Գիտություն 

Գիտաժողով «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով՝ ՊՆ ներկայացուցիչների մասնակցությամբ

analitik.am

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում երեկ տեղի է ունեցել «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով, որին մասնակցել են ԳՊՄԻ պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, կրթության ոլորտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունը, Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը:

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանն իր խոսքում կարևորել է միջոցառման նշանակությունը` ներկայացնելով այն աշխատանքները, որոնք մանկավարժական ինստիտուտը կատարում է հասարակության համար արատավոր երևույթների կանխարգելման ուղղությամբ:

Իրենց ելույթներում պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են այն աշխատանքները, որոնք կատարվում են նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում` փորձելով նրանց մեջ ամրապնդել Հայրենիքի նկատմամբ իրենց սրբազան պարտքի գիտակցումը:

Առանձին զեկույցներում քննության առարկա են դարձել դեռահասների շրջանում դրսևորվող մի շարք խնդիրներ: Իր զեկույցում ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Վլադիմիր Միքայելյանը նշել է, որ դեռահասը ընտանիքում բավարար ջերմություն և պաշտպանություն չգտնելու դեպքում այդ ամենը որոնում է փողոցում, իսկ փողոցում նրան հաճախ սպասում է հակասոցիալական վարքի ուսուցում. արտաքին ազդեցության ներքո նա գործում է հանցագործություն:

Դեռահասների խնդիրների շուրջ իր ելույթում ԳՊՄԻ հոգեբան Վարդան Պապիկյանը անդրադարձել է համացանցից կախվածությանը, ինչը, բանախոսի կարծիքով, նպաստում է հոգեբանական մի շարք խնդիրների ձևավորմանը, առաջացնում է կոնֆլիկտային վարքագիծ պատանու մոտ, մշտական դեպրեսիա, իրական կյանքից վիրտուալ տարածության նախընտրություն, հասարակության անդամների հետ հարմարվելու դժվարություն, ժամանակի վերահսկողության ընդունակության կորուստ, համակարգչից օգտվելու հնարավորության բացակայության դեպքում տհաճության զգացումի առաջացում:

Նույն շարքից