Վերլուծական Տնտեսություն 

Տնտեսական նոր ճգնաժամի վտանգ կա

analitik.am

Երկու տարի առաջ տեղի ունեցավ հայտնի աղմկահարույց դեպքը, երբ պարզվեց, որ միջազգային խոշոր բանկերը երկար ժամանակ Libor-ի (Libor-ը լոնդոնյան շուկայում այն տոկոսն է, որով բանկերն իրար փող են տալիս) դրույքի հետ կապված մանիպուլյացիաների էին դիմում՝ խարդախությամբ գումարներ աշխատելով: Սակայն որքան էլ աղմկահարույց լինեին այդ իրադարձությունները, դրանք չնչին են այն ֆոնին, ինչ տեղի է ունենում այժմ: Այսօրվա իրավիճակն ուշադրություն չի գրավում, մինչդեռ պետք է գրավեր: Չէ՞ որ ավելի լուրջ, սակայն պակաս հայտնի այս սկանդալը կարող է վերջանալ ոչ այլ ինչով, քան միջազգային ֆինանսական ճգնաժամով: Libor-ի դրույքի հաստատման վերաբերյալ 2012 թվականի հունիսին ծագած սկանդալի արդյունքում պարզ դարձավ, որ խոշորագույն այնպիսի բանկեր, ինչպիսիք են Barclays-ը, UBS-ը, Rabobank-ը և Շոտլանդական թագավորական բանկը, 1991 թվականից Բրիտանական Libor միջբանկային տոկոսադրույքի հաշվարկման համակարգը մանիպուլացրել են՝ սեփական շահերից ելնելով: Բազմաթիվ բանկերի թրեյդերներ գաղտնի գործարքների մեջ են եղել և կեղծել են Libor-ի ամենօրյա նշանակությունն իրենց դիրքերի օգտին: Այս մեքենայությունները նաև խաբկանք են ստեղծել, որ համաշխարհային ճգնաժամի ժամանակ բանկերը գտնվել են ավելի լավ վիճակում, քան իրականում եղել են:

 

 Libor-ը հանդես է գալիս որպես ուղղորդող՝ առևտրային և սպառողական վարկերի, դերեվատիվների և այլ ֆինանսական ապրանքների մասով, ուստիև անգամ աննշան փոփոխությունը կարող է բերել միլիոնների ձեռքբերման կամ կորստի: Ինչպես հայտնի էր դարձել Barclays-ի թրեյդերների էլեկտրոնային նամակագրությունից, իրենց օգտին կատարված յուրաքանչյուր 0.01 տոկոս խարդախության արդյունքում նրանք կարող էին մի քանի միլիոն դոլար վաստակել: Դերեվատիվների շուկան խաղ է «զրոյական բալանսի» հետ, այսինքն՝ յուրաքանչյուր ձեռքբերում ունի իր կորուստը: Այնպես որ, բանկերի և թրեյդերների մեքենայական եկամուտները ստացվել էին ոչինչ չկասկածող կողմերի հաշվին: Պարտվածներից շատերը հարուստ փորձ ունեցող բանկեր կամ թրեյդերներ չէին: Այսպես՝ ամերիկյան քաղաքային խորհուրդները կորցրեցին շուրջ 10 մլրդ դոլար: Ֆինանսական կորուստներից բացի՝ այդ մեքենայությունները հարված հասցրին համաշխարհային ֆինանսական համակարգին:

 

Մինչ այժմ շարունակվող երկարաժամկետ հետաքննության ընթացքում եվրոպական և ամերիկյան իշխանություններն այս գործարքներում խառնված կազմակերպություններին տուգանել են 6 մլրդ դոլարով, իսկ 12 մարդու քրեական մեղադրանք է ներկայացվել: Ահա թե որն է Libor-ի -ի հետ կապված իրական «սկանդալը»: Այս սկանդալի ֆոնին աշխարհն ամբողջությամբ մոռանում է առավել լուրջ իրադարձությունները, որոնք այդ ամբողջ ժամանակ տեղի են ունենում իր քթի տակ: Առավել լուրջ վտանգ հարուցում է այն փաստը, որ վերջին հինգ տարիների ընթացքում Libor-ի -ի դրույքը գտնվել է ռեկորդային ցածր մակարդակի վրա: Դա նպաստում է ամբողջ աշխարհում տնտեսական մեծ փուչիկի ուռճացմանը, որը կբերի ծանրագույն ֆինանսական ճգնաժամի: Կորուստները կհաշվվեն տրիլիոններով: Libor-ի դրույքը եվրոյի, իենի, բրիտանական ֆունտի և շվեյցարական ֆրանկի համար ևս ռեկորդային կերպով ցածր է եղել:

                     

Այն պայմաններում, երբ տոկոսադրույքները ցածր են, ստեղծվում են տնտեսական փուչիկներ, որոնք տոկոսադրույքների՝ վերջապես կարգավորվելու դեպքում պայթում են:

 1. Ճապոնական փուչիկ ԱՄՆ-ում՝ խնայողությունների ճգնաժամ (1980-ականների վերջ)

 

2. Ասիական «տնտեսական հրաշք» և դրան հետևած ճգնաժամ (1990-ականների կեսեր)

 

3. «Դոթքոմերի» փուչիկ (1990-ականների վերջ)

 

4. Փուչիկներ ԱՄՆ և Եվրոպայի անշարժ գույքի շուկաներում (2000-ականների կեսեր)

 

5.2009-ին փչված տնտեսական փուչիկներ: Դրանք դեռևս չեն պայթել:

 

Եվ այսպես, Libor-ի՝ 2009-ին սկսված անկումը ատեղծեց ևս մեկ գլոբոլ փուչիկ՝ ավելի վտանգավոր, քան նախկինները, թեկուզ միայն այն պատճառով, որ դրույքը երբեք այնքան ցածր մակարդակի վրա այդքան երկար չէր պահվել: Աշխարհի ամենակարևոր էտալոնային դրույքը՝ Libor-ը, հանդես է գալիս որպես 10 տրիլիոն դոլարի և 350 տրիլիոն դոլար դերիվատիվների վարկային պայմանների կողմնորոշիչ: Libor-ի դրույքի ռեկորդային ցածր մակարդակը նպաստում է վարկային և շինարարական փուչիկների, ինչպես նաև Ասիայում, այդ թվում՝ Սինգապուրում, ակտիվների գների ուռճացմանը: Սակայն 2009-ից հետո փչված փուչիկները դժվար թե հնարավոր լինի սահմանափակել միայն զարգացող երկրներով, քանի որ դրանք կան նաև Չինաստանում, Ավստրալիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Հյուսիսային Եվրոպայի երկրներում, ինչպես նաև ԱՄՆ տնտեսության որոշ հատվածներում: Ինչպե՞ս կպայթի «LIBOR-ի փուչիկը» Libor-ը և նմանատիպ դրույքները չեն կարող երկար ժամանակ գտնվել այդքան ցածր մակարդակի վրա՝ առանց լուրջ հետևանքների: Այս ցածր դրույքները խթանում են այն, ինչը տնտեսագետների մեծ մասը անվանում է տնտեսության «վերականգնում»: Սակայն անվճար պանիրը միայն թակարդում է, քանի որ իրականում այդ «վերականգնումը» իրենից հերթական վարկային փուչիկն է ներկայացնում:

 

 Հնարավոր են մի քանի սցենարներ.

 

1.ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում հետագա մի քանի տարիների ընթացքում լավանում է տնտեսական աճը և զբաղվածության մակարդակը: Կենտրոնական բանկերը բարձրացնում են դրույքները, ինչը բերում է LIBOR-ի աճին:

 

2. Եթե անգամ այդ ցուցիչներն աճեն, կենտրոնական բանկերը կարող են ստիպված լինել բարձրացնել փուչիկների հետ պայքարի համար տոկոսային դրույքները:

 

3. Եթե անգամ Libor-ի դրույքը ԱՄՆ և Բրիտանիայի տնտեսությունների լիարժեք վերականգնման բացակայության դեպքում երկար տարիներ չաճի, ոչ ճգնաժամային երկրներում փուչիկների ուռճացումը բանկերին կդրդի իրենց մարժաների ավելացման՝ վարկավորման բարձր ռիսկերի փոխհատուցման տեսանկյունից:

 

 

Այսպիսով պարտադիր չէ, որ Libor-ի աճը նպաստի փուչիկի պայթելուն: Այն կարող է պայթել գալիք մի քանի տարիներին ավելացող իր իսկ ծանրության տակ:

Նույն շարքից