Վերլուծական 

Ջեմալի թոռան այցը ստիպում է վերագնահատել Թուրքիայում Ցեղասպանության ճանաչման հարցը

analitik.am

Օրերս Երևանում էր Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռը` Հասան Ջեմալը, ով Թուրքիայում հեղինակություն վայելող քաղաքական վերլուծաբան է, գրող, լրագրող: Հայտնի է որպես Ցեղասպանությունը ճանաչող թուրք մտավորական, սակայն, ինչպես այցը ցույց տվեց, հայ հասարակությունը նրանից և նրա համախոհներից պահանջում է ավելին, քան լոկ ճանաչումն ու բանավոր ներողությունն է…


Այցն աղմկահարույց էր, մտորելու մեծ չափաբաժին տվող: Կարիք կա Ջեմալի արտահայտած մտքերն ու այցը տարբեր տեսանկյուններից դիտարկելու: Միակողմանի մոտեցումն այս հարցում (կամ միայն քննադատական, կամ միայն գովաբանական) լավագույն լուծումը չէ: Լուծում չէ ինքնամեկուսացումն ու երկխոսությունից խուսափումը: Լուծում չէ և թուրքական շրջանակների քայլերի գերագնահատումը:


Հայոց ցեղասպանության թեման չափազանց նուրբ է: Կարևոր է արտաբերված ցանկացած բառը, խոսքի ձևը, տողատակերը: Սա առավել լավ պետք է հասկանա թուրքական կողմը, քանի որ նրա դիմաց Ցեղասպանությունը վերապրած հասարակություն է, որի վերքերը դեռ բաց են:


Եվ ահա Ջեմալի արտահայտություններն ու պատասխաններից խուսափելու փորձերը հարցեր առաջ բերեցին հայ հասարակությունում, բաժանեցին կարծիքները: Ջեմալը որոշ հարցերում այնքան էլ նրբանկատ չեղավ` առաջ բերելով արդարացի քննադատություն:


Այս այցի արդյունքով կարելի է այսպիսի մի ընդհանրական միտք ստանալ` հայ հասարակությանը չի բավարարում միայն ներողությունը, և հաջորդ փուլ անցնելու պահանջ կա:


Ջեմալ կրտսերի այցի արդյունքներով կարելի է ստանալ Թուրքիայում մի խումբ մտավորականների կողմից Ցեղասպանության ճանաչման հարցի ընդհանուր պատկերն ու դրա արդի փուլը:


Թուրքիայում արդեն մի քանի տարի է, ինչ առաջադեմ մտավորականների ոչ մեծ խումբ հանդես է գալիս Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերով և քայլերով: Իհարկե, նման զարգացումը չէր կարող մեծ ուշադրություն չգրավել ինչպես հայկական, այնպես էլ թուրքական հասարակություններում: Հայկական կողմը սկզբում, կարծես,  բավական ոգևորված էր այս զարգացմամբ, սակայն ժամանակը ցույց տվեց, որ այս շարժումը լայն տարածում չգտավ Թուրքիայում,  բայց և  հիմք տվեց կարևորություն ստացած մի գործընթացի (ցեղասպանության մասին ավելի բաց խոսելու), որը թուրքական կողմը փորձում է օգտագործել սեփական գովազդի համար, և որից պետք է օգտվեն նաև հայերը` փորձելով ստեղծված հիմքերի վրա ակտիվ քայլեր կատարել թուրք հասարակության շրջանում:


Եթե տարիներ առաջ Թուրքիայում Ցեղասպանության թեկուզ և բանավոր ճանաչումը որպես լուրջ զարգացում էր ընկալվում, ապա ընթացքում ձևավորվեց հաջորդ փուլ անցնելու անհրաժեշտության սպասումը: Հաջորդը քայլն էլ անցումն է ճանաչումից տարածքային և նյութական փոխհատուցման հարցի բարձրաձայնմանն ու քննարկմանը: Սակայն այս փուլը կարծես շատ ավելի ծանր է տրվում Ցեղասպանությունը ճանաչող թուրք մտավոր շրջանակներին, ինչն էլ որոշ հարցեր է առաջ բերում հայկական կողմում և պահանջներ ձևավորում:


Վերադառնալով Ջեմալին` տեսնում ենք, որ այդ միտումն ակնհայտ արտահայտվեց նրա այցի ընթացքում: Ողջունելով Ջեմալի` Ցեղասպանությունը ճանաչող դիրքորոշումը` իրավացիորեն պետք է սպասել նաև դրա տրամաբանական շարունակությունը, այն է` իրավական հետևանքների վերաբերյալ հստակ ձևակերպված մտքեր:


Պարզ է, որ ճանաչումը լոկ բառերի տեսքով չի բավարարում և չի կարող բավարարվել հայ ժողովրդին: Կարիք կա երկրորդ քայլն անելու և հստակ խոսելու փոխհատուցման մասին: Սա ոչ միայն Հասան Ջեմալին է վերաբերում, այլ նաև Ցեղասպանությունը ճանաչող մյուս մտավորականների զգալի մասին:


Երկխոսությունը կարևոր է, կարևոր են և նման այցերը: Այս ամենը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ թուրքական տարբեր շրջանակների մոտեցումը, ինչպես նաև նրանց ներկայացնել մեր սպասումները, արտահայտել մեր դիրքորոշումը: Իսկ այս ամենի հիմքը հենց երկխոսությունն է, կառուցողական և բաց երկխոսությունը, երբ կողմերը կարող են արտահայտել հստակ կարծիք և լսել հստակ պատասխաններ:


Պետք է հասկանալ, որ ճանաչելով Ցեղասպանությունը` թուրք մտավորականները ոչ միայն հայերին ուղղված դրական ժեստ են անում, այլ նաև մեծամբ օգնում են սեփական պետությանը: Այո, որքան էլ պարադոքսալ հնչի, թուրք մտավորականների կողմից Ցեղասպանության ճանաչման կոչերը պակաս կարևոր չեն Թուրքիայի համար, որն իր ժողովրդավարացման պատրանքը հիմնավորելու լավ պատճառաբանություն է ստանում:


Թուրքական կողմը պետք է հասկանա, որ հայերը սպասում են նրանցից երկրորդ քայլին, որից հետո հնարավոր կլինի առավել արժևորել և գնահատել նրանց ասածն ու արածը:


Հ.Գ. «Ներեցեք մեզ, հայեր» նախաձեռնության հեղինակներից մի քանիսի հետ տարիներ առաջ կայացած զրույցում, երբ խոսքը գնաց տարածքային և նյութական ֆինանսավորումից, նրանց տրամադրությունը կտրուկ փոխվեց, բարկացան, փրփրեցին: «Մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք, ինչպե՞ս կարող ենք խոսել տարածքներ կորցնելու մասին»,-այսպիսին էր նրանց արձագանքը մի քանի տարի առաջ:



Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Նույն շարքից