Կորոնավիրուս Տնտեսություն 

Առցանց առևտրով զբաղվող հայաստանյան ընկերությունները պատրաստ են պատվերների ծավալների մեծացմանը

analitik.am

 

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի աճի դինամիկան, դրա արդյունքում ծագած խնդիրներն ու հնարավոր լուծումները։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցել են շուրջ մեկ տասնյակ առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ղեկավարներ:

Նրանք, մասնավորապես, նշել են, որ Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի ծավալներն աճել են՝ որոշ դեպքերում մինչև 50 տոկոսով՝ հատկապես պարենամթերքի, միրգ-բանջարեղենի առաքումների դեպքում: Ընկերությունների ներկայացուցիչները նաև վստահեցրել են, որ առկա ռեսուրսներով կարողանում են լիարժեք սպասարկել ստացված պատվերները, որոշ դեպքերում՝ նաև մարզերում:

Ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են  հարկման ժամանակակից էլեկտրոնային համակարգերի ներդրման և կայքերի լոկալիզացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտության մասին, ներկայացրել առաջարկներ այդ ուղղություններով:

Քննարկվել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցության հնարավոր եզրերը․ նշված գործընթացներում ընկերության մարզային ցանցի օգտագործման միջոցով առաքումների իրականացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև առցանց առևտրի աճին համընթաց առաջացող խնդիրներին ու խոչընդոտներին, դեպի  մարզեր ընդլայնման հնարավորություններին՝ առցանց հարթակների տեխնիկական սպասարկման, լոգիստիկ, առաքման ընդլայնման և մի շարք այլ հարցերի:

Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել համախմբելու ուժերը երկրում ստեղծված իրավիճակում հանրությանը՝ առցանց առևտրի միջոցով հնարավորինս հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից