Գիտություն 

Միջազգային գիտաժողով Երևանում՝ «Կովկասյան ճակատի որոշիչ դերն Առաջին համաշխարհային պատերազմի ելքի վրա» թեմայով

analitik.am

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այսօր կազմակերպել է միջազգային գիտաժողով՝ «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը, Ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» թեմայով:

Իսկ մինչ գիտաժողովի մեկնարկը, որն ի դեպ կայանում էր ինստիտուտի նորակառույց գիտաժողովների դահլիճի նախասրահում, ներկայացվեց «Առաջին համաշխարհային պատերազմ. Դաշնակիցներ, անձեր, կոտորածների փաստեր» խորագրով ցուցահանդեսը։

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց շուրջ 300 բնօրինակ միավորներ, որոնք ըստ նրա՝ ձեռք են բերվել վերջին մի քանի տարիներ ընթացքում թանգարանի ուսումնասիրությունների արդյունքում: Դրանք իրենցից ներկայացնում են ծաղրանկարներ, փոստային նամականիշեր, որոնք փաստում են աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած կոտորածների մասին:

Դեմոյանը նաև նշեց, որ ցուցասրահի աշխատանքները վերջնականապես կավարտվեն ուղիղ մեկ տարի հետո՝ Ցեղասպանության 100-ամյակին:

Հայկ Դեմոյանը ներկայացրեց առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի մասին պատմող մեկ դրվագ, որը վերաբերվում էր Բաքվի պաշտպանությանը, որին մասնակցել էր հայկական զինուժը։ Ըստ պատմաբանի՝ հենց այդ դրվագը մեծ դեր է ունեցել համաշխարհային պատերազմի ելքի վրա։

«1918թ-ի Բաքվի երեք ամիսների պաշտպանությունը հայկական զինուժի, մասնակի, նաև անգլիական զինուժի հետ՝ հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին, որոշիչ դեր ունեցավ պատերազմի ելքի համար։ Այդ երեք ամիս տևած պաշտպանությունը կասեցրեց թուրքական բանակի մուտքը Բաքու, որը թեև տեղի ունեցավ ի վերջո սեպտեմբերի 15-ին։ Այնուհետև կոտորած եղավ, շուրջ 10 000 հայ կոտորվեցին, ովքեր չհասցրեցին դուրս գալ քաղաքից։ Բայց եթե թուրքական բանակը հասցներ հուլիս ամսին մտնել Բաքու, ի՞նչ էր սա նշանակելու. դա նշանակում էր, որ կարող էր պատերազմն այլ ընթացք ունենալ, այլ ելք ունենալ, որովհետև թուրքական կողմը գերմանացիներին կտրամադրեր Բաքվի նավթը»,-նշեց նա։

Պատմաբան Դեմոյանը հիշեցրեց, որ 1918թ-ի սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին, գերմանացիները ևս մեկ հուժկու հարձակում էին սկսել Փարիզի ուղղությամբ։ «Տանկերի օգնությամբ ճեղքեցին դաշնակիցների պաշտպանական գծերը, բայց տանկերը կանգ առան, իսկ գեներալների հետագա պարզաբանումները, որ վառելիք չկար հարձակումը զարգացնելու համար, ցույց է տալիս, որ հենց այդ երեք ամիսը որոշիչ եղավ, որ կասեցրեց հայ զինուժը։ Ճիշտ է ոչ այնքան լավ կազմակերպված, բայց այդ ձգձգումը շատ կարևոր եղավ, որ նավթը չմղվեց դեպի Բաթում»,-ընդգծեց նա՝ բացատրելով, որ եթե այս դրվագով Կովկասյան ճակատում այլ ընթացք ունենային իրադարձությունները, ապա թուրքական բանակը օգոստոսին կմտներ Բաթումի և շատ բաղձալի նավթը կտրամադրվեր գերմանական բանակին, և, միգուցե, պատերազմն ավելի երկար կձգվեր, կամ էլ այլ ելք ունենար։

Նույն շարքից