Ռազմական 

Այսօր լրանում է Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակը

analitik.am

«Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար»: «Իմ կուսակցութիւնն իմ ազգն է»: «Մահս չեմ յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»… 

Զորավար Անդրանիկ








Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում նվաճած է 4 գագաթներ. Սուրբ Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկե և Անդրանիկ։ Ասոնցմե դուրս ոչինչ ունինք որ ըլլա ճշմարիտ հաղթանակ և անվիճելի նվաճում: Այսպես է ասել Շահան Շահնուրը զորավար Անդրանիկի մասին:

Փետրվարի 25-ին լրանում է հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ, հայ ազատագրական շարժման գործում մեծագույն դեր կատարած, Հայաստանի և Բուլղարիայի ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի 150- ամյակը:

 

Զորավար Անդրանիկի աճյունը 1928-ին  տեղափոխվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատուն, 2000-ից  ամփոփված է Եռաբլուրում: Անդրանիկ Օզանյանը եղել է հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, զորավար: Հայ ժողովրդական և Բուլղարիայի ժողովրդական հերոս: Սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում, «մկրտվել հեղափոխական»: Հորն անարգած թուրքին ահաբեկելու համար բանտարկությունից խուսափելու նպատակով, մեկնել է Կոստանդնուպոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա:


1891-ին անդամագրվել է ՍԴՀԿ-ին, շուրջ մեկ տարի անց դարձել ՀՀԴ անդամ (դաշնակցությունից հեռացել է 1907-ին, վերականգվել է 1914-ին և երկրորդ անգամ հեռացել 1917-ին): XIX դ. 90-ական թթ. զինվորագրվել է Գուրգենի, Աղբյուր Սերոբի հայդուկախմբերում: Զենք ձեռք բերելու, ազատագրական ուժերը համախմբելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Էջմիածնում, Թավրիզում, Սալմաստում և այլուր: Համագործակցել է Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ:


Աղբյուր Սերոբի մահից (1899) հետո Անդրանիկը գլխավորել է բազմաթիվ ինքնապաշտպանական մարտեր: Նրան մեծ համբավ են բերել հատկապես Առաքելոց վանքի (1901, նոյեմբեր) և Աղթամարի (1904, օգոստոս) կռիվները: 1904-ի վերջին Անդրանիկն եղել է Իրանում ու Այսրկովկասում, հանդիպել է հասարակական, քաղաքական շրջանների հետ. Թիֆլիսում բարեկամական կապեր է հաստատել և 1914–20-ական թթ. մշտապես առնչվել ու խորհրդակցել է Հ. Թումանյանի հետ: Հայ-թաթարական կռիվների ժամանակ, զենք հայթայթելու նպատակով ուղարկվել է Ֆրանսիա և Բուլղարիա: Հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ»(1906) կանոնագիրքը: Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո հանդես է եկել ՀՀԴ – երիտթուրքական համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու ՀՀԴ առաջարկը:


Նույն շարքից