Վերլուծական 

Ռուսաստանը պետք է վերանայի իր մոտեցումները

analitik.am

Ռուսաստանի ժողովրդին ուղղված իր ամենամյա ուղերձում և ուղիղ հեռուստաեթերով երկրի ազգաբնակչության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՌԴ նախագահ Վ. Պուտինն առաջ քաշեց Ռուսական աշխարհի գաղափարը, շեշտելով, որ ռուս ազգն աշխարհում ամենամասնատված ժողովուրդն է, որի շահերն ու իրավունքները շատ անգամ անտեսվում են, այդ իսկ պատճառով Ռուսաստանը պարտավոր է սատար կանգնել արտասահմանում բնակվող իր հայրենակիցներին: Ռուսաստանյան քաղաքական էլիտան, որը հիմնականում ներկայացված է ազգայնական-պահպանողական ուժերով, ոգևորությամբ ընդունեց Պուտինի առաջ քաշած Ռուսական աշխարհի գաղափարը և լայն շրջանառության մեջ դրեց այն երկրի հասարակական ու քաղաքական կյանքում:



Ռուսական ազգայնական ուժերը բազմիցս են նշել, որ ԽՍՀՄ-ի փլուզումը դավաճանական քայլ էր ռուս ժողովրդի նկատմամբ, քանզի Ռուսաստանի սահմանից դուրս մնացին ռուսական պատմական հողերն ու ռուսներով բնակեցված տարածքները: Անգամ ԽՍՀՄ-ում հայտնի իրավապաշտպան ու այլախոհ արձակագիր Ալեքսանդր Սոլժենիցինը քննադատում էր բոլշևիկների կողմից իրականացրած վարչատարածքային բաժանումները, որի հետևանքով ռուս ժողովրդի մի ստվար հատված հայտնվեց Խորհրդային Միության տարբեր հանրապետություններում:


Սոլժենիցինը պահանջում էր ելցինյան կառավարությունից չճանաչել ռուս-էստոնական պետական սահմանագիծը, քանզի Պսկովի պատմական ռուսական իշխանության հողերի մի մասը ներառված են Էստոնիայի տարածքում: Ներկայումս Ռուսաստանի նախագահն ընկալվում է ռոսական հողերի միավորող. Ղրիմի վերամիավորումը, որը համարվում է պատմական արդարության վերականգնում, Ուկրաինայում ռուսական կողմի հաջողությունները, ինչը էյֆորիա է առաջացրել ռուսական հասարակությունում, պահանջում են Վ. Պուտինից շարունակել սկսած գործընթացը:


Այսպես՝ օգոստոսի 30-ին Սելինգերում երիտասարդության հետ հանդիպման ժամանակ, մասնակիցներից մեկը Պուտինին տեղեկացրեց, որ Ղազախստանում թափ է հավաքում ազգայնական շարժումը, իսկ Ղազախստանի հյուսիսային տարածքներում բնակվում են բազմահազար ռուսեր, ուստի նրանց պաշըպանության համար անհրաժեշտ է միավորել այդ շրջանները Ռուսաստանին: Իր պատասխանում նախագահը բարձր գնահատեց երկու ազգերի եղբայրական կապն ու ռուս-ղազախական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը՝ ավելացնելով որ Նազարբաևին հաջողվել է ստեղծել մի պետություն, որի տարածքում ընդհանրապես պետություններ գոյություն չեն ունեցել:


Ղազախստանի նախագահի կոշտ պատասխանը սպասեցնել չտվեց, հաջորդ իսկ օրը Նազարբաևը հայտարարեց, որ Ղազախստանը դուրս կգա Եվրասիական Միությունից, եթե այդ անդամակցությունը վնասի Ղազախստանի անկախությանն ու ինքնիշխանությանը: Հասկանալի է, որ Ռուսաստանի հասարակական և քաղաքական շրջանակներում տիրող նման տրամադրությունները չեն կարող չանհանգստացնել նրա սահմանակից երկրներին, որոնք ամեն կերպ ձգտում են պահպանել սեփական անկախությունն ու ինքնիշխանությունը:


Հատկապես Ուկրաինայում ծավալված ողբերգական դեպքերից հետո անհանգստանալու և խորհելու կարիք ունեն Բելառուսն ու Ղազախստանը, որոնց բնակչության զգալի մաս են կազմում ռուսները: Պատահական չէ, որ խորաթափանց և հեռատես Նազարբաևը երկրի մայրաքաղաքը հարավ-արևելյան ծայրամասից տեղափոխեց ռուսներով բնակեցված հյուսիսային տարածքի համեմատաբար կենտրոնական հատված՝ ուժեղացնելով ղազախական տարրը տվյալ շրջաններում: Դժվար թե Նազարբաևի և Լուկաշենկոյի օրոք այս երկրներին իհչ-որ բան սպառնա, սակայն Ղազախստանն ու Բելառուսն ավտորիտար պետություններ են, չկա իրական, ուժեղ ընդիմություն, իսկ քաղաքացիական շարժումները ճնշվում են՝ թույլ չտալով այս երկրներում առողջ քաղաքացիական հասարակության ձևավորում:


Տվյալ երկրներում խնդիրներ կարող են առաջանալ իրավահաջորդի օրոք, պարզ չէ արդյոք նա կկարողանա իր ձեռքերում ամուր պահել իշխանությունը, և ինչպես կարձագանքեն քաղաքական շրջանակներն ու հատկապես հասարակ ժողովուրդը, որը ձգտում է իրական փոփոխությունների: Եվ եթե այդ երկրներում ծայր առնեն ժողովրդական հուզումներ, ապա Կրեմլն այն կարող է համարել գունավոր հեղափոխությունների շարքի շարունակություն ու ռուսախոս ազգաբնակչության պաշտպանության պատրվակով՝ չդիմանալով արդարության վերականգնման գայթակղությանը, կարող է միջամտել հարևան երկրների ներքին գործերին, ինչի հետևանքներն անկանխատեսելի կլինեն: Կրեմլի՝ Ռուսական աշխարհի ստեղծման ցանկությունները կարող են ոչ միայն լուրջ վնաս հասցնել հարակից երկրներին, այլ նաև չար կատակ խաղալ հենց Ռուսաստանի հետ: Շահարկելով հարևան երկրներում ռուս ազգաբնակչության ինքնորոշման խնդիրը, նախադրյալներ են առաջանում բազմազգ Ռուսաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ինքնորոշման հարցը բարձրացնելու համար, որը կործանարար կարող է լինել բուն Ռուսաստանի համար:


Այդ իսկ պատճառով, Մոսկվան պետք է զգույշ լինի իր ցանկություններում, քանզի ոչ միայն անառողջ մթնոլորտ կարող է ձևավորվել դաշնակից երկրների հարաբերություններում, այլ նաև խիստ վտանգավոր հետևանքներ կարող են առաջանալ Ռուսաստանի համար:



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից