Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Դդմաշեն համայնքում 400/220 կՎ լարման ենթակայան կառուցելու համար արտոնյալ վարկ կտրամադրվի

analitik.am

Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ կառուցվող Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի եւ Իրանի արտահանման զարգացման բանկի աջակցությամբ կառուցվող Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի միացման նպատակով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում կառուցել 400/220 կՎ լարման ենթակայան:

Էներգետիկայի նախարարությունից հայտնում են, որ ԳԴՀ կառավարության հետ ձեռք է բերվել համաձայնություն` նշված ենթակայանի կառուցման համար Վերականգնման վարկերի բանկի միջոցով արտոնյալ վարկ տրամադրելու վերաբերյալ, որի վարկային համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է 2015թ. չորրորդ եռամսյակում, իսկ աշխատանքների իրականացումը` մինչեւ 2018թ-ը:

Արդեն ձեռք է բերվել Դդմաշենում նախատեսվող ենթակայանի կառուցման համար անհրաժեշտ շուրջ 15 հա հողատարածքը:

ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին աշխատանքային այցով եղել է Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում:

Նա նաեւ ծանոթացել է «Հրազդանի ՋԷԿ-ը Շինուհայր 220կՎ ենթակայանին միացնող Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերի վերակառուցման աշխատանքների ընթացքին: Երվանդ Զախարյանը հայտնել է իր գոհունակությունը կատարված աշխատանքների վերաբերյալ եւ վստահեցրել, որ իրականացվող ծրագրի արդյունքում կբարձրանա սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը, կավելանա էներգահամակարգի կայունությունը, կմեծանա էլեկտրահաղորդման գծերի թողունակությունը, եւ հուսալիությունը Իրանական համակարգի հետ զուգահեռ աշխատանքի ժամանակ, ինչպես նաեւ  կնվազեն էլեկտրաէներգիայի կորուստները:

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային համաձայնագիրը` 39 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով,  ստորագրվել է 2011թ. հունիսի 1-ին: Նախատեսվում է նաեւ ՀՀ կառավարության մինչեւ 13 մլն ԱՄՆ դոլարի համաֆինանսվորում` ծրագրի շրջանակներում առաջացող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների իրականացման համար: Ծրագրի փակման ամսաթիվն է 2016թ.-ի հունիսի 30-ը: Ծրագիրն իրականացվում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից:

Ծրագրի նպատակն է վերակառուցել 1950-ական թվականներին կառուցված, ֆիզիկապես եւ բարոյապես մաշված շուրջ 230 կմ երկարությամբ Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերը, որոնք միացնում են էներգահամակարգի երկու հիմնական էլեկտրաէներգիա արտադրող կայանները (Հրազդան ՋԷԿ-ը եւ Որոտանի ՀԷԿ-երի  կասկադը): Այն կարեւոր նշանակություն ունի հանրապետությունում հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու գործում: Էլեկտրահաղորդման գծերն անցնում են ՀՀ Կոտայքի, ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Վայոց Ձորի եւ ՀՀ Սյունիքի մարզերով (որոշ հատվածներում՝ նաեւ բնակավայրերով):

Միջազգային մրցույթի արդյունքում էլեկտրահաղորդման գծի վերակառուցման գլխավոր կապալառու է ընտրվել հնդկական «Կալպատառու Փաուեր Թրանսմիշն»  (Kalpataru Power Transmission LTD) ընկերությունը: Պայմանագրի գումարը կազմում է շուրջ 25.7 մլն ԱՄՆ դոլար: Պայմանագիրը մեկնարկել է 2013 թ. մարտի 5-ին, ժամկետը` 36 ամիս:

Նույն շարքից