Հարցազրույց Տնտեսություն 

Պետք է մտածել ոչ թե արտահանման ընդլայնման, այլ՝ ներմուծման կրճատման և փոխարինման մասին. տնտեսագետ

analitik.am

Հայաստանի տնտեսության ներկայիս գլխավոր խնդիրներից մեկը արտահանման և ներմուծման բացասական հաշվեկշիռն է՝ ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում, որն ուղղակի և անուղղակի ազդում է տնտեսության վրա: Ակնհայտ է, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանից արտահանումը բարձր կենտրոնացվածություն ունի: Արտահանվող չորս ապրանքախմբերի ընդհանուր ծավալը կազմում է ամբողջ արտահանման ավելի քան 85%-ը: Խոսքը՝ հանքահումքային ապրանքների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների, ոչ թանկարժեք մետաղների ու պատրաստի սննդի մասին է: Ի՞նչ հետևանքներ ունի արտահանման կենտրոնացվածությունը մեր շուկաների վրա և ինչպե՞ս կարելի է փոխել իրավիճակը: Այս և այլ հարցերի շուրջ է Analitik.am-ի հարցազրույցը տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ:

 

-  Պրն Խաչատրյան, նախևառաջ, ինչի՞ մասին են վկայում այս տվյալները:

 

- Եթե խոսում ենք արտահանման մասին, նախևառաջ պետք է նշել, որ դա ավելի շուտ ոչ թե մեր ընդհանուր շուկայի, այկ կոնկրետ արտադրողների հետ է կապված: Կենտրոնացվածությունը նշանակում է, որ դրսի պահանջարկը մեր շուկայի նկատմամբ սահմանափակ է: Որոշակի առումով՝ նշանակում է նաև, որ ունենք մրցակցային թույլ դիրքեր, այդ իսկ պատճառով մենք չենք կարողանում ապահովել արտահանման համար ապրանքների լայն տեսականի: Դրա հետևանքով էլ արտահանում ենք հիմնականում 4-5 ապրանքախումբ, որոնց շուրջ էլ կենտրոնացված է մեր ամբողջ արտահանման ներուժը:

 

Սա վկայում է նաև այն մասին, որ մենք խնդիրներ ունենք այն շուկաների հետ,    որտեղ կարող ենք արտահանել մեր արտադրանքը: Չենք կարողանում գտնել այն երկրները, որտեղ կարող ենք ավելի մեծ թվով ապրանքատեսակներ արտահանել:

 

-  Մեզ համար որո՞նք են արտահանման կենտրոնացված լինելու բացասական հետևանքները:

 

-  Ցանկանած դեպքում, երբ արտահանումը կենտրոնացված է, դա կարող է տալ մրցակցային առավելություն այն արտադրողներին, որոնք արտահանում են այդ 4-5 ապրանքախումը և սահմանափակել մյուսների հնարավորությունները: Օրինակ՝ այն երկրները, որոնք արտահանում են մեծամասամբ, ասենք, տեխնիկա, նրանք էլ կարող են ունենալ որոշակի կենտրոնացվածություն, բայց սա նրանց համար ավելացված արժեք ստեղծելու շղթայի տեսանկյունից գտնվում է վերջնական փուլում: Այսինքն, նրանք ապրանքը վերջնական տեսքով են արտահանում՝ դրա համար օգտագործելով ռեսուրսներ և վարձատրելով են իրենց երկրի աշխատուժին: Իսկ մեզ մոտ արտահանման կենտրոնացվածությունն ունի հումքային բնույթ: Մեզանից ներմուծված ապրանքը վերջնական սպառման համար ներմուծող երկրները օգտագործում են վերջնական արտադրանք ստանալու համար` օգտագործելով իրենց քաղաքացիներ ներուժը և միաժամանակ ապահովելով զբաղվածություն:

 

Սա խոսում է այն մասին, որ մենք չենք կարողանում տարբեր ոլորտներում հասնել այն ծավալի արտադրանքի արտադրության, որպեսզի արտահանենք: Եվ դա, գուցե, նաև տնտեսվարման խնդիր է: Տնտեսվարողները, որոնք երկար տարիներով կարողացել են այդ ոլորտներում իրենց դիրքերը հաստատել և ունեն մենաշնորհային կարգավիճակ, իրենք են արտահանում այդ ապրանքատեսակները: Արտահանման ոլորտ տարբեր կազմակերպությունների քիչ թափանցելությունն է առկա: Այսինքն՝ կենտրոնացվածությունը տանում է այն բանին, որ շեշտադրվում են կոնկրետ ապրանքնատեսակներ, իսկ մյուս արտադրողները, որոնք կարող են այլ ապրանքներ առաջարկել, զրկվում են այդ հնարավությունից:

 

-  Ապրանքների չիրացումը լուրջ խնդիրների է հանգեցնում: Եթե չեմ սխալվում, մենք ունեցել ենք նման փորձ ադամանդի հետ կապված:

 

- Ապրանքների չիրացման պարագայում մենք կունենանք արտահանման լուրջ խնդիրներ: Այո, ժամանակին այդպես եղավ ադամանդի վերամշակման և արտահանման հետ կապված: Հայաստանը բավականին բարձր դիրքերի էր հասել, սակայն հետագայում այդ խնդիրը հանգեցրեց այն բանին, որ մենք գրեթե կորցրինք մեր ներուժը: Ժամանակին երկու տիպի վիճակագրություն էր անգամ ներկայացվում մեր արտահանման համար՝ առանց ադամանդի և ադամանդի ցուցանիշներով: Այսինքն՝ կենտրոնացվածությունը բերում է բազմաթիվ բացասական խնդիրներ: Եվ ցանկացած տնտեսական ցնցում, որը կազդի այս կամ այն շուկայի վրա, և այդ արտահանելի ապրանքները կսկեն, ենթադրենք, ավելի քիչ արտահանվել, մենք, 80-90 տոկոսանոց կենտրոնացվածություն ունենալով, հնարավոր է միանգամից կորցնենք մեր արտահանման մոտ 20 տոկոսը: Իսկ եթե լիներ դիվերսիֆիկացիա, ապա մենք ապահովագրված կլինենինք նման ռիսկերից:

 

-   Կառավարությունն ու տնտեսագետները շատ են խոսում արտահանումը խթանող ծրագրերի մասին, նոր ճանապարհներ առաջարկում, բայց դեռևս լուրջ փոփոխություններ չկան:  Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անի Կառավարությունը, որ արդյունքները զգալի լինեն:

 

-  Կարելի է ասել, որ այս հարցը միշտ գտնվել է մեր Կառավարության և պետության ուշադրության կենտրոնում այն պարզ պատճառով, որ արտահանում նշանակում է լրացուցիչ արտարժութային մուտքեր, լրացուցիչ հնարավորություններ: Այդ իսկ պատճառով միշտ արտահանմանն ուղղված ռազմավություն մշակելու խնդիր դրվել է: Մենք ունենք ներմուծման և արտահանման բացասական հաշվեկշիռ՝ աշխարհից ավելի շատ վերցնում ենք, քան տալիս: Սա արդեն լուրջ խնդիր է: Կա արտահանման ծավալները մեծացնելու հնարավորություն և դրանից պետք է օգտվել խելացի քայլերի միջոցով:

 Կարծում եմ՝ մեր խնդիրը ոչ միայն արտահանման ծավալների ավելացումն է, այլ՝ ներմուծման ծավալերի կրճատումը: Եթե մենք կարողանանք արտադրել այն ապրանքները, որոնք հիմա ներմուծում ենք, ապա մենք կունենանք լրացուցիչ ներուժ արտահանման համար: Այն գումարը, որ մենք ուղղում ենք ներմուծմանը, կուղղենք արտահանման ծրագրերին: Այսինքն՝ եթե դու քո երկրում լուծում ես արտադրանքի խնդիրը, բավարարում ներքին սպառողի պահանջարկը, դու հետագայում ստեղծում ես արտահանման ներուժ: Բայց դրսում առաջարկվող ավելի բարձր գները մեր արտադրողներին ու բիզնեսմեններին ստիպում է հնարավորինս շատ արտահանել, ինչի արդյունքում հաճախ չի բավարարվում հայաստանյան սպառողի պահանջարկը, և նա ստիպված է լինում ներմուծված ապրանքից օգտվել, որը որպես կանոն՝ ավելի թանկ է: Սա նշանակում է, որ արտահանողն այդ դեպքում իր երկրի սպառողի պահանջարկը, էժան արտադրանք գնելու տեսանկյունից, չբավարարված է թողնում:

 

-  Բնակաբար, բիզնեսմենին գրավում են այն շուկաները, որտեղից ավելի մեծ շահույթ է ստանում: Շատ դեպքերում նրանց համար հայաստանյան սպառողը ձեռնտու չէ, մինչդեռ Դուք խորհուրդ եք տալիս նախ տեղի սպառողի պահանջարկը բավարարել: Բայց մի՞թե պետք է բիզնեսմենների բարեխղճության վրա հույս դնել:

 

-   Դրա համար կա պետություն, որը պետք է հատուկ մոտեցում ցուցաբերի, ինչ-որ բանով ոգևորի արտադրողին, որ վերջինս իր երկրի քաղաքացիների պահանջարկը բավարարի: Օրինակ՝ կարող են երկրի պահաջարկը բավարարող արտադրողներին երբեմն արտոնություններ տալ և այլն: Ամեն դեպքում, բարեխճության հարցը մնում է՝ անել քայլեր՝ չանտեսելով սեփական քաղաքացի-սպառողի շահերը: Եթե դու հայ ես, պետք է մտածես նաև ազգային տեսանկյունից: Հետո, տեսեք, տուժում է նաև այդ նույն արտադրողի երեխան ու բարեկամը: Մեր շուկայում ժամանակին բարձրացավ ոչխարի մսի գինը, որովհետև այնքան արտահանեցին, որ այստեղ պակասուրդ (դեֆիցիտ) առաջացավ: Իսկ դա ազդում է ընդհանուր գնաճի վրա: Նույն արտահանողն արդյոք չի տուժում այդ գնաճից:

 

-    Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալներից պարզ է դառնում, որ ներկա դրությամբ արտահանման մեր գլխավոր հինգ շուկաներն են Ռուսաստանը, Գերմանիան, Չինաստանը, Բուլղարիան և Կանադան: Ի՞նչ պատկեր ունենք ընդհանուր:

 

-  Այն երկրների թիվը, որոտեղից մենք ներմուծում ենք կատարում, շատ ավելի մեծ է, քան այն երկրներին, որտեղ արտահանում ենք: Կան երկրներ, որտեղից մենք որոշակի քանակով ներմուծում ենք կատարում, բայց ոչինչ չենք արտահանում: Այսինքն՝ այդ երկրների հետ մեր առևտրային հարաբերությունները միակողմանի են: Օրինակ՝ Ալբանիա, Ալժիր, Բանգլադեշ և այլն:

Որոշ երկրներ էլ արտահանում ենք, բայց մեր արտահանման ցուցանիշը տասնապատիկ անգամ փոքր է այդ երկրներից ներմուծման ցուցանիշից: Օրինակ՝ Չինաստան:

Բայց կան նաև երկրներ, որոնց հետ առևտրաշրջանառության մեջ մենք դրական հաշվեկշիռ ունենք: Օրինակ՝ Բուլղարիա մոտ 2 անգամ ավելի շատ արտահանում ենք: Դրական հաշվեկշիռ ունենք նաև Վրաստանի, Կանադայի և այլ երկրների հետ:

 

Հարցազրույցը՝ Սեդա Հերգնյանի

 

 

Նույն շարքից