Գիտություն 

Նոր կառավարությունը կրթության ոլորտում պետք է հեղափոխական քայլերի գնա. Անահիտ Բախշյան

analitik.am

«ՀՀ Կառավարությունը փոխվեց, բայց կրթության նախարարը չփոխվեց, որի համար ուրախ եմ: Պարոն Աշոտյանը շատ լավ գիտի, որ այսօր հրատապ են «Հանրակրթության մասին» օրենքում այն փոփոխությունները, որ առաջին ընթերցում արդեն անցել են և դրված են երկրորդ ընթերցման: Այդ օրենքին կոնկրետ ես շատ անհամբեր եմ սպասում»,- այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:


Նա ներկայացրեց հայաստանյան կրթության ոլորտում այն հրատապ խնդիրները, որոնց լուծումներն, ըստ իրեն, պետք է ՀՀ նոր կառավարության առաջնահերթ քայլերը լինեն կրթության ոլորտում: Ըստ Ա. Բախշյանի՝ վերը նշված փոփոխություններն ընդունելու դեպքում հեղափոխության պես մի բան տեղի կունենա: Նրա կարծիքով՝ պետք է այդ համարձակ քայլին գնալ, այնպես ինչպես պետությունը գնում է շատ ոլորտներում, հատկապես՝ ֆինանսական, օրինակ՝ պարտադիր կուտակային համակարգի դեպքում, և չի վախենում ասել, որ դա հեղափոխական քայլ է, չնայած այս դեպքում հեղափոխությունը, շատ վատ իմաստով, մեր քաղաքացիների գրպանում է միայն տեղի ունենում: «Կրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածում ամրագրված է, որ Հայաստանում դասավանդման ձևերն են՝ առկա, հեռակա և դրսեկություն (հեռավար):


«Բայց մինչ օրս չի գործում ուսուցման հեռավար եղանակի կիրառման մեխանիզմը: Որպեսզի դա գործի, մասնավորապես, գործող օրենքից պետք է հանվի դասերից բացակայության վերաբերյալ հատվածը: Այսինքն՝ աշակերտը բացակայում է, ասենք, 200 ժամ և չի փոխադրվում մյուս դասարան: Սա պետք է հանվի, որովհետև հեռավար կրթությունը հենց բացակայություն է ենթադրում »,- նշեց կրթության փորձագետը: Ըստ նրա՝ կան աշակերտներ, որոնք դիմում են 11 ու 12-րդ դասարանները հեռավար եղանակով սովորելու համար և պատրաստ են վերջում գալ ու պատասխանել ամփոփիչ թեսթերին կամ նույնիսկ կարող են օնլայն պատասխանել: Իսկ ինչու՞ հեռավար, քանի որ «հազար ու մի պատճառ կա դրա համար»: «Ես ֆուտբոլիստ աշակերտի գիտեմ, ով 12-րդ դասարան էր և գնաց մի ուրիշ տեղ խաղալու, բայց չլուծվեց նրա կրթության հարցը՝ բացակայությունների պատճառով:


Մինչդեռ նա կարող էր սովորել ու գալ պատասխանել: Դա կարելի էր իրականացնել հեռավար եղանակով»,- ասաց Ա. Բախշյանը: Վերջինի դիտարկմամբ՝ հեռավար եղանակով կլուծվի նաև բանակում, բանտերում գտնվող երիտասարդների ուսման հարցը: Թե՛ բանակում, թե՛ բանտում գտնվող երիտասարդն ուզում է սովորել, բայց հնարավորություն չունի: Նրանց մի մասը կարողանում է սովորել առանձին մարդկանց բարի կամքի շնորհիվ, բայց ոչ օրենքի սահմանած կարգի համաձայն: Կառավարության առաջարկած փոփոխությունների համաձայն հանրապետությունում հանրակրթությունը հիմնվում է համընդհանուր ներառական կրթության գաղափարախոսության վրա: «Դա ենթադրում է կրթություն յուրաքանչյուր երեխայի համար՝ ամենատաղանդավոր երեխայից մինչև խոր մտավոր հետամնաց երեխա: Ներառական համընդհանուր կրթության պարագայում կրթությունը պետք է կազմակերպվի յուրաքանչյուր երեխայի կրթական կարիքի հիման վրա և նրա գիտելիքները պետք է գնահատվեն՝ ելնելով նրա կարողություններից: Ենթադրենք՝ դպրոցում կա մտավոր հետամնաց երեխա, որը պարզապես չի կարող հաղթահարել պետական չափորոշիչի նվազագույն շեմը: Իսկ մենք դպրոցներում ունենք գնահատման 10 բալանոց համակարգ, որի 1,2,3-ը համարվում են բացասական և որոշակի թվով բացասական գնահատական ունենալու դեպքում երեխան չի փոխադրվում մյուս դասարան: Այս պահին գործող օրենքի համաձայն՝ անհատական ուսուցման պլան է գրվում մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար և եթե նրանք հաղթահարում են այդ պլանը, նա ստանում է դրական թվանշաններ՝ 4-ից սկսած: Բայց նրա կողքին կա երեխա, որը մտավոր խնդիրներ չունի, հետևաբար՝ նրա համար չի մշակվում անհատական ուսուցման պլան:


Ու եթե նա ծույլ է լինում կամ չի սիրում սովորել, չի կարողանում հաղթահարել պետական չափորոշիչի նվազագույն շեմը և մնում է նույն դասարանում: Բայց նա մտավոր խնդիրներ ունեցողից ինտելեկտով շատ ավելի ուժեղ է, մինչդեռ ինքը չի փոխադրվում մյուս դասարան, իսկ մտավոր խնդիրներ ունեցողը փոխադրվում է: Ու այստեղ հակասություն է ստեղծվում: Այդ երեխան սկսում է թշնամաբար վերաբերվել մտավոր խնդիր ունեցողին»,- նկատեց կրթության փորձագետը: Ո՞րն է սրա լուծումը: Ա. Բախշյանն իր մի քանի համախոհների հետ առաջարկում է 10 բալանոց համակարգից հանել բացասական գաղափարը: Այս առաջարկություններն արված են, և կրթության նախարարը դեմ չէ: Բայց մտավախություն կա, որ մեր պատգամավորները կարող են բողոքել այս ամենի դեմ: «Եթե երեխան մնում է նույն դասարանում, միևնույն է, ոչինչ չի փոխվում: Եթե նա մնա ու երկրորդ տարին նույն դասարանում սկսի լավ սովորել, դա կնշանակի, որ դպրոցն իր ժամանակին լավ չի աշխատել: Դրա համար էլ, թող ստանան արդար գնահատական 1-10 բալով, բայց չմնան նույն դասարանում: Այս դեպքում գնահատականն էլ է արժևորվում: Բացի մանկավարժական տեսանկյունից, երեխայի՝ նույն դասարանում մնալը վնաս է հասցնում նաև պետության բյուջեին: Օրինակ՝ նախորդ տարի մոտ 420 երեխա մնացել էր նույն դասարանում, և պետությունը երկրորդ անգամ նրանց նույն դասարանի վճար է կատարել»,- նշեց Ա. Բախշյանը: Սրանք Հայաստանում գործող դպրոցների մասով այն հրատապ հարցերն են, որոնց վրա նա ցանկանում է հրավիրել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ուշադրությունը: Իսկ հիմա բուհերի մասով. Ա. Բախշյանը այստեղ առաջնահերթ հրատապ է համարում ուսանող տղաների՝ բանակ զորակոչվելու հարցը:


Հետևաբար, ըստ նրա, «Զինապարտության մասին» օրենքի՝ բուհերի վերաբերյալ կետերում հարկավոր է փոփոխություններ մտցնել: «Թող հանեն տարկետման իրավունքն ընդհանրապես՝ անկախ նրանից, թե որտեղ կսովորի տղա ուսանողը: Միայն բացառիկ դեպքերում է հարկավոր տղաներին ազատել իրենց պարտականությունը կատարելուց: Օրինակ՝ տղան կարող է այնպիսի ջութակահար լինել, որ նրան չի կարելի 2 տարով հետ պահել: Բայց մնացած տղաները թող 18 տարեկանից գնան իրենց պարտքը հայրենիքին տալու, որպեսզի սահմանի 1 մետրանոց հատվածը, որը երկու տարի պահել է, այնքան հարազատ դառնա իրեն և այնքան սիրտը ցավի, որ ինքը չուզենա թողնել այդ սահմանն ու լքել Հայաստանը: Նա արդեն կմտածի զորացրվել և այնպես սովորել, որ արդեն իր գիտելիքով ծառայի հայրենիքին», - նկատեց կրթության փորձագետը: Բուհերի հաջորդ կարևորագույն խնդիրն, ըստ Ա. Բախշյանի, կրեդիտային՝ բոլոնյան համակարգի հետ է կապված: Այսօր շատերը չեն հասկանում այդ համակարգի իմաստը՝ ոչ դասախոսները, ոչ էլ՝ ուսանողները: «Որովհետև կրեդիտային համակարգն ամբողջ աշխարհում սկսվում է դպրոցից: Այնտեղ է երեխան կուտակային հասկացությունը մարսում, այնտեղից է հիմքերը դրվում: Արդեն քանի տարի է մենք մի քանի համախոհներով հայտարարում ենք, որ ավագ դպրոցում գոնե պետք է ներդնել կրեդիտային համակարգը:


Եթե աշակերտը դպրոցից արդեն սովորի կուտակել այդ համակարգով, ապա համալսարանում իրեն ավելի հեշտ կլինի: Այսինքն՝ բոլոնյան համակարգը յուրացնելու խնդիր ունենք: Իրականում դա շատ լավ համակարգ է: Մենք միանգամից բերեցինք ու արհեստական խցկեցինք մեր բուհեր, մինչդեռ աշխարհի մյուս երկրներում դա դանդաղ է մտնում բուհեր և դպրոցներ, որպեսզի հեշտ ընկալելի լինի»,- եզրափակեց «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:


Սեդա Հերգնյան

Նույն շարքից