Բիզնես 

Դրամի արժեզրկումն իր անմիջական ազդեցությունն է թողել ներմուծվող ապրանքների գների վրա, ապա նաև՝ տեղական. Արտակ Շաբոյան

analitik.am

Կառավարության նիստին այսօր  ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց կատարած ուսումնասիրությունները՝ շուկայական դիրքի չարաշահումների ու անհիմն թանկացումների վերաբերյալ: Նա նշեց, որ առանձնացրել են այն ապրանքային շուկաները, որոնք գտնվում են հանձնաժողովի տեսադաշտում:

«Հանձնաժողովը հետևում է խոշոր ընկերությունների վարքագծին, որպեսզի թույլ չտա դրանց կողմից հակամրցակցային գործողություններ: Հանձնաժողովն ուսումնասիրել է թվով 16 ապրանքներ, որոնք կենսական նշանակություն ունեն, դրանք են՝ շաքարավազ, կարագ, սուրճ, հավի միս, հավի ձու, ձեթ, ալյուր և այլն»,- ասաց նա:

Արտակ Շաբոյանի խոսքով՝ ուսումնասիրությունը կատարվել է նոյեմբերի սկզբից մինչ դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածը:

«Այս ժամանակահատվածում հայկական դրամի փոխարժեքը արժեզրկվել է շուրջ 13%-ով` ԱՄՆ 1 դոլարի նկատմամբ 411-ից հասնելով 463 դրամի։ Արժեզրկումն իր անմիջական ազդեցությունն է թողել ներմուծված ապրանքների գների վրա, որոնց գինը սկսել է բարձրանալ նոյեմբերի 20-ից սկսած»,- ասաց նա՝ ավելացնելով, որ արդյունքում գնաճն ազդել է նաև տեղական արտադրության ապրանքների վրա:

ՏՄՊՊՀ նախագահն ընդգծեց, որ տեղական արտադրության ապրանքներից իրենց ուշադրության կենտրոնում է գտնվում հատկապես կաթնամթերքը:

«Բնականաբար փոխարժեքը կարող է իր ազդեցությունը թողնել կաթնամթերքի գների բարձրացման վրա, քանի որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ մտնող որոշ բաղադրիչներ ներմուծվում են, բացի այդ, ձմռան ամիսներին ՀՀ-ում կաթնամթերքի արտադրության ծավալները կտրուկ նվազում են, ինչն էլ իր ազդեցություն է թողնում կաթնամթերքի գների վրա»,- ասաց նա և ընդգծեց, որ կաթնամթերքի շուկայում արտադրանքի գինը բարձրացրել են «Աշտարակ կաթն» և «Դուստր Մարիաննան»:

Արտակ Շաբոյանը նշեց, որ տարակարծություններից խուսափելու համար չի ցանկանում գնային փոփոխությունները ներկայացնել, քանի որ նույն ապրանքի գծով կարող են տարբեր գներ արձանագրվել՝ կախված տարբեր չափանիշներից:

«Այնուհանդերձ, այն ապրանքատեսակները, որոնց գծով ուսումնասիրություն է կատարվել, դրանց գնային փոփոխությունները տատանվում են 2-13%-ի միջակայքում, այն դեպքում, երբ փոխարժեքի արժեզրկումը կազմել է 13%, կարելի է ասել, որ մեծ հաշվով գնային տատանումները համահունչ են փոխարժեքի տատանումներին»,- ասաց նա:

Նույն շարքից