Վերլուծական Տնտեսություն 

Ձեթը թանկացել է. պատճառները՝ Լարսից մինչև դրոշմապիտակներ

analitik.am

 

 Վերջին օրերին Հայաստանի որոշ խանութներում նկատվում է ներկրված ձեթի թանկացում՝ 30-60 ՀՀ դրամի սահմաններում, որոշ դեպքերում էլ՝ մինչև 100 դրամի սահմաններում: Ընդ որում՝ թանկացում նկատվել է ինչպես փոքր խանութներում, այնպես էլ՝ սուպերմարկետներում: Analitik.am-ը փորձեց պարզել թանկացման պատճառները:


Նախ կոնկրետ օրինակներով ցույց տանք թանկացումը: Երկու շաբաթ առաջ «Անալիտիկ» կենտրոնի աշխատակիցը, որպես գնորդ, գնային փոքրիկ համեմատություն էր կատարել Երևանյան երեք սուպերմարկետներում: Այդ ժամանակ  ֆիքսել էինք նաև  1 լիտրանոց  «Золотая Семечка» արևածաղկի ձեթի և 1 լիտրանոց    «Аведовъ» եգիպտացորենի ձեթի գները, որոնք Հայաստան են ներմուծվում Ռուսաստանից: Այսպիսով, երկու շաբաթ առաջ «Золотая Семечка»-ն «ՍԱՍ» սուպերմարկետում արժեր 770 դրամ, «Երևան Սիթի»-ում՝ 685, իսկ այսօրվա դրությամբ՝ «ՍԱՍ»-ում 860 դրամ է, «Երևան Սիթի»-ում՝ 760:


Թանկացման մասին են վկայում նաև «Аведовъ»-ի գները: Եթե երկու շաբաթ առաջ «ՍԱՍ»-ում այն արժեր 1080 դրամ, «Երևան Սիթի»-ում՝ 960, ապա այսօրվա դրությամբ՝ համապատասխանաբար 1120 և  985 դրամ է: Իսկ ավելի փոքր խանութներում ձեթերը թանկացել են մոտավորապես 30-70 դրամով, ընդ որում՝ ոչ միայն ներկրվածները, այլև՝ տեղականները:


ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը  նշեց, որ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում երեկվա դրությամբ, համենայնդեպս, գնային զգալի փոփոխություններ չեն արձանագրվել: Արձանագրվելու  դեպքում կկատրվի ուսումնասիրություն՝ թանկացման պատճառները բացահայտելու նպատակով:


Ձեթի թանկացման մասին մոտավոր տեղեկություններ ուներ «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ չի կարող հստակ տեղեկություններ տալ նշվածի վերաբերյալ,  քանի դեռ իրենք ուսումնասիրություն չեն կատարել այդ ուղղությամբ:


Թանկացման պատճառները փորձեցինք ճշտել երևանյան խանութներից մեկում: «Մեզ ձեթ մատակարարող տղան, որից դրսի (ներմուծված) ձեթերն ենք ստանում, ասաց, որ թանկացման պատճառը Լարս ճանապարհի փակ լինելն է: Ասաց, որ իրենց ապրանքը ֆուրերով մնացել է ճանապարհին, չեն կարողանում Հայաստան հասցնել ու երբ հասցնեն, մի մասն արդեն վաճառքի էլ ենթակա չի լինի, դրա համար էլ թանկացնում են»,- պատմեց խանութի վաճառողուհիներից մեկը, ում ցանկությամբ խանութի և իր անունը չենք նշում:


Պարզվում է, որ մի շարք խանութներում ևս հնչել է հետևյալ պարզաբանումը՝ Լարսը փակ է, ապրանքը Հայաստան չի հասնում: Հիշեցնենք, որ մայիսի 17-ի առավոտյան Ներքին Լարս ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն և 30-40 մ բարձրություն:  Եթե հավատանք այս պատճառաբանությանը, ապա պետք է սպասենք նաև մի շարք ներկրվող ապրանքների թանկացմանը, քանի որ փլուզման պատճառով միայն ձեթը չէ, որ այդ ճանապարհով Հայաստան է ներկրվում:


Ամեն դեպքում, թեև այս պատճառը տրամաբանական է, սակայն կասկածի հիմք է տալիս այն, որ հայաստանյան շուկայում ձեթի թանկացում նկատվում էր դեռևս այս տարվա մայիսի սկզբից: Թանկացել է ոչ միայն ներկրվող, այլև՝ հենց Հայաստանում արտադրող ձեթը: Օրինակ՝ «Շող» տեղական ընկերության 1 լիտրանոց «Արև» ձեթը երկու շաբաթ առաջ «Երևան Սիթի»-ում արժեր 640 դրամ, 3 լիտրանոցը՝ 1280 դրամ, իսկ այսօրվա դրությամբ՝ համապատասխանաբար 700 և 1400 դրամ: Այս դեպքում, իհարկե, Լարս ճանապարհի հետ կապված պատճառաբանությունը չի գործում, քանի որ գործ ունենք ոչ թե ներմուծողի, որին կարող է խանգարել փակ ճանապարհը, այլ  ՀՀ տարածքում արտադրողի հետ: Մեզ հետ զրույցում «Շող» ընկերությունից խոստացել են գրավոր պատասխանել վերջին շրջանում թանկացումների մասին մեր հարցերին, որոնք վերաբերում են կոնկրետ իրենց ընկերությանը: Պատասխանը կհրապարակենք ստանալուն պես:


Նշեցինք, որ հայաստանյան շուկայում ձեթի թանկացում է նկատվել դեռևս այս տարվա մայիսի սկզբին: Թե այդ ժամանակ և թե հիմա կարող ենք արձանագրել, որ համաշխարհային շուկայում ձեթի գինը չի բարձրացել, որը ևս ազդեցություն կունենար: Մյուս հնարավոր տարբերակը դրամի փոխարժեքի ազդեցիկ տատանումներն են, ինչը ևս չի արձանագրվել: Այստեղ մնում է մեկ բացատրություն, որի վերաբերյալ մամուլը գրում էր դեռևս ավելի քան մեկ ամիս առաջ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց ՀՀ տնտեսությունում ստվերը կրճատելու քայլերի մասին, որոնցից գլխավորն էլ   մի շարք պարենային և ոչ պարենային ապրանքների վրա՝ կաթնամթերք, ձեթ, պահածոներ, օճառ, կոսմետիկա, պաղպաղակ, դրոշմապիտակներ փակցնելն է: Ըստ կառավարության՝ այդպիսով կավելանան ապրանքների հայտարարագրվող ծավալները: Սակայն փորձը ցույց է տվել, որ դրոշմապիտակներ փակցնելը նպաստում է գնաճի բարձրացմանը, ինչպես եղավ շշերով ջրերի և այլ ապրանքների դեպքում:  


Այնուամենայնիվ, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներառում էր վերընշված ապրանքների վրա դրոշմապիտակներ փակցնելը,  ԱԺ-ում ընդունվեց և ինչպես երևում է՝ արդեն «պտուղներ է տալիս»:


Սեդա Հերգնյան

 

 

Նույն շարքից