Հիշում եմ և պահանջում 

Զատկի կարմիր հավկիթն ու հացը

analitik.am

     Երբ Քրիստոսին խաչ հանեցին, մայրը դեռ չգիտեր այդ մասին: Նա գլխաշորի մեջ դրել էր հաց, խաշած հավկիթ և բերել էր, որ տղան ուտի: Եկել է տեսել, որ խաչված է, և արյունը կաթիլ –կաթիլ ընկնում է նրա գամված ձեռքերից, ոտքերից ու գլխին դրված փշե պսակից: Մայրը խաչի տակ ծնկի է իջել ու հոնգուր –հոնգուր լաց եղել:


Նրա արցունքները, միախառնվելով տղայի արյանը, թափվել են գլխաշորին` արյան –արցունքով ներկելու հացն ու հավկիթները: Մայրը քանդել է կապոցն ու գլխաշորը կապել գլխին:

 

    Դրանցից հետո մարդիկ Ս. Զատկի օրը հավկիթները կարմիր են ներկել և հաց թխել: Հացն էլ պսակի պես հյուսված են արել, վրան քնջութ ցանել` իբր խաչված Քրիստոսի պսակի փշերն են: Կանայք էլ գլխաշոր կապած են եկեղեցի մտել:

 


    Քեսապում Զատկի օրը կանայք ընդհանուր մաքրություն են անում` անկողինները, սավանները, ծածկոցներն ու հագուստները արևի տակ էին փռում: Մաքրում էին բակերն ու թոնրատունը: Ծիծեռնակները և գարնան մյուս թռչունները երևում էին կամաց –կամաց և քեսապցի փոքրիկները նրանցից «զատիկ» էին ուզում: Թիթեռնիկներն ու մանր միջատները վխտում էին խոտերի մեջ:


Նրանցից մեկն էլ «զատիկ» էր կոչվում, հավանաբար զատկվա հավկիթի պես կարմիր ու խատուտիկ թևեր ունենալու պատճառով: Նույն միջատին քեսապցիները անվանում էին նաև թռան մաքի: Քեսապում զատկվա անուշեղեններից առանձին տեղ էր գրավում կաթով բոկեղը: Ինչպես մյուս գյուղերում ու քաղաքներում այնպես էլ Քեսապում շատ տարածված է ձվախաղը:

 

Նույն շարքից