Հայաստան 

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին

analitik.am

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել Պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին։



Պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանի քրեակատարողական համակարգում կարող է ապահովել ազատազրկման հետ կապ չունեցող պատժամիջոցների, մասնավորապես, տուգանքների կամ հանրային աշխատանքների կիրառում։ Այսպիսով` օրինախախտ անձը չի տեղափոխվի ազատազրկման վայր, այլ կգտնվի պրոբացիոն ծառայության վերահսկողության ներքո և կկատարի դատարանի վերագրած պարտավորությունները։



«Պրոբացիան ենթադրում է հանցագործություն կատարած անձի պատժի իրականացում։ Այն ներառում է մի շարք միջոցառումներ, որտեղ ներառված են աջակցություն, ուղղորդում և սատարում, որոնք կնպաստեն հանցագործություն կատարած մարդու սոցիալական ներգրավվածությանը, ինչպես նաև հասարակական անվտանգության ապահովմանը», – ասել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։



Նրա խոսքերով` պրոբացիոն ծառայության հիմնական նպատակն է կանխել կրկնահանցագործությունը, ապահովել հասարակական անվտանգություն և վերահսկել հանցագործություն կատարած անձանց, աջակցել նրանց սոցիալացմանը։



Նա նշեց, որ հիմա թեթև և միջին ծանրության հանցագործությունների համար ազատազրկած 879 անձանց մոտ երկու երրորդը (586 մարդ) պոտենցիալ կերպով կարող են անցնել պրոբացիոն ծառայություն։



Նախարարը նշեց, որ այսօր Հայաստանի քրեակատարողական հաստատություններում պատիժ է կրում մոտ 3950 մարդ։ Նրա խոսքերով` մեկ դատապարտյալի համար պետությունը ծախսում է օրական միջինը 5960 դրամ (մոտ 14,5 դոլար)` հաշվի առնելով սննդի, հագուստի, պահպանության համար նախատեսված ծախսերը։



Ըստ Անվտանգության խորհրդի նախնական գնահատականների` այդ համակարգի շնորհիվ հնարավոր կլինի տնտեսել տարեկան մոտ 1.7 մլրդ դրամ (մոտ 4.1 մլն դոլար), մոտ 1100 մարդ կարող է պատիժը կրել պրոբացիոն ծառայության համակարգի միջոցով, որը ենթադրում է, մասնավորապես, տնային կալանք, բանտարկյալի տեղաշարժման տեխնիկական վերահսկողություն։

Նույն շարքից