Մշակույթ 

Օրվա ծնունդը. Գևորգ Բաշինջաղյան

analitik.am
Գևորգ Բաշինջաղյանը 1876–78 թթ-ին սովորել է Թիֆլիսի Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, 1879–83 թթ-ին` Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: «Կեչիների պուրակ» բնանկարի համար արժանացել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալի: 
Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Թիֆլիս, ապա շրջագայել է Հայաստանում. ստեղծել է Դիլիջանի, Սևանի, Արարատյան դաշտի բնապատկերներ, որոնք ցուցադրել է Թիֆլիսում: 1884 թ-ին Իտալիայում ծանոթացել է Վերածննդի և հետագա շրջանների եվրոպական արվեստին, ճամփորդել Շվեյցիարիայում: Բաշինջաղյանը հիմնականում ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, իսկ 1899–1901 թթ-ին՝ Փարիզում: Մոտ 40 տարի ցուցահանդեսներ է կազմակերպել Կովկասի հայաբնակ քաղաքներում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում ու Փարիզում: Շուրջ 1000 նկարի հեղինակ է, որոնց մեծ մասը բնանկար է: Նրա ստեղծագործության մեջ բնանկարչությունն ինքնուրույն ժանրի նշանակություն է ստացել: Վաղ շրջանի գործերից են՝ «Արարատ», «Կեչիով բնանկար», «Ձնհալը Կովկասում» և այլն: 
Նկարչի արվեստը վերելք է ապրել 1890-ական թվականներին: Այդ շրջանի գործերը՝ «Կազբեկ», «Դիլիջանի ճանապարհը», «Սևան», «Անձրևային օրը Սևանում» և այլն, աչքի են ընկնում բնության հուզական ընկալումներով, լայն ընդհանրացումներով, լույսի և գույնի հիասքանչ դրսևորումներով:
Բաշինջաղյանը խաղաղ բնության նկարիչ է. նրա արվեստին խորթ են փոթորկի, ալեկոծման տեսարանները: «Անդորրություն», «Ալազանի հովիտը», «Արարատը և Արաքս գետը», «Սանահինի ձորը», «Զանգեզուրի լեռներում» և այլ գործերում նա պատկերել է խաղաղ ջրերի զուլալությունը, երկնաքեր լեռների վեհությունը, կապուտակ երկնքի և արևաշող դաշտերի առասպելական գեղեցկությունը: Նրա ստեղծագործություններում գերակշռում են Սևանն ու Արարատը պատկերող տեսարանները: 
 
Բաշինջաղյանը նաև գրել է պատմվածքներ, նովելներ, պիեսներ, հոդվածներ՝ արվեստի ու գրականության վերաբերյալ, եռանդուն գործունեություն ծավալել Սայաթ-Նովայի տաղերի հավաքման և հրատարակման, նրա մահարձանի կառուցման, հայ ճարտարապետական կոթողների նորոգման համար: 
Բաշինջաղյանի ստեղծագործությունների գերակշռող մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:
Բաշինջաղյանի անունով Երևանում կոչվել է փողոց:

Նույն շարքից