Հիշում եմ և պահանջում 

Զատիկ տոնի դրսևորումները ավանդական կենցաղում /մաս 1-ին/

analitik.am

Զատիկը եկեղեցական-կրոնական այն տոներից է, որ խորհրդային շրջանում զգալի անկում էր ապրել, սակայն ազգային զարթոնքի հետ մեկտեղ վերելք ապրեց նաև նրա կենցաղավարման տարածվածության ցուցանիշը: Որոշ վայրերում շարունակվում էին և շարունակվում են պահպանվել ժողովրդական ավանդույթային սովորութուններն և ծեսերը, որոնք ուղեկցվում են Զատիկ եկեղեցական տոնին:

    Հայ եկեղեցում վարդապետները, ժողովրդի մեջ արդեն իսկ տարածում գտած, այս ավետավոր ողջույնը և դրա պատասխանը դարձել են Զատկի օրվա կարգախոսը.

-Քրիստոս Հարյավ ի մեռելոց:

-Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Կամ`

Փառք Քրիստոսի Ամենազոր Հարությանը:

 

    Հնագույն ժողովուրդների բանավոր ավանդություներում հիշատակվում են պատմություններ համաշխարհային ձվի մասին: Հաստատվում է, որ համաշխարհային ձուն առասպելական թռչունն է ածել: Այն եղել է ոսկե արևի հատկանիշներով օժտված: Աշխարհի արարման ժամանակ ահա այս ձուն կոտրվել, պարել է երկնքում, և դրանցից մի վարկածով առաջացել է տիեզերքը /արեգակը, երկնքը, երկիրը, մյուսով` արարիչ ասվածը/ հնդիկների մոտ` բրահման, կամ ամպրոպի ու կայծակի աստված, երրորդով` մարդկային ցեղը:

 

 

Ընդունված սովորություն է եղել նոր գնած անասունին` կովին, գոմեշին տուն բերելիս ճակատին ձու էին խփում, որ նրանցից շատ օգուտ լինի, որ ձվի պտղաբերման ընդունակությունը դրանով անասունին անցնի: Ձուն նաև վարի դուրս եկող եզան ճակատին էին խփում:

   

 

Ձվին վերագրվել է քաջքերից` չար ոգիներից, պահպանելու զորություն, ուստի երեխային լողացնելիս ջրի մեջ ձու են գցել: Նաև վերագրվել է մաքրագործման հատկություն. բարեկենդանի բազմազան կերակուրները ուտելուց հետո, պասից առաջ բերանը ձվով են օծել: Ձուն նաև բախտի, սպասումի մի արտահայտման միջոց է ծառայել: Համաբարձման չորեքշաբթի, լույս հինգշաբթի գիշերը վանեցի աղջիկները ձու են դրել տանիքի վրա, որպեսզի կախարդական րոպեին, երբ երկինք ու երկիր իրար են հպվում, ձվի վրա գրվեր դնողի բախտը: Եթե գիրը կարմիր լիներ, հրեշտակի գրած էր համարվում և բարին էր գուշակում, իսկ եթե սև լիներ, սատանայի գրած էր համարվում և չարը գուշակում:

  

 

 Զատիկի տոնին ընդունված է եղել միմյանց շնորհավորելու հետ մեկտեղ օրհնել տալ ձվերը և դրանք մեկմեկու նվիրել: Տղաները ևս ձվեր են ուղարկել իրենց սիրեցյալներին` նախօրոք այդ ձվերը նախշազարդելով տարբեր գույներով, պատկերներով և գրերով: Ընդունված է եղել նաև նորահարսներին ուղարկվող կապոցներում նվերների հետ մեկտեղ մաղով բաղարջ և կարմիր ձու դնելը: Իսկ Զատկի Կարմիր կիրակի օրը, պատարագի ժամանակ, նորահարսների, նոր նշանված աղջիկների ձեռքը ձու են տվել` վրան մոմ և  էլի չորս մոմեր ամրացված:



    Կենցաղում մեծ տարածում ունեին զատկական ձվախաղերը: Զատիկին ձու էին կռվացնում գրեթե բոլորը, սակայն նրա ամենաակտիվ մասնակիցները երեխաներն էին: Ձուն կռվեցնում էին երկու կողմերով: Նախքան կռվեցնելը, ձվերը ատամներին թեթևակի խփելով, ստուգում էին դրանց ամրությունը: Հաղթող էր համարվում նա, ում ձուն ջարդում էր հակառակորդինը:

    Խաղեր էին կազմակերպում նաև ձուն գլորելու, նշան դնելու, թաքցնելու և այլ ձևերով: Ջավաղքում, միմյանց Զատիկը շնորհավորելուց հետո, երեխաներն ու երիտասարդները հավաքվում էին տանիքների վրա և ձու կռվեցնում:

    Ձվախաղերը և ձվի հետ կապված սովորություներն այնքան շատ էին տարածված ու սիրված, որ շատ հաճախ Զատիկը կենցաղում ընկալվում էր որպես ձու ներկելու կամ ձու խաղաղալու տոն:



Արաքս Նազարյան

Նույն շարքից