Հիշում եմ և պահանջում 

Մարմնի և Արյան խորհուրդը քրիստոնեական եկեղեցու

analitik.am

         Զատկական ընթրիքի գլխավոր և էական մասը շարունակ նշվում էր, այսինքն`բաղարջն ու գառը և նրանից հետո ուրիշ կերակուրները ուտելու վրա էին, երբ որ մատնությունը հայտնի դարձավ, Հուդան մեկնեց և մեծ լինելու խնդիրը ծագեց:

 

Այդ դեպքերից հետո էր, որ Հիսուս Իր մեկնելը, Իր աշակերտների և հավատացյալների հետ մշտատև Իր ներկայության ձևը հաստատելու համար, նոր խորհուրդ կամ նոր խորհրդական ներկայություն ուզեց հաստատել, և սա եղավ Մարմնի ու Արյան խորհուրդը, կամ, ինչպես սովորական բառով ենք ասում, Սուրբ Հաղորդության խորհուրդը, կամ, ինչպես ուրիշ եկեղեցիներում են անվանում են, Սուրբ Գոհության խորհուրդը:

 

Ուտելը վերջանալու վրա էր և երրորդ բաժակի հերթն էր մոտեցել, և Հիսուս այդ առիթի համար էլ պահել էր Իր մեծ խորհուրդի հռչակումը: Վերցրեց մի բաղարջ հաց, որովհետև սեղանին բաղարջակերության ընթրինքն էր, և Հիսուս ինքն էլ նախապես հայտնել էր, թե Իր այդ սեղանը զատկական բաղարջակերության սեղանն էր:

 

Վերցրած հացը ձեռքի մեջ օրհնեց, Երկնավոր Հոր գոհության հառաչանքն արձակեց և ասաց. «Վերցրեք այդ հացը և կերեք, ոչ իբրև սովորական հաց, այլ իբրև իմ մարմինը, որովհետև այս հացը իմ մարմինն է, որ բոլորի փրկության համար է տրվում»: Եվ հացը բեկանելով` մաս-մաս արեց և առաքյալներին տվեց, որ մի-մի կտոր ուտեն և կերան: Հետո բաժակը վերցրեց, այն էլ օրհնեց, կրկին գոհության հառաչանքը կրկնեց և ասաց. «Վերցրեք այդ բաժակը և դրանից խմեցեք, ոչ իբրև սովորական գինի, այլ իբրև իմ արյունը, քանզի այս բաժակի գինին իմ արյունն է, որ բոլորի փրկության համար է թափվում»:

 

Այս ասելով` բաժակն ուղղում է առաքյալներին, որ մի-մի ումպ խմեն և խմեցին: Եվ որպեսզի իր արածի տևական նշանակություն ունենալը ցույց տա, ավելացրեց. «Ինչպես որ ես այժմ կատարեցի, դուք էլ այսուհետև միշտ նույնն արեք և իմ Մարմնի ու Արյան խորհուրդը կատարեցեք իմ հիշատակի համար, միշտ հիշելով, որ բոլորի փրկության համար տվեցի և արյունս թափեցի»:

         Մարմնի և Արյան խորհուրդը քրիստոնեական եկեղեցու գլխավոր և հատկանշանական խորհուրդներից և խնդիրներից մեկն է եղել, և  նրա շուրջը ստեպ-ստեպ վարդապետություններ, արարողություններ և սովորություններ են ստեղծել, և զանազան եկեղեցիներ իրար հետ սաստիկ վեճեր են ունեցել, սակայն ընհանրապես ընդունված և անվիճելի կետ է եղել նրան տրված մեծ նշանակությունը, խորին հարգանքը, տևական կիրառությունը և ընդունելությունը` առանց հակառակության:

 

Մեր նպատակից դուրս է Սուրբ Հաղորդության խորհրդին վերաբերող դավանական վարդապետությունների մեջ խորանալ և ծիսական արարողություններ մեջբերել, և մյուս կողմից էլ այսպիսի կարևոր մի խնդրի վրա էլ բոլորովին լուռ չմնալու համար հիշենք մի քանի կետեր, որոնք ավելի պատմական բնույթ ունեն:

       Արաքս Նազարյան

Նույն շարքից