IT Հարցազրույց Տնտեսություն 

«Սիլիկոնային հովիտն այսօր ճանաչում է Հայաստանը». Թոնի Մորոյան

analitik.am

Թոնի  (Էնթոնի) Մորոյան`  հայ հարուստ կենսագրությամբ, ով անմիջական մասնակիցն է աշխարհում տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների հեղաշրջմանը, և ով ուրույն դեր  ունի Հայաստանում ՏՏ ոլորտի առաջխաղացման հարցում: Նա Viasphere International վենչուրային ընկերության (ԱՄՆ) և Viasphere տեխնոպարկի (Հայաստան) հիմնադիր-նախագահն է, Panarmenian Bank-ի և Candle նախագծի խորհրդի անդամ, «ԱրմԹեք» (ArmTech) համաժողովի համահիմնադիր և համանախագահ, ՏՏ ոլորտի տասնյակ ընկերությունների հիմնադիր:


Թ. Մորոյանը ծնվել է Լիբանանում, հետո՝ տեղափոխվել ԱՄՆ: Սովորել է ԱՄՆ  Կալիֆորնիա նահանգի Բերքլիի համալսարանում  (The University of California, Berkeley)՝  մաթեմատիկայի և ֆիզիկայի ուղղությամբ: Մագիստրատուրայում ուսումնասիրել է  էլեկտրոնային ճարտարագիտություն և համակարգչային գիտություն: Ասում է՝  մինչև Հայաստանը գալն էլ ծանոթ է եղել հայ գրականությանը, շեշտում է Րաֆֆու գործերը:


Analitik.am-ի զրուցակիցը Թոնի Մորոյանն է:


Ստանդարտ, բայց կարևոր հարց՝ ինչպե՞ս հայտնվեցիք տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում, և ինչի՞ց սկսվեց Ձեր կարիերան:

 

- Բերքլիի համալսարանն ավարտելուց հետո ես աշխատանքի անցա Texas Instruments կոչվող ընկերությունում: Դա 1960-ականներին էր: Այդ ժամանակ այս ընկերությունը բավականին մեծ էր և հզոր նորություններ էր առաջարկում շուկայում: Թողարկում էր սարքեր, որոնք հիմնված էին կիսահաղորդիչների վրա: Հենց այդ ժամանակ էլ արդեն հասկանում էինք, որ կիսահաղորդիչները հեղաշրջող նշանակություն են ունենալու, որոնց շնորհիվ հետագայում ստեղծվեց այդքան հայտնի iPhone-ը և այլ տեխնիկա: Հրաշալի ժամանակներ էին: Մենք աշխատում էինք կիսահաղորդիչների հնարավորություններն օգտագործելով. դրանք շատ բան են փոխել կյանքում: Այդ ժամանակ էր, որ ստեղծվեցին միկրոչիպերը: Մեծ բան յուրաքանչյուր մարդ կարող է ստեղծել, բայց նույն ֆունկցիաներով ավելի փոքրը ստեղծելը դժվար գործ է: Ես այնտեղ իմ ներուժը ցույց տվեցի, իմ կարողություններն ու գիտելիքները: Իմ առաջին հաջողությունը 16 բիտանոց միկրոպրոցեսորի վրա աշխատանքն էր:  Հետագայում դրանց հիման վրա սկսեցին անհատական  համակարգիչներ (PC- Personal computer) ստեղծել:

 

Դրանք հեղափոխության տարիներ էին տեղեկատվական տեխնոլոգիաների կյանքում: Այդ ժամանակ էլեկտրոնային շուկան դեռ փոքր էր: Փոխվեց աշխարհի շարժը: Եվ ես ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում էի: Ինձ համար դա սքանչելի էր: Ես մասնակիցն էի այն աշխատանքի, այն նորարարության, որը փոխում էր աշխարհը: Դա այլ զգացողություն է, դա աննկարագրելի է: Մենք աշխատում էինք ծրագրերի ուղղությամբ և գիտեինք, որ դրանք 3 տարի անց փոխելու են աշխարհը: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ է մարդը զգում այդ ժամանակ…

 

-  Դժվարանում եմ: Ոչ էլ կարող եմ պատկերացնել, թե ինչ է  մարդ զգում, երբ զբազեցնում է  ԱՄՆ-ի  Hitachi ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը  …

 

-  Այո,  եղել եմ նաև ԱՄՆ-ի Hitachi ընկերության գործադիր տնօրենը:  Բայց մինչ այդ ԱՄՆ-ում 13 տարի աշխատելուց հետո  ինձ ուղարկեցին Ֆրանսիա: 3-4 տարի աշխատեցի այնտեղ: Մեծ փորձ ձեռք բերեցի: 80-ականների մոտ վերադարձա ԱՄՆ և միացա ճապոնական Hitachi ընկերությանը: Այդ ժամանակ Hitachi-ն Ամերիկայում դեռ մեծ ծավալների չէր հասել: Ինձ հրավիրեցին, որ իմ փորձը կիրառեմ իրենց ընկերությունում: Ընկերության անձնակազմի համառ ջանքերի շնորհիվ այն բավականին աճեց: Մինչև 1966 թվականն աշխատեցի այնտեղ: Դրանից հետո դուրս եկա այս ընկերությունից, քանի որ ցանկանում էի նոր ընկերություններ հիմնադրել: Կային գաղափարներ և երազանքներ՝ այն ամենն ինչ պետք է գործի համար:

 

-   Եվ ի՞նչ ընկերություններ հիմնեցիք:

 

- Hitachi-ից դուրս գալուց հետո սկզբում երեք ընկերություններ ստեղծեցի: Դրանք լավ հաջողություններ գրանցեցին: Հետո այդ ընկերությունների թիվը հասավ տասնյակի: Մասնաճյուղեր ունեինք մի քանի երկրներում՝ Բրազիլիա, Հնդկաստան, Հոլանդիա և այլուր: 1990-ի վերջերին  հիմնեցինք առաջին էլեկտրոնային գիրքը՝ E-book-ը: Դա Microsoft-ի հետ համատեղ աշխատանքի արդյունք էր: Microsoft-ի հետ   մոտ էի, աշխատել էի այդ ընկերության  հետ:

 

-   Գիտեմ, որ երբ առաջին անգամ Հայաստան եք եկել, այդ ժամանակ արդեն զբաղեցնում էիք ԱՄՆ-ի  Hitachi գործադիր տնօրենի պաշտոնը: Ո՞րն էր Հայաստան գալու առիթը՝ գործնական էր, թե՞ …

 

-  Այո, 1991 թվականին Հայաստանի կառավարությունից Երևանում անցկացվելիք համագումարին մասնակցելու հրավեր ստացա: Այդ ժամանակ Սովետական միությունը փլուզվել էր, բայց Հայաստանը դեռևս պաշտոնապես անկախ չէր հռչակվել: Համագումարի նպատակն էր պարզել և գնահատել Հայաստանի ներուժը բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Այդ ժամանակ  Հայաստանի տնտեսությունը զրոյական մակարդակի վրա էր, բայց հարկավոր էր հեռանկարները չանտեսել: Հասկացանք, որ այս ոլորտում անելիք շատ կա, համառ աշխատանք է պետք: Համագումարից  հետո վերադարձա ԱՄՆ, բայց շարունակեցի համագործակցությունս Հայաստանի հետ: 1991-95 թվականներին Հայաստանում ընկերություններ հիմնելու ուղղությամբ աշխատում էինք: Այդ ժամանակ Հայաստանում ներդրումներ քիչ էին անում: Մի քանի հոգի նեդրումներ արեցին, բայց նրանց հույսերը չարդարացան, ու նրանք հեռացան: Փորձեր էինք անում բարձր տեխնոլոգիաների մշակույթը Հայաստան ներմուծել, որովհետև տեսանք այստեղի հեռանկարը:

 

-   Ասում են՝  Synopsys-ին  (Synopsys Inc., ԱՄՆ) Դուք եք համոզել, որ մասնաճյուղ բացի ոչ թե Մոսկվայում, այլ՝ Երևանում:

 

-   Այո …

 

-   Ինչպե՞ս հաջողվեց:

 

-  2004-2005 թվականներին Synopsys-ն ուզում էր Մոսկվայում մասնաճյուղ բացել: Նրանց հետ ծանոթացել եմ և աշխատել եմ, երբ ԱՄՆ-ի Hitachi-ում էի աշխատում: Իրենք որոշել էին Մոսկվայում մասնաճյուղ բացել: Այդ մասին իմ կարծիքը հարցրին: Ասացի, որ Հայաստանն  ավելի ամփոփված և փոքր երկիր է: Շատ մարդիկ կան  Հայաստանում, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում փորձ ունեն, և այդ մշակույթը կա նրանց մեջ:  Եթե խնդիր ունենաք, կկարողանաք անմիջապես Հայաստանի նախագահին դիմել: Ասացի, որ հայկական միտքը սովորաբար ձանձրանում է միշտ նույն գործն անելուց և հայերն անընդհատ ցանկանում են նորանոր բաներ անել: Դրանք շատ կարևոր հատկանիշներ են: Այդպիսով նրանք համաձայնվեցին Երևանում մասնաճյուղ բացել և հետագայում համոզվեցին, որ ճիշտ են արել:

 

Դուք Viasphere տեխնոպարկի (Հայաստան) հիմնադիր-նախագահն եք, ինչ հաղոջություններ է գրանցել տեխնոպարկը այս տարիների ընթացքում:

 

-  2001 թվականին Հայաստանում գործարկվեց Viasphere տեխնոպարկը: Այն բացվեց Viasphere International ամերիկյան ընկերության  Երևանի «Տրանզիստոր» գործարանի բազայի վրա:  Սկզբում տեխնոպարկում աշխատում էր 2 ընկերություն, իսկ այսօրվա դրությամբ՝ արդեն 20: Ամենախոշոր ընկերությունը Synopsys Armenia-ն է:  Առաջին բանը, որ ես նկատեցի տեխնոպարկի տարածքում, կանաչի բացակայությունն էր, ինձ դա անհարմարություն էր պատճառում: Այդ բացը լրացրինք: Ես մանրակրկիտ եմ մոտեցել տեխնոպարկի տեղակայման վայրի ընտրությանը:

 

-  Փաստորեն, ականատեսն ու անմիջական մասնակիցն եք եղել անկախ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը: Եվ ի՞նչ գնահատական կտաք, ինչի՞ ենք հասել:

 

-  2000 թվականին Հայաստանում ՏՏ ոլորտը մեծ թափ ստացավ: Մինչ այդ շատ դանդաղ տեմպերով էր առաջ գնում: Բարձր տեխնոլոգիաներն այստեղ զարգացած են գրեթե բոլոր ճյուղերում:  Ծավալներով, իհարկե, մեծ պետությունների համեմատ այս ոլորտը մեզ մոտ փոքր է, բայց զարգացած է: Աշխատավարձներն էլ բարձր են: Կա հեռանկար և զարգացման միտումներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ասպարեզում Հայաստանը մի շարք կետերով 10 առաջատար երկրների շարքում է: Օրինակ՝  կիսահաղորդիչների նախագծման համար կիրառվող Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) ծրագրերի ոլորտում: Դա սքանչելի արդյունք է: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը շատ ավելի առաջ է քան Վրաստանը, Ադրբեջանն ու Իրանը, իսկ Թուրքիան որոշ հարցերում  մեզանից առաջ է, որոշ հարցերում՝ շատ ավելի հետ: Եվ մեզ համար շատ կարևոր մի փաստ՝ Սիլիկոնային հովիտը ճանաչում է Հայաստանը: Իսկ դա մեզ համար մեծ բան է: Դա մեզ համար նպատակ էր:

 

-   Ի՞նչ դեր ունեցավ «ԱրմԹեք» համաժողովն այդ հարցում:

 

-  Առաջնային: Մեծապես դրա շնորհիվ է, որ Սիլիկոնյան հովտում Հայաստանը ճանաչում են: Միշտ մտածում էինք, թե ինչպես կարող ենք Հայաստանը՝ որպես տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր ներկայացնել աշխարհին: 2005թ. ստեղծվեց «ԱրմԹեքի» գաղափարը: Աշխատանքները տևեցին 2 տարի, քանի որ մենք շատ ծավալուն և մեծ միջոցառում էինք կազմակերպում՝ ամեն ինչի հիմքում լավագույնը դնելով:  Ընտրեցինք Սան Ֆրանցիսկոն, Սիլիկոնային հովիտը, որը համարվում է բարձր տեխնոլոգիաների օրրանը: Առաջին միջոցառումը շատ մեծ էր:  Նպատակն էր Հայաստանը ցույց տալ և ծանոթացնել աշխարհին առաջնակարգ կոնֆերանսով: Եթե Սիլիկոնյան հովտում ճանաչվեինք, ուրեմն ամբողջ աշխարհը մեզ կճանաչեր: Հայաստանին չէին ճանաչում այդ ժամանակ:  Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը ևս փորձեցին նման կոնֆերանսներ անել, բայց շատ թույլ արեցին և հաջողության չհասան: Իսկ փոքր Հայաստանը մեծ կոնֆերանս կազմակերպեց: Մեզ շատ օգնեց սփյուռքը: Մարդիկ էին  եկել Արգենտինայից, Չիլիից, Ճապոնիայից, Եվրոպայից, Ամերիկայից և այլն:

 

-    Իսկ այսօր հայաստանյան ՏՏ ոլորտում ի՞նչն է պակասում:

  

-    Ներդրումները: ՀՀ կառավարությունը գերակա ուղղություն է ճանաչել տեղեկատվական  տեխնոլոգիաների ոլորտը և մեծ հաջողություններ է արձանագրել: Երկրի համար դժվար տարիներին վենչուրային կապիտալը վստահեց և որոշ ներդրումներ կատարեց Հայաստանում: Բայց մեծ ընկերությունների համար Հայաստան գալը դժվար է:  Ներդրումների խնդիրը դեռ կա: Ներդրողները կանխատեսումներ են պահանջում, նրանք պետք է ժամանակից առաջ տեսնեն և համոզվեն, որ հետ կբերեն իրենց ներդրած փողերը: Կառավարությունն այս հարցում դեռ անելիք ունի: Սա առաջնային խնդիր է այս ոլորտում: Պետք է շատ աշխատել, օգնել ներդրողներին և երկիրը գրավիչ դարձնել նրանց համար:

 

Հարցազրույցը՝ Սեդա Հերգնյանի

Նույն շարքից