Հարցազրույց 

Թանկացումների մի մասն արհեստական են. Հարություն Մեսրոբյան

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը:

 

Պարոն Մեսրոբյան, որքանո՞վ հնարավոր եք համարում, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը հասարակական դժգոհության առիթ հանդիսանա:

 

Հայաստանում սոցիալական դժգոհությունը հասարակական ընդվզման պատճառ չի կարող դառնալ, քանի որ մենք՝ հայերս, նման դեպքերում սովորաբար հարմարվողական վարք ենք դրսևորում: Մարդիկ առավել հաճախ գերադասում են  ուղղակի հեռանալ երկրից: Զանգվածային ընդվզում և համընդհանուր դժգոհության ալիք հնարավոր է միայն պատմականորեն կարևոր, ազգային հարցերի շուրջ:

 

Մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի՝ մոտ 10 տոկոսով թանկացումը որոշ տնտեսագետներ հիպերգնաճ են որակում: Ի՞նչ կարծիքի եք Դուք:

 

Կարծում եմ սա հիպերգնաճի չի բերի, քանի որ հիպերգնաճը փոքր-ինչ այլ պարամետրեր ունի: Բայց նաև ակնհայտ է, որ էներգակիրների թանկացումը, որպես կանոն, հանգեցնում է բոլոր տեսակի ապրանքների ու ծառայությունների թանկացման: Այնպես որ, էլեկտրաէներգիայի թանկացումից հետո պետք է սպասել տարատեսակ ապրանքների գների թանկացման:

 

Ըստ Ձեզ, որքանո՞վ արդարացված է էլեկտրաէներգիայի թանկացումը: Կա՞ն համապատասխան հիմքեր:

 

Մենք պետք է հասկանանք, որ թանակացումների մի մասն արհեստական են: Սպառողներին էներգակիրներ վաճառող խոշոր ընկերությունների գնագոյացման շղթան պետք է մանրակրկիտ ստուգել: Հայաստանում գրեթե ցանկացած խոշոր ընկերության ծախսեր հնարավոր է կրճատել առնվազն 30 տոկոսով՝ առանց վտանգելու ընկերության բուն գործունեությունը: Ինչպե՞ս. նախևառաջ,  կրճատելով անուղղակի այնպիսի ծախսեր, ինչպիսիք են թոփ-մենեջմենթի աշխատավարձերը և բոնուսները, որոնք անընդհատ բարձրացվում են: Մյուս կարևոր հանգամանքը բիզնեսի՝ ցայտուն կերպով դրսևորվող ագահության կոմպոնենտն է: Խոշոր ընկերություններին պետք է ոչ թե 5-10, այլ միանգամից 100 տոկոս եկամուտ:  Ասվածի վկայությունը գազի գնի բարձրացումն է: Հայտնի է, որ սահմանի վրա և սպառողին հասնելուց հետո գազի գինը մեկը երկուսի հարաբերակցությունն է ձեռք բերում:

 

 

Նույն շարքից