Հիշում եմ և պահանջում 

Հիշելով հայերին. The Telegraph

analitik.am

Բրիտանական Telegraph-ի գրական քննադատ Թոմ Փայնը ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության ժառանգությունը նկարագրող երկու գիրք: Հեղինակի հոդվածը՝ մասնակի կրճատումներով, ներկայացնում ենք ստորև.

 


«Օսմանյան կայսրությունից հայերը սկսեցին անհետանալ 1915-ից սկսած «պատերազմի մշուշում»: Սա կարող էր տարբեր կերպ տեղի ունենալ: Երբեմն այդ անհետացումն իրականացվում էր գյուղեր ոչնչացնելով և դրանց բնակիչներին ձերբակալելով: Նրանց մարդասպանները թուրքերը կամ քրդերն էին, որոնք հրացանների փոխարեն օգտագործում էին սվիններ, սրեր ու կացիններ, որովհետև խնայում էին փամփուշտները: Շատերն էին լքել իրենց տները՝ բռնագաղթերի ճամփան բռնելով. նրանց սպանում էին, նետում Եփրատն, իսկ կանանց՝ բռնաբարում:

 


Փրկվել հաջողածներն ավարտեցին իրենց երթուղին սիրիական անապատում, Դեր Զոր կոչվող քաղաքում կամ նրա շրջակայքում, որտեղ էլ սպանվել էին կամ սովամահ եղել: Գերմանացի մի ականատես նշել էր. «Նրանց ստամոքսները թուլացած էին ամիսներ տևող սովից և այլևս ի վիճակի չէին որևէ բան կլանելու… Եթե նրանց հաց տայիք, նրանք այն անտարբերությամբ մի կողմ կդնեին: Նրանք հանգիստ պառկում էին և սպասում իրենց մահվան»:

 


Զոհերի քանակը հաշվելու խնդիրներից մեկն այն էր, որ նրանցից ոմանք իսկապես անհետացել էին: Ջարդարարները չէին խնայում անգամ երեխաներին: «Ես ոչ մեկին չեմ թողնի, ոչ մեկին, որը բարձր կլինի այստեղից», – ձեռքը ծնկից էլ ցածր պահելով՝ ասում էր Քելվեթ Բեյ անունով հրամանատարը: Սակայն երեխաներին նաև տանում էին և առաջարկում տեղի մահմեդականներին: Նույնիսկ հիմա մարդիկ բացահայտում են, որ իրենց պապերը Ցեղասպանությունից փրկվածներն էին:

 


Ցեղասպանություն: Ուսումնասիրելով զոհերի քանականերն ու լսելով հրամանատարների՝ «Այրե′լ, ոչնչացնե′լ, սպանե′լ» կրկնվող հրամանները, էլ ի՞նչ բառ կարելի է գործածել: Եվ այդքանից հետո դեռ շարունակվում են հայերի և թուրքերի միջև իրար հասկանալու խոչընդոտները: Թուրքերը չեն ցանկանում գործածել այդ բառը, քանի որ վախենում են, որ ստիպված կլինեն Թուրքիայի տարածքների մի մասը զիջել Հայաստանին:

 

Հենց այդ վախն էր, որը սկիզբ դրեց Ցեղասպանությանը, իսկ վախը շատ ազդեցիկ գործոն է՝ «Ց» բառը կիրառելու հարցում: Այդ բառը հորինած մարդը՝ Ռաֆայել Լեմկինը, ուզում էր ստեղծել մի եզր, որը կնկարագրեր և՛ հայերի կոտորածները, և՛ հրեական Հոլոքոսթը: Նա բացատրում էր այն որպես «էթնիկ, ռասայական և կրոնական խմբերի ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնելու մտադրություն»:



Գիտնականների մեծ մասն այժմ համամիտ է, որ դժվար միջազգային և ներքին իրավիճակն էր հանգեցրել այդ վայրագություններին, որոնք սկսվեցին տեղահանումներով և ավարտվեցին մահերով: Դրանք բոլորը բխում էին օսմանցիների՝ հայերի հանդեպ արմատացած վախով: Այդ վախը գալիս էր հայերի գիտակից հաջողություններից, նրանց հողային հավակնություններից և Օսմանյան պետության ներսում իրենց ճանաչումից, ինչպես նաև այն փաստից, որ քրիստոնեությունն ավելի էր մերձեցնում նրանց Ռուսաստանին:

 


Ցեղասպանության մասին գրող հեղինակներ Ռոնալդ Գրիգոր Սյունին և Թոմաս դե Վաալը համամիտ են, որ 1915-1916 թվականների սարսափները հենց այդ վախերի արդյունքն էին: Դե Վաալի «Մեծ աղետը. հայերն ու թուրքերը Ցեղասպանության ստվերի տակ» գիրքը պարզեցնում է, թե ինչ է կատարվել հետագայում, և մասնավորապես, Ցեղասպանության շուրջ քննարկումները: Ռոնալդ Սյունիի առաքելությունն է ներկայացնել պատմության մեջ արմատացած՝ երկու կողմերի ամբողջական պատկերը: Սական կա մի տարբերություն, որը շեշտը դնում է պատմության առանցքային կողմին՝ Վան քաղաքը:

 

Ցեղասպանությունն անհետացնել ցանկացող կամ այն կերպ մեկնաբանել փորձող թուրքերի համար Վանի ճակատամարտը բանալի է: Հայերն սկսեցին այն նախքան ռուսական հաջողությունները և այնտեղից հարձակվեցին թուրքերի վրա: Սա կոչվում է «սադրիչ թեզ», որը Սյունին մերժում է: Դե Վաալի կարծիքով՝ հայերն անելանելի իրավիճակում էին: Երկուսն էլ բազմիցս գործածել են «ցեղասպանություն» բառը, սակայն դե Վաալն իր գիրքը կոչել է «Մեծ աղետ», մասամբ այն պատճառով, որ Ցեղասպանության շուրջ վեճը խոչընդոտ է հանդիսանում պատշաճ սգի և հիշատակի համար: Չնայած, Սյունին ավելի հաստատակամ է այդ բառի գործածման հարցում, իսկ նրա՝ կարևոր աղբյուրներից և այդ ամենին մասնակից մարդկանց ազդեցիկ վկայություններից կազմված գիրքը հենց հիշատակման քայլ է:

 


Հիշատակն էական է, սակայն դեռևս կա այն մարդկայից ձայնը, որն «Այլևս երբեք»-ի կոչ է անում: Դա այն կոչն էր, որը Քիմ Քարդաշյանը բարձրաձայնել էր իր բլոգում. «Դա տեղի է ունեցել Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանություններից, նաև Հոլոքոսթից առաջ: Գուցե այդ ցեղասպանություններից ոչ մեկը տեղի չէր ունենա, եթե ավելի շատ ազգեր ճանաչեին Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում բնաջնջվել է 1.5 մլն հայ»:


Ռաֆայել Լեմկինը նույնպես այդպես էր մտածում. եթե թուրքերը կարողանային ճանաչել մարդկության դեմ իրականացրած հանցագործությունը, հետագայում եկող վարչակարգերը տեղյակ կլինեին, որ կդատվեին դրա համար: Հույս է ներշնչում այն, որ Սյունիի և այլ հեղինակների աշխատանքների շնորհիվ պատմաբանները վերացրել են իրական աղետի հետևում առկա վախը»:

Նույն շարքից