Բիզնես 

Կաթնամթերքը կթանկանա

analitik.am

Համաշխարհային շուկայում կաթի ու կաթնամթերքի գների վերջին տարիների  կտրուկ թանկացման միտումը, ցավոք, շարունակական բնութ է կրում: Ինչպես վկայում է ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային կազմակերպության պաշտոնական հրապարակած տեղեկատվությունը, նախորդ ամսում սննդամթերքի համաշխարհային գների ինդեքսը նվազել է 3%-ով, իսկ կաթնամթերքի համաշխարհային գնաճը կազմել է 28,2%:


Հայաստանի «Կաթնամթերք արտադրողների միության» նախագահ Ղուկաս Բունիաթյանի խոսքով` միջազգային շուկայում չոր կաթի,  կարագի եւ հումքի այլ տեսակների գնաճին զուգահեռ՝ Հայաստանում կտրուկ բարձրացել է մթերվող կաթի գինը, որին ավելացել են վառելիքի, գազի եւ էլեկտրաէներգիայի գնաճը:


«Հաշվի առնելով բնակչության ցածր կենսամակարդակը` կաթնամթերք արտադրող տեղական ընկերությունները հումքի գների կտրուկ եւ շարունակական թանկացման պայմաններում՝ համարժեքորեն չեն բարձրացրել տեղական կաթնամթերքի գները: Մենք փորձել ենք կաթնամթերքի գնաճը զսպել` օգտագործելով բացառապես մեր ունեցած ներքին ռեսուրսները եւ ակնհայտ է, որ կաթնամթերքի գնի անհամաչափ փոքր բարձրացումները չեն փոխհատուցել վերջին տարիների կաթնամթերքի ինքնարժեքը ձեւավորող գրեթե բոլոր բաղադրիչների կտրուկ գնաճը»,- նշել է Բունիաթյանը:


Համեմատության համար նշենք, որ հարեւան երկրներում՝ Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, կաթնամթերքի գները 40-50%-ով բարձր են հայաստանյան գներից եւ սա այն պայմաններում, երբ այդ երկրներում կաթ արտադրող եւ վերամշակող ընկերություններին ցուցաբերվում է պետական աջակցություն՝ հարկային արտոնությունների եւ սուբսիդիաների տեսքով:


«Քանի որ հումքի գների բարձրացումը ոլորտը դարձրել է խիստ անմրցունակ` սահմանափակելով շուկայահանման հնարավորությունները, արտադրողները կաթնամթերքի ոլորտի զարգացման միակ ելքը, ցավոք, տեսնում են կաթնամթերքի գների առնվազն 30-40% բարձրացման մեջ»,- ամփոփել է Բունիաթյանը:

Նույն շարքից