«ԱՍ» մրցանակաբաշխություն Հարցազրույց 

Հարցազրուց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ

analitik.am

Ներկայացված է «ԱՍ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն մարզպետ» կատեգորիայում


Քվեարկել այստեղ



Ինչպե՞ս եք գնահատում 2013թ.-ին  ՀՀ ներքին և արտաքին տնտեսական զարգացումները, ի՞նչ տնտեսական  ձեռքբերումներ և կորուստներ ունեցավ Ձեր ղեկավարած մարզը:

 

Անցնող տարին կարող էր առավել արդյունավետ լինել  Արմավիրի մարզի համար,  եթե մայիս ամսին մեզ տհաճ անակնկալ չմատուցեր աղետալի կարկտահարությունն իր բացասական հետևանքներով:  Սակայն ի պատիվ ՀՀ նախագահի, կառավարության, առանձին կազմակերպությունների և անհատների կողմից իրականացված օժանդակության ծրագրերի՝ մենք կարողացանք նեցուկ լինել կարկտահարությունից տուժած գյուղացիներին, և մեղմել աղետի հետևանքները: Արմավիրի մարզպետարանի և համայնքապետարանների կողմից էլ արվեց հնարավորը՝ օժանդակության ծրագրերը հասցեական  և հրապարակային իրականացնելու գործում: Եվ այսօր վստահորեն կարող եմ ասել,  որ իրականացված տարաբնույթ  ծրագրերի արդյունքում մեզ հաջողվեց մեղմել հասցված վնասի հետևանքները:

Այնուամենայնիվ,  մարզային տնտեսության տարբեր ոլորտներում հաշվետու տարում ունեցել ենք հաջողություններ: Ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների արդյունքում  լուծվել են մեծ թվով խնդիրներ. վերանորոգվել է 18  դպրոց և 3 մանկապարտեզ,  5 դպրոցում ներդրվել է  լոկալ ջեռուցման համակարգ, 18 երաժշտական և արվեսի կրթօջախներ  ապահովվել են անհրաժեշտ մշակութային գույքով և օժանդակ սարքավորումներով, բացվել է 13 նախակրթարան,  վերաբացվել է 3  բժշկական ամբուլատորիա, իսկ բժշկական կենտրոնները համալրվել են նորագույն սարքավորումներով,  Արմավիր քաղաքի Շահումյան 11 և 13 վթարային շենքերի 44 ընտանիք վերաբնակեցվել է  վերակառուցված և  բնակելի շենքի համապատասխանեցած Արմավիրի պահածոների գործարանի նախկին վարչական շենքում,  գազաֆիկացվել է 4 համայնք, վերանորոգվել են 3 քաղաքային համայնքների թվով 8 բազմաբնակարան շենքերի տանիքներ, հիմնանորոգվել է միջպետական և հանրապետական նշանակության 32.9 կմ ճանապարհ, ինչպես նաև իրականացվել են առաջնային նշանակության  մի շարք այլ ոլորտային ծրագրեր:

 

Ձեր ղեկավարած մարզում անցողիկ տարում արտագաղթի տեմպն աճել է, թե նվազել, եթե աճել է, ապա ըստ Ձեզ ինչո՞վ է դա պայմանավորված:

 

2013 թվականին մարզում աճել է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը, բայց ոչ արտագաղթի տեմպը,  և այն  հիմնականում պայմանավորված է մայիս ամսին տեղացած  կարկտահարությամբ:  Իսկ ընդհանրապես, արտագնա աշխատանքի մեկնելու հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են, որոնց լուծման ակնկալիքով էլ մարդիկ մեկնում են արտերկիր: Սակայն վստահ եմ, որ մեր իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքում իրականացվող  բարեփոխումների ծրագրերը կբերեն նրան, որ առաջիկայում մեր հայերենակիցները ոչ թե օտար ափերում, այլ հենց մեր երկրում կունենան արժանապատիվ աշխատանք և իրենց կարիքները հոգալու հնարավորություն:

 

Ձեր մարզում  փոփոխության ենթարկվե՞լ  է բնակչության կենսամակարդակը, քանի՞ նոր աշխատատեղ է ավելացել 2013թ.-ին  Ձեր մարզում:

 

Մեր մարզում բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված աշխատանքները չեն դադարում, դրանք շարունակական բնույթ են կրում: Եվ կարող եմ ասել, որ պետական և մասնավոր հատվածի աջակցությամբ մարզային իշխանությանը վերջին տարիներին հաջողվել է վերացնել բնակչության բնականոն կենսագործունեությանը խոչնդոտող երևույթները և առաջընթացի նոր ծրագրեր նախատեսել:

Իսկ ինչ վերաբերում է նոր աշխատատեղերին, ասեմ, որ 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում Արմավիրի մարզից գրանցվել են 993 կազմակերպություններ, այդ թվում՝ 73 ՍՊԸ, 4 ՀԿ, ՀՈԱԿ, 1 ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ, 2  առևտրային կազմակերպության մասնաճյուղ, 1 հիմնադրամ, 1 հիմնարկ, 1 սպառողական կոոպերատիվ և 906 անհատ ձեռնարկատեր: Այս գործընթացը նախադրյալներ է ստեղծել մարզում նոր աշխատատեղերի ավելացման ուղղությամբ:

 

Ի՞նչ կմաղթեք գալիք տարում Հայաստանին և հայությանը:


Հայաստանին և հայությանը մաղթում եմ խաղաղ երկինք և  արևշատություն: Թող 2014 թվականը բոլորիս համար լինի արարման և ազգային գաղափարների շուրջ համախմբման տարի՝ բերելով  նոր հաղթանակներ ու ավելացնելով վստահությունը սեփական ուժերի հանդեպ: Եվ թող հաջորդ տարին ամփոփելիս արձանագրենք, որ օրախնդիր հիմնահարցերը նահանջել են, և իրականություն են դարձել մեր սպասումները:


Նույն շարքից