Տնտեսություն 

Մարդու փորը նույնն է չէ՞, ուրեմն ինչի համար են նման շռայլությունները. Ա. Պողոսյան

analitik.am

Արմեն Պողոսյանը`Նոր տարվա, ձևականությունների, հարևանի սեղանին «աչք տալու» և ուտելու կուլտուրայի բացակայության մասին: 


Մոտենում է Ամանորը, և մարդիկ, հայի սովորության համաձայն, ոտուձեռ ընկած պատրաստվում  են այն դիմավորելուն: Ճոխության սովոր ժողովուրդը, որքան էլ նեղության մեջ, հասկանալի է, չի կարող «թեթևի մեջ» սեղան գցել, դա ինչ-որ տեղ կվիրավորի նաև նրա ինքնասիրությունը: Սեղանը` թեկուզ աղքատի հոգեբանությամբ, սակայն առատ ու ճոխ պետք է լինի: Նոր տարվա սեղանի մասին այսպիսի վառ երևակայական պատկերացումներն եկել են դարերից, և այդպես կշարունակվեն մինչ այն օրը, քանի դեռ այս երկրագնդի վրա գոյություն ունի հայը: Հայ մարդը երբեք չի կարող ձերբազատվել հարևանին «աչք տալու» սովորությունից, չի կարող մի կողմ թողնել հային բնորոշ այն սխալ մտածելակերպը, որ «չլինելու» դեպքում ոչ թե պետք է մեկի տեղը տասն անել, այլ «ոտքը վերմակի չափով մեկնել»: «Ախր` հարևանն ունի, ես ինչո՞վ եմ պակաս», «նրա սեղանին բուդ կա, ես ինչի՞ չունենամ»…ահա այս նշանաբանով են, հիմնականում, Ամանորի նախաշեմին առաջնորդվում մեր հայրենակիցներից շատերը: 


Փորձը ցույց է տվել, որ հարևանի հետ «աչք տալու» հանգամանքը, «աչք տվողին» շատ կարճ ժամանակ անց կանգնեցնում է ֆինանսական լուրջ խնդիրների առաջ, քանի որ, վերջիններս, երազած սեղանն ունենալու համար դիմում եմ նույնիսկ ամենածայրահեղ քայլերի` որոնցից է, օրինակ, բանկերից վարկ վերցնելը, կամ «նիսյա»-ով խանութներից մթերք գնելը` մեկ կամ մի քանի ամսվա ընթացքում մարելու պայմանով:


«Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանն իր անձնական կարծիքն ունի նոր տարին դիմավորող հայ սպառողի ծախսերի, հնարավորությունների և դրանք ճիշտ օգտագործելու վերաբերյալ:


Արդյոք Հայաստանում տիրող այս թանկացումները կստիպե՞ն մեր հայրենակիցներին տարին դիմավորել համեստ սեղանների շուրջ, թե՞ ավանդույթի համաձայն, գրավ կդնեն ունեցած վերջին ոսկին` միայն թե հետ չմնան դրկիցից: Ա.Պողոսյանը գտնում է, որ թեև Նոր տարին շատ լավ ավանդույթ է, «բարի տոն» է հատկապես մանուկների համար` դաստիարակչական առումով, սակայն ունի նաև բացասական կողմեր: «Օրինակ, ինձ համար բոլորովին միևնույն է, թե ինչ կա դրված սեղաններին. նպատակը` նստել զրուցելն է հարզատ-բարեկամների հետ: Օրինակ, ես ձևականությունների հետևից չեմ ընկնում, ո՞ւմ ցուցադրես` ինչի՞ համար ցուցադրես»,- Analitik.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ Պողոսյանի, վիճակագրությունը ցույց է տալիս, որ դեկտեմբերին առևտուրը չորս անգամ ավելի է լինում քան մյուս ամիսներին. «բայց մարդու փորը նույնն ա չէ՞»,-զարմանում է նա և շարունակում,- «Դա, ուրեմն, խոսում է անտեղի շռայլության մասին»: Զրուցակցիս հաղորդմամբ, այդ ուտելիքների մեծ մասը, որ այդքան շատ պատրաստում են հայ կանայք, վերջիվերջո թափվում են, իսկ մյուս մասն էլ ուտում` ինչը վնասում է առողջությանը: «Ուտելու այդ կուլտուրան մեր մեջ չկա: Օրինակ, եթե դու ունես ձուկ, մի մասը եփիր, մյուս մասը թող սառնարանում` երրորդ օրը եփիր: Սառնարանում եղած ուտելիքը եթե երկու անգամից ավել հանես-դնես, ապա այն կդառնա թափելու և օրգանիզմի համար շատ վնասակար»,-համոզված է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը:


Հ.Գ. Իսկ նախատոնական գները շարուևակում են աճել և դեկտեմերի վերջին, որպես կանոն, կհասնեն իրենց գագաթնակետին: Մնում է այդ փորձությունն էլ հաղթահարել և սպասել հաջորդ անակնկալներին:


Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից