Հարցազրույց Մշակույթ 

7 օծանելիք պատրաստված հայկական բնաշխարհի բազմահարուստ բույրերից

analitik.am

«7 մեղք, 7 բույր» խորագրով վերջերս  ներկայացվեց հայկական արտադրության նոր յոթ օծանելիք պատրաստված մեր բնաշխարհի բազմահարուստ բույրերից: Օծանելիքի բույրերին ի հավելում հեղինակները ցուցադրեցին ներկայացում և 7  կտավ՝ 7 մեղքի և ներդաշնակ համակեցության մասին: Նախագծի հեղինակ և պրոդյուսերը Գուժ Թադևոսյանն է, իսկ կտավների և օծանելիքի հեղինակը՝ Արման Մանուկյանը, ում հետ էլ www.analitik.am-ը  մանրամասն զրուցեց  «7 մեղք, 7 բույր»  նախագծի մասին:

 

-Ինչպե՞ս առաջացավ հայկական օծանելիք ստեղծելու միտքը:


-Հայկական պարֆյում ստեղծելու մտահղացում վաղուց ունեի, և ցանկությունս նաև պայմանվորված էր նրանով, որ հայկական բնաշխարհը լի է հետաքրքիր բույսերով և ծաղիկներով:

 

 

-Ի՞նչ ծաղիկներ ու բույսեր եք օգտագործել  օծանելիքը ստանալու համար:


-Բացառապես հայական տեղական բույսերից և ծաղիկներից են ստացվում հոտերը, իհարկե, որոշակի նյութեր դրսից են բերված, իսկ պատրաստման տեխնոլոգիան ֆրանսիականն է, քանի որ Ֆրանսիան օծանելիքի կենտրոնն է համայն աշխարհում: Հայկական բույսերից օրինակ ռեհան, բայց մնացածը չեմ կարող ասել,  քանի որ գաղտնիք է:

 

 

-Սա Ձեր առաջի՞ն փորձն է օծանելիք ստեղծելու գործում:


-Ոչ, ես երկար տարիներ է զբաղվում եմ այս գործով, պատվերով անհատական բույրեր եմ ստեղծել, բայց հայկական շարք առաջին անգամ եմ ներկայացնում: Այս 7-ից երկուսը առավոտյան բույրեր են, երկուսը՝ ցերեկային, երկուսը՝ երեկոյան, իսկ մեկը հավելում է, որը կարելի է օկտագործել մնացած  վեց բույրերի հետ:

 

 

-Իսկ եթե Հայաստանից դուրս առաջարկ ստանաք վաճառել բաղադրատոմսը և այն չհամարվի Ձերը,  կհամաձայնե՞ք:

 

-Համաշխարհային մակարդակով դա ընդունելի և նորմալ տարբերակ է, դեռ առաջարկ չկա, բայց  եթե լավ առաջարկ լինի՝  կմտածեմ:

 

 

-Հայկական մրգերից, օրինակ ծիրանից,  օծանելիք պատրաստելու միտք  ունեցե՞լ եք:


-Մրգերից ոչ, հենց ծիրանից եթերային յուղ ստանալ դժվար լինի, բայց դրա փոխարեն հայկական բուսականությունն ու ծաղիկներն են լավը:

 

 

-Լավ, իսկ կտավներն ինչո՞ւ որոշեցիք յոթ մեղք անվանել և ինչո՞ւ հենց մեղքերի թեմային անդրադարձաք:


-Ինձ վաղուց էր հուզում այդ թեման: Այն մտել էր իմ մեջ ու որևէ կերպ պետք է դուրս գար, և այս դեպքում արտահայտումը եղավ կտավների տեսքով: Ես անընդհատ էսքիզներ էի անում, և հանկարծ ինքն իրեն ստացվեց: Բարին ու չարը միշտ էլ հետաքրքրում են ինձ, և կյանքում ամեն ինչ երկու հակառակ կողմ ունի՝ բարի և չար, սև և սպիտակ, տղամարդ և կին, այդ հակառակ բևեռների նման էլ միտք առաջացավ յոթ մեղք ներկայացնող կտավ, որոնց ի հակառակ կլինեն յոթ «բարի» բույր: Ամեն մի կտավը մի մեղք է մարմնավորում, իսկ Գուժը միացրել է բույրը, կտավը և ներկայացումը: Այս ամենը մարդկանց մի հաղորդագրություն է, որ մի պահ կանգ առնեն և վերլուծեն իրենց կյանքը, ապրելակերպը:

 

 Արմինե Բրսոյան

Նույն շարքից