Հիշում եմ և պահանջում 

Օրվա Ծնունդը. Համո Սայհան

analitik.am

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1935 -ին ընդունվել և 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1939-41-ին՝ աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, որպես գրական աշխատող։ 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է ռազմա-ծովային նավատորմում։ 1945-51-ին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, 1951-54-ին՝ Երևանի «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ, 1954-55-ին՝ «Ոզնի» ամսագրում որպես բաժնի վարիչ։ 1965-67-ին եղել է«Գրականության թերթի» գլխավոր խմբագիրը։

 

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

 

Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

 

1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:

 

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

 

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

 

1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

 

 

ԵԹԵ ԱՇԽԱՐՀԸ ՆՈՒՅՆՆ ԷՐ ՄՆԱԼՈՒ

Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եթե քո ջանքից
Նրա բեռը չէր թեթևանալու,
Էլ ո՞վ էր ասում,
Որ այնքան ծանր հոգսերը նրա
Առնեիր քո թույլ ուսերի վրա։
Եթե քո առաջ դուռ էր փակելու
Եվ չէր դնելու ականջը լանջիդ,
Եվ գլուխ չուներ՝ արձագանքելու
Ամեն մի կանչիդ.
Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում,
Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում,
Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում,
Որ նրա ամեն շշուկը բռնես,
Որ նրա ամեն խորհուրդն ըմբռնես,
Նրա հետ ընկնես, նրա հետ թռնես,
Մեռնես, համբառնես...
Էլ ինչո՞ւ էիր,
Բոբիկ ոտներդ մաշում քարերին,
Փորձում անհնարն ու անկարելին,
Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եվ ինչ-որ չափով
Չէին մաշվելու հոգսերը նրա։
Բայց էլի, սիրտ իմ,
Շնորհակալ եմ ես հազար անգամ,
Որ գոնե ինքդ բեռ չմնացիր
Աշխարհի հոգնած ուսերի վրա։

Նույն շարքից