Հիշում եմ և պահանջում 

Զատիկ տոնի դրսևորումները ավանդական կենցաղում /մաս 2-րդ/

analitik.am

     Զատկի տոնակատարության անբաժանելի մասն է զոհաբերությունը` մատաղը: Այդ մատաղը սովորաբար հասարակական էր, այսինքն` համայնքի, գյուղի բոլոր ընտանիքները մասն ուներ այդ մատաղի մեջ: Հավաքված դրամով նախապես գնված մեկ կամ մի քանի եզները, կամ մի քանի ոչխարները շաբաթ երեկո զոհաբերվում էին եկեղեցու բակում և գիշերը եփվում խոշոր կաթսաներում: Զատկի մատաղը «ախառ» էր կոչվում և տարվա ամենաթանկ մատաղն էր համարվում:

 

 

    Եթե Մեծ պասի առաջին օրվա ընդհանուր ճաշկերույթը նպատակ ուներ նպաստելու բնության վերակենդանացմանը, ապա ախառն արդեն վերակենդանացված բնության զորությանն էր բաժանում զոհաբերության մասնակիցներին: Բոլոր ցանկացողները մատաղի արյան մեջ թաթախում էին բռնիչ ծառի հաստ ճյուղը և տնկում իրենց այգում կամ արտում` այն չար աչքից պաշտպանելու համար: Զատկական մատաղը, որ համարյա ամնուր «ախառ» էր կոչվում, հսկում էին համայնքի կողմից ընտրված արդար մարդիկ:

 

 

    Զատկի Ավագ շաբաթ օրը մատաղացուն գյուղովի, հանդիսավոր կարգով նախապատրաստվում էին զոհաբերման: Մորթելուց առաջ եղջյուրներին մոմեր էին ամրացնում և վառում.եկեղեցու շուրջը երեք անգամ պտտեցնում. աջ ականջը փոքր –ինչ կտրում, օրհնված աղ ուտեցնում, ապա մորթում և արյունից եկեղեցու պատին քսում: Հենց եկեղեցու բակում էլ միսը կտրատում, ջրի մեջ էին լցնում դնում կրակին և ամբողջ գիշերը եփում, կրակի շուրջը բոլորում, քաղցր –քաղցր զրուցում:

 

 

    Առավոտյան մատաղի կտորները լավաշի մեջ փաթաթած` դասավորում էին սկուտեղների վրա և դնում պատարագի սուրբ սեղանի առջև` «պատարագի տակովն» անելու: Մատաղն առաջինը ճաշակողները պատարագ մատուցողներն ու ժամավորներն էին տանում:

 

    Զատկական մատաղներից էին նաև «թրքատարուկը» և «թափանը»: «Թրքատարուկ» էր կոչվում Լոռվա որոշ բնակավայրերում` համայնքի կողմից հավաքված դրամով կազմկերպված խոզի մատաղը: Եփելով եկեղեցու դռան մոտ և բաժանելով համայնքի անդամներին, լոռեցիները դրանով ուզում էին ցույց տալ` «թուրքերի դեմ տարած մեծ հաղթանակը»: «Թափան» կոչվում էր մատաղացու եզան կամ կովի ստամոքսը: «Թափան» մատաղի սովորույթը հատկապես տարածված էր Վայոց Ձորի Խաչիկ գյուղի բնակիչների շրջանում: Այստեղ զատկական այդ մատաղին այնքան մեծ նշանակություն էր տրվում, որ երբեմն երեցն էր վերցնում այն կամ տալիս էր իր նախընտրած մարդուն:

 

Բախտավոր էր համարվում այն տունը, որը ձեռք էր բերել  «թափանից» ինչ –որ մասունք: Հավատում էին, որ եթե այդ մատաղից սերեք պատրաստեն, յուղի քանակությունը կշատանա և ընդհակառակը` մյուսներինը կպակասի: Որպեսզի այդպիսի զրկանքներ չլինեն, և ոչ ոք ի վնաս մյուսնեի` «չհարստանան», գյուղի բանիմաց մարդկանց խորհրդով «թափանը» հավասար, քրիստոնեաբար էին բաժանում:

 

 

Նույն շարքից