Հիշում եմ և պահանջում 

Խաղողօրհնեք տոնի դրսևորումները ավանդական կենցաղում մաս1-ին

analitik.am

      Աստվածածնի տոնին Հայ եկեղեցում պահանված գեղեցիկ ավանդության համաձայն, տեղի է ունենում խաղողի օրհնություն: Խաղողը Հայաստանում համարվում է դաշտերի ու այգիների ազնվագույն պտուղը, ինչպես Հիսուսը Ասվածածնի օրհնյալ պտուղն է. «Օրհնյալ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է քո որովայնի պտուղը» / Ղուկաս 1:42/:

     Արարողությունը սկսվում է հետևյալ կերպ. երգվում է «Փառք Սբ. Խաչի» շարականը, կարդացվում են հատվածներ Սբ. Գրքից, այնուհետև հաջորդում է Ներսես Շնորհալու աղոթքը` գրված խաղողի օրհնության համար: Աղոթքում հիշատակվում է, թե ինչպես Աստված ստեղծեց բուսականությունն ու պտուղները, Ադամին և Եվային պարգևեց դրախտի դյուրին կյանքը, սակայն  նրանք օրինազանց գտնվեցին և արտաքսվեցին դրախտից, և միայն Միածնի գալուստով մարդիկ ազատվեցին մեղքի ու մահվան տիրապետությունից: Այնուհետև խնդրում է Աստծու օրհնությունը նվիրաբերվող խաղողի ողկույզների ու ճաշակողների համար, որպեսզի վերջիններս առողջ լինեն մտքով ու հոգով և արժանի` մեղքերի թողության: Աստծու օրհնությունն է հայցվում, նաև պտուղը բերողների համար:

     Արտակ արքեպիսկոպոսը գրում է. «... ոմանք մինչ այդ ... խաղող չեն ուտում և տեղ-տեղ այս կոչում էին խաղողի պաս: Եկեղեցական կանոններում նման որոշում գոյություն չունի, որ մատնանշված լինի, թե մինչև խաղողօրնեք չի կարելի խաղող ուտել, այս մեկը ժողովրդական սովորույթ է»:

     Լալայանը նույնպես գրում է, որ մարդիկ Սբ. Աստվածածնի վերափոխման տոնի ժամանակ խաղողը պաս համարելով չեն ուտում: Այդ օրը միայն, երբ եկեղեցում օրհնում են և բաժանում ժամավորներին, որ ահագին աղմուկով միմյանց ձեռքից խլում և ուտում են` ժողովուրդը սկսում է գործածել խաղողը:

     Ժամանակին խաղողօհնեքի արարողությունը տեղի էր ունենում այգիներում: Քահանան, մկրատը աջ ձեռքում և խաչը ձախ ձեռքում, շարական երգելով, թափորով գնում էր եկեղեցու այգին, որը դրախտ էր կոչվում, իսկ եթե եկեղեցին այգի չուներ, գնում էր գյուղի կամ քաղաքի երեցփոխի այգին, և այնտեղ հավատացյալների ներկայությամբ կատարվում էր անդաստան: Սովորություն էր նաև թռչուններին ևս բաժին հանել, և դրա համար օրհնված խաղողի ողկույզները կախում էին բարձր վայրերից, լուսաղբյուրի կամ խաչքարերի վրա»:

    

 Նազարյան Արաքս

Նույն շարքից