Ներկայացված է «ԱՍ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն մարզպետ» կատեգորիայում
Քվեարկել այստեղ
Ինչպե՞ս եք գնահատում 2013թ.-ին ՀՀ ներքին և արտաքին տնտեսական զարգացումները, ի՞նչ տնտեսական ձեռքբերումներ և կորուստներ ունեցավ Ձեր ղեկավարած մարզը:
Անցնող տարին կարող էր առավել արդյունավետ լինել Արմավիրի մարզի համար, եթե մայիս ամսին մեզ տհաճ անակնկալ չմատուցեր աղետալի կարկտահարությունն իր բացասական հետևանքներով: Սակայն ի պատիվ ՀՀ նախագահի, կառավարության, առանձին կազմակերպությունների և անհատների կողմից իրականացված օժանդակության ծրագրերի՝ մենք կարողացանք նեցուկ լինել կարկտահարությունից տուժած գյուղացիներին, և մեղմել աղետի հետևանքները: Արմավիրի մարզպետարանի և համայնքապետարանների կողմից էլ արվեց հնարավորը՝ օժանդակության ծրագրերը հասցեական և հրապարակային իրականացնելու գործում: Եվ այսօր վստահորեն կարող եմ ասել, որ իրականացված տարաբնույթ ծրագրերի արդյունքում մեզ հաջողվեց մեղմել հասցված վնասի հետևանքները:
Այնուամենայնիվ, մարզային տնտեսության տարբեր ոլորտներում հաշվետու տարում ունեցել ենք հաջողություններ: Ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների արդյունքում լուծվել են մեծ թվով խնդիրներ. վերանորոգվել է 18 դպրոց և 3 մանկապարտեզ, 5 դպրոցում ներդրվել է լոկալ ջեռուցման համակարգ, 18 երաժշտական և արվեսի կրթօջախներ ապահովվել են անհրաժեշտ մշակութային գույքով և օժանդակ սարքավորումներով, բացվել է 13 նախակրթարան, վերաբացվել է 3 բժշկական ամբուլատորիա, իսկ բժշկական կենտրոնները համալրվել են նորագույն սարքավորումներով, Արմավիր քաղաքի Շահումյան 11 և 13 վթարային շենքերի 44 ընտանիք վերաբնակեցվել է վերակառուցված և բնակելի շենքի համապատասխանեցած Արմավիրի պահածոների գործարանի նախկին վարչական շենքում, գազաֆիկացվել է 4 համայնք, վերանորոգվել են 3 քաղաքային համայնքների թվով 8 բազմաբնակարան շենքերի տանիքներ, հիմնանորոգվել է միջպետական և հանրապետական նշանակության 32.9 կմ ճանապարհ, ինչպես նաև իրականացվել են առաջնային նշանակության մի շարք այլ ոլորտային ծրագրեր:
Ձեր ղեկավարած մարզում անցողիկ տարում արտագաղթի տեմպն աճել է, թե նվազել, եթե աճել է, ապա ըստ Ձեզ ինչո՞վ է դա պայմանավորված:
2013 թվականին մարզում աճել է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը, բայց ոչ արտագաղթի տեմպը, և այն հիմնականում պայմանավորված է մայիս ամսին տեղացած կարկտահարությամբ: Իսկ ընդհանրապես, արտագնա աշխատանքի մեկնելու հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են, որոնց լուծման ակնկալիքով էլ մարդիկ մեկնում են արտերկիր: Սակայն վստահ եմ, որ մեր իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքում իրականացվող բարեփոխումների ծրագրերը կբերեն նրան, որ առաջիկայում մեր հայերենակիցները ոչ թե օտար ափերում, այլ հենց մեր երկրում կունենան արժանապատիվ աշխատանք և իրենց կարիքները հոգալու հնարավորություն:
Ձեր մարզում փոփոխության ենթարկվե՞լ է բնակչության կենսամակարդակը, քանի՞ նոր աշխատատեղ է ավելացել 2013թ.-ին Ձեր մարզում:
Մեր մարզում բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված աշխատանքները չեն դադարում, դրանք շարունակական բնույթ են կրում: Եվ կարող եմ ասել, որ պետական և մասնավոր հատվածի աջակցությամբ մարզային իշխանությանը վերջին տարիներին հաջողվել է վերացնել բնակչության բնականոն կենսագործունեությանը խոչնդոտող երևույթները և առաջընթացի նոր ծրագրեր նախատեսել:
Իսկ ինչ վերաբերում է նոր աշխատատեղերին, ասեմ, որ 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում Արմավիրի մարզից գրանցվել են 993 կազմակերպություններ, այդ թվում՝ 73 ՍՊԸ, 4 ՀԿ, ՀՈԱԿ, 1 ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ, 2 առևտրային կազմակերպության մասնաճյուղ, 1 հիմնադրամ, 1 հիմնարկ, 1 սպառողական կոոպերատիվ և 906 անհատ ձեռնարկատեր: Այս գործընթացը նախադրյալներ է ստեղծել մարզում նոր աշխատատեղերի ավելացման ուղղությամբ:
Ի՞նչ կմաղթեք գալիք տարում Հայաստանին և հայությանը:
Հայաստանին և հայությանը մաղթում եմ խաղաղ երկինք և արևշատություն: Թող 2014 թվականը բոլորիս համար լինի արարման և ազգային գաղափարների շուրջ համախմբման տարի՝ բերելով նոր հաղթանակներ ու ավելացնելով վստահությունը սեփական ուժերի հանդեպ: Եվ թող հաջորդ տարին ամփոփելիս արձանագրենք, որ օրախնդիր հիմնահարցերը նահանջել են, և իրականություն են դարձել մեր սպասումները: