Գիտություն 

ՀՀ ԳԱԱ-ն ամփոփել է 2013թ գործունեության արդյունքները

analitik.am

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան այսօր անցկացրեց տարեկան ընդհանուր հաշվետու ժողով, որին ներկա էին ակադեմիայի 136 անդամներ և լիազոր ներկայացուցիչներ, ինչպես նաև արտասահմանյան անդամներ։ Ժողովին մասնակցում էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ով ներկաներին փոխանցեց Վեհափառ հայրապետի ողջույնի խոսքը։

ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ամփոփելով գիտական գործունեության հիմնական արդյունքները, նշեց, որ ակադեմիան 2013թ-ին աշխատել է 75 միջազգային գիտական ծրագրերով։ Նա ընդգծեց, որ 2013թ.-ը հոբելյանական էր իրենց համար, և մեծ շուքով նշվել է Ակադեմիայի հիմնադրման 70-ամյակը։

Ակադեմիկոսն իր հաշվետվության հիմանական շեշտը դրեց կիրառական բնույթի աշխատանքների վրա: «2013թ-ին համակարգի գիտական ստորաբաժանումներում շարունակվել են հիմնարար և կիրառական բնույթի գիտական մշակումները, պահպանվել է բարձր մակարդակի գիտական արդյունքների ստացման ավանդույթը»,-ասաց նա և նշեց, թե ինչ նոր գիտական հայտնագործություններ են կատարել ֆիզիկայի, բնական գիտությունների ոլորտում՝ միկրոչիպեր, ազդանշանային ծրագրերի ապահովում, ապակե բյուրեղյա շերտի վրա փոքր տեսակարար դիմադրության թաղանթների բացահայտում, բնական պաստերիզացված մթերքների գնահատում և այլն։

Ռադիկ Մարտիրոսյանը թվելով հաջողությունները՝ միաժամանակ նշեց, թե կիրառական բնույթի նման արդունքները չեն նշանակում, որ դրանք հասցված են արտադրության։ «Դրանք փորձարարական բնույթի արդյունք են, բայց դժվար է ասել, որ դրանք արտադրության համար միջոց են։ Արտադրության համար երկար ճանապարհ է պետք է անցնել, այսինքն՝ նոր գաղափարից մինչև արտադրություն։ Այդ ճանապարհի էտապներում հիմնական գաղափարն արժի ընդամենը 27%-ը և ոչ ավելին, մնացածն արդեն առևտրական միջոցներ են, որոնց դեպքում կարելի է միայն ծավալել մասսայական արտադրություն»,-ասաց նա։

ԳԱԱ նախագահը նկատեց, թե երբեմն իրենց մեղադրում են, թե ինչով են զբաղված գիտնականները, ինչու ՀՀ տնտեսությանը չեն օգնում։ Նա նշեց, թե ակադեմիան իր պատմության ընթացքում միայն երկու անգամ է մասսայական արտադրության հասցնելու արդյունք ունեցել, առաջինը «Նարինեն» է և երկրորդը՝ «տվիչները», որոնք ավտոմատ կառավարման էլեմենտներն են և վաճառվել են Արևմտյան Գերմանիայում։

Ռադիկ Մարտիրոսյանը նկատեց, թե, ցավոք, այսօր գործարարները քիչ են հետաքրքրվում իրենց ձեռք բերած արդյունքներով, որոնք, ըստ նրա, քիչ չեն։

Նա կարևորեց նաև միջազգային գիտական համագործակցությունը՝ խոսելով ակադեմիայի՝ արտերկրում տպագրված աշխատանքներից՝ արտասահմանյան հեղինակավոր պարբերականներում հրատարակված 773 հոդված, 19 մենագրություն, ինչպես նաև միջազգային 75 ծրագրով կատարված աշխատանքներ։

Նշենք, որ 2014թ-ի հունվարի 1-ի դրությամբ՝ ԳԱԱ կազմում ընդգրկված է 55 ակադեմիկոս և 58 թղթակից անդամ։ ՀՀ ԳԱԱ համակարգում աշխատում է 4077 մարդ, որոնցից 2515-ը գիտական աշխատողներ։

Ռադիկ Մարտիրոսյանը նաև անդրադարձավ ակադեմիայի սոցիալական հարցերին՝ նշելով, որ դժվար լուծելի խնդիրներից է բնակարանային խնդիրը, որն առավել խոցելի է հատկապես երիտասարդների դեպքում։ Նա նկատեց, որ ՀՀ Նախագահի աջակցությամբ կառուցվող 200 բնակարանանոց շենքի շինարարությունը պետք է ավարտվի այս տարվա վերջին։ 

Նույն շարքից