կողմից մշտապես շեշտվում է և արդարացվում ձեռք բերված ցանկացած վարկ: «Ցանկացած վարկ ու ծրագիր, որ այդ ոլորտում լինում է, անունը դրել են անվտանգություն ու պատճառաբանում են, որ եթե չվերցնենք կարող է համակարգը չաշխատի և անվտանգության հարցի չարաշահում իսկապես շատ է եղել՝ թույլ տալով քողարկել վարկայի վտանգները: Մինչև հիմա խոսում ենք, որ եթե վարկ չվերցնենք՝ չենք կարող աշխատեցնել, լավ, մինչև ե՞րբ պետք է խոսենք ոլորտի պահպանումից, ոչ թե զարգացումից»,- հարցրեց նա։



«Ես վստահություն չունեմ 270 մլն-ը ինչպես են օգտագործելու, խնդրում եմ նախկին վարկերը ներկայացրեք, ինչպես եք օգտագործել»,- ասաց նա:



Վերջին կարևոր կետը, ըստ նրա, ատոմակայանի մասնագետների ռեսուրսի պահպանության հարցն է: «Տարածաշրջանում միակն ենք, որ ունենք այդ ռեսուրսը և պետք է մտածել, շատ կարևոր խնդիր է նման ռեսուրս պահպանելը»,- ասաց նա: 

Նույն շարքից