Մշակույթ Վերլուծական 

Թանգարաններում գեղանկարչական աշխատանքների մեծ թվով նվազման բացատրությունը՝ «Գեղագիտության ազգային կենտրոն»-ում

analitik.am

Ավելի վաղ Analitik.am-ը, ուսումնասիրելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, պարզել էր, որ վերջին 10 տարում Հայաստանի թանգարաններից պակասել է 136 հազ. 251 գեղանկարչական աշխատանք կամ դրանց թիվը պակասել է ավելի քան 4 անգամ, մինչդեռ Հայաստանում գործող թանգարանների թիվը նույն ժամանակահատվածում ավելացել է 19-ով:


Բնականաբար, հարց էր առաջացել՝ ինչո՞ւ են պակասել թանգարանների գեղանկարչական աշխատանքները, եթե տարիների ընթացքում թանգարանների թիվն աճել է: Այս կապակցությամբ մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացրին, որ իրենք չունեն նշված հարցի պատասխանը: Ըստ նախարարության՝ այդ հարցի պատասխանը պետք է տա ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ):


Վիճծառայությունից նախ խնդրել էինք տեղեկացնել, թե որ թանգարանից քանի աշխատանք է պակասել: Մեր հարցմանը պատասխանեցին, որ թանգարանների գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում են թանգարանային գործունեություն իրականացնող կազմակերպությունները, այն հրապարակվում է ամփոփ տեսքով և ըստ առանձին կազմակերպությունների տեղեկատվության տրամադրումն անհնար է:


«Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի հոդված 14-ով սահմանված դրույթների համաձայն վիճակագրական տվյալները համարվում են գաղտնի, եթե դրանց միջոցով հնարավոր է ուղղակի կամ անուղղակի ձևով բացահայտել (նույնականացնել, իդենտիֆիկացնել) վիճակագրական տեղեկություն տրամադրողին` ձեռք բերել, անհատական (անվանական) տեղեկություններ: ...Վիճակագրական տեղեկություն տրամադրողի ուղղակի բացահայտում է տեղի ունենում, երբ հայտնի է դառնում նրա անունը (անվանումը), գտնվելու վայրը, դասակարգման նույնականացման ծածկագիրը»,- ասված է պատասխանում:


Դրանում ևս մեկ անգամ հիշեցվում է, որ օրենքը սահմանում է պահպանել հավաքագրված վիճակագրական տվյալների անանունությունը, չհրապարակել և չտարածել սկզբնական վիճակագրական տեղեկությունները: Այնուամենայնիվ, պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գեղագիտության ազգային կենտրոն»-ի գլխավոր տնօրենը գրավոր համաձայնություն է տվել, թե դեմ չէ, որ իր անվանական տեղեկատվությունը հրապարակվի ՀՀ ԱՎԾ կողմից: Ստացվում է, որ հարցի վերաբերյալ միակ տվյալը, որ Վիճծառայությունը իրավասու է տրամադրել, վերաբերում է «Գեղագիտության ազգային կենտրոնում» առկա գեղանկարչական առարկաներին: Այսպիսով, 2004թ. նշված կենտրոնում առկա է եղել 149 հազ. 505 միավոր գեղանկարչական առարկա, իսկ 2013թ.՝ ընամենը 8 հազ. 53 միավոր: Այսինքն՝ 141 հազ. 452 առարկա հաշվառումից հանվել է:


Դրանք, ինչպես պարզվեց, հաշվեկշռային արժեք չներկայացնող մանկական նկարներ են, որոնք հանվել են կենտրոնի ֆոնդերից: Փաստորեն, ըստ պաշտոնական բացատրության՝ Հայաստանի թանգարաններում առկա գեղանկարչական աշխատանքների նման մեծ թվով կորուստի պատճառը մանկական փչացած և արժեք չներկայացնող նկարներն են եղել...


Հ. Գ. «Գեղագիտության ազգային կենտրոն»-ի և «Անալիտիկ»-ի՝ պակասած գեղանկարչական աշխատանքների վերաբերյալ թվերը տարբերվում են (տարբերությունը՝ 5201 աշխատանք), քանի որ առաջինը ներկայացրել է ցուցանիշ՝ սկսած 2004 թվականից, երկրորդը՝ սկսած 2003 թվականից:


Սեդա Հերգնյան

Նույն շարքից