Մշակույթ 

Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունների պրեմիերաներ` իր իսկ հոբելյանին

analitik.am

Նոյեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անվանի կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի 65-ամյա հոբելյանին նվիրված երեկո էր։ Ծրագրում հնչեցին Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները՝ «Բարի գալուստ» լարային նվագախմբի համար (համաշխարհային պրեմիերա), Ալտի կոնցերտ թիվ 3 Concerto per Viola Maxima (համաշխարհային պրեմիերա), Սիմֆոնիա թիվ 3 «Հուր-հուր մեծ Թիթեռը»։

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ ալտահար Մաքսիմ Նովիկովը։  

 

 Էդուարդ Հայրապետյանը «Բարի գալուստ» պիեսը գրել է հատուկ այս հոբելյանական երեկոյի համար, իսկ ալտի թիվ 3 կոնցերտը գրել և նվիրել է տաղանդավոր ալտահար Մաքսիմ Նովիկովին: Կոմպոզիտորի խոսքով՝ երաժշտի կարողությունները թույլ տվեցին հնարավորինս օգտագործել նրա կատարողական հնարավորությունները, և ստեղծագործությունն անվանվեց Viola Maxima:

 

Մաքսիմ Նովիկովը նշեց, որ Կոնցերտը գրվել 6 տարի առաջ, և եկել է երկար սպասված պահը, երբ վերջապես այն կներկայացվի հանդիսատեսին. «Այս գործի մեջ առկա է ազգային կոլորիտը։ Կոնցերտն Էուարդ Հայրապետյանի հետ համագործակցության արդյունք է։ Գրված է տեխնիկական բարդ լեզվով։ Այն իրականում երևի աշխարհում ալտի համար գրված տեխնիկապես ամենաբարդ ստեղծագործությունն է»։

 

Էդուարդ Հայրապետյանը կարևորեց երիտասարդ երաժիշտների հետ համագործակցությունը և նրանց կոմից իր ստեղծագործությունների կատարումը, քանի որ յուրաքանչյուր գործ կատարելով՝ վերջիններս քննություն են հանձնում և փորձառության ճանապարհ անցնում։ «Եթե երիտասարդի մեջ ցանկություն է առաջանում նվագել քո գործերը, նշանակում է՝ նա ունի ձգտում։ Երիտասարդական նավագախումբն աշխատանքներ է կատարում մարդկանց դեպի դասական արվեստը բերելու ուղղությամբ, նա միշտ կոնտակտի մեջ է պահում հանդիսատեսին։ Ցանկացած մարդու մեջ կա ձգտում դեպի գեղեցիկը, դեպի երաժշտությունը, և պետք է աջակցել նրան այդ հարցում»,- ասաց կոմպոզիտորը։

 

Խոսելով 3-րդ սիմֆոնիայի մասին՝ մաեստրոն նշեց, որ այն էտապային ստեղծագործություն է և ամփոփում է իր մի քանի տարիների հույզերը, զգացումներն ու փորձը։ Սիմֆոնիայի հիմք է հանդիսացել Մերուժան Սիմոնյանի «Հուր-հուր մեծ թիթեռ» պատումը: Սիմֆոնիան ոչ թե հետևում է գրքի տառացի մեկնությանը, այլ երաժշտական արտահայտությունն է գործի ոգու, որն ամբողջացել է սիմֆոնիկ ժանրի մեջ:

 

Նշենք, որ համերգը կայացավ Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի շրջանակներում։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը։

Նույն շարքից