Հիշում եմ և պահանջում 

Աստվածածնի Վերափոխման տոնի ծագումը և նրա դերը քրիստոնեական տոնացույցում մաս 1-ին

analitik.am

Աստվածածնի վերափոխման տոնը Հայաստանյայց եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այն հավանաբար ամենահնագույնն է: Հույները այն կոչում են «Մեթապասիս» /Փոխում/, կամ «Քիմիսիս» /Ննջում/: Հայ Առաքելական Եկեղեցին ընդունում է, թե Քրիստոսն ինքը եկավ իր մորը երկինք փոխադրելու, տերունի տոնի հիշատակությունը կատարվում է «Գալուստ ի Փոխումն մորն» բացատրությամբ:

     «Սբ. Կույսն ավելի վեր է, քան մարգարեները, նախահայրը, մարտիրոսներն ու վարդապետները, իշխաններն ու պետությունը, սերովբեներն ու քերովբենրը և ավելի վեր է բարձրացել, քան երկնային բոլոր զորքերը: Զիջում է միայն Արարչին` Անեղ Բնությանը, գերազանց և անևրույթ Աստվածության»:  Նա այն ընտրյալն է, ում Աստված մասնակից դարձրեց մարդու փրկության Իր ծրագիր իրականացմանը: Սբ. Կույսը Աստվածածին էր իր սրբության և բարոյական մաքրության, իր հնազանդ և աստվածավախ հոգու պատճառով:

     Աստվածածնի կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ կան: Ավետարանները հայտնում են, որ նա Աննայի և Հովակիմի աղջիկն էր: Հայրը` Դավթի սերնդից էր, Հուդայի ցեղից, իսկ մայրը ղևտական ցեղին էր պատկանում: Նրա ծնողները շատ ծեր էին և անզավակ: Նրանք հաճախ աղոթում և խնդրում էին Աստծուն, որ զավակ ունենան: Աստաված լսում է Նրանց աղոթքն ու խնդրանքը և պարգևում է մի աղջիկ, որին կոչում են Մարիամ: Այս դեպքի հիշատակը եկեղեցին տոնակատարում է Յղիութիւն յԱննայէ անունով` դեկտեմբերի 9-ին, իսկ ծնունդը` սեպտեմբերի 8-ին:

     Մարիամը 14 տարեկանում Երուսաղեմի տաճարից վերադառնում է տուն, 15 տարեկանում ունենում Հիսուսին, իսկ Նրա Համբարձման ժամանակ 48 տարեկան էր: Քրիստոսի խաչի վրա կրած Իր ծանր չարչարանքների մեջ անգամ չմոռացավ Իր մորը և առաքյալների խնամքին հանձնեց նրան: Քրիստոսի համբարձումից հետո Սբ. Կույսը շրջապատվեց ջերմ հոգածությամբ և 12 տարի ապրեց Երուսաղեմում, այսինքն` վերափոխվել է 60 տարեկանում:

     Պետք է իմանալ ամենաօրհնյալ Սբ. Կույս Մարիամի Ննջման պատմությունը, որը գրել է Սբ. Հովհաննես Ավետարանիչը: Երբ Սբ. Կույսն աղոթում էր իր սենյակում, եկավ Գաբրիել հրեշտակապետը, ողջունեց և կանչեց նրան Ձիթենյաց լեռ, որտեղ Սբ. Կույսը սովորաբար գնում էր աղոթելու: Կույսը գնաց և ծնրադրելով աղոթեց այն տեղում, որտեղից Փրկիչը համբարձվեց, և լեռան վրա գտնվող բոլոր տունկերը խոնարհվեցին ու երկրպագեցին նրան: Գաբրիել հրեշտակապետը հայտնեց, որ լրացել է օտարության մեջ նրա պանդխտության ժամանակը: Ասաց նաև, որ Տիրուհին չի մնալու մահվան գավառում, քանզի անմահ կյանքի արժանացավ, վերջացան նրա չարչարանքներն ու լրացան տառապանքները, անցնելու են տրտմություններն, ու մոտ է ուրախությունը:

     Ապա 14 օր անց, կրկին եկավ Գաբրիել հրեշտակապետը և կրկին Տիրուհուն ավետեց Աստծու մոտ փոխվելու մասին, ինչից բերկրեց Մարիամը, և զվարճացավ նրա հոգին: Նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու աղոթում:

     Եվ դարձյալ 13 օրից հետո եկավ Գաբրիելը և խոնարհվելով ողջունեց Տիրածին Կույս Մարիամին` ասելով. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Եվ պսակեց Սբ. Կույսի գլուխը Ադամի Դրախտից բերած բրաբիոնե պսակով: Բարաբիոնե պսակը, որը ծաղիկներից և արմավենու ոստրերից հյուսված էր Ամենասուրբ կույսի համար, երկրից երկինք փոխադրման ավետիսը եկավ: Այն բժշկության և հրաշքների աղբյուր եկավ: Աստվածամայրը բարձրացավ Ձիթենյաց լեռը և ամբողջ բույսերը և ծառերի տունկերը խոնարհվելով երկրպագում էին նրան: Աստվածածինը աղոթում էր և ասաց. «Դու իմ Տեր Հիսուս Քրիստոս, Քո Հոր` Աստծու և իմ` Քո աղախին մոր, Տեր իմ Միածին, Դու Ինքդ խոստացար գալ ինձ մոտ, որպեսզի Քեզ ավանդեմ, իմ հոգին»:

 

 

     Այդ ժամանակ երկնքից ձայն լսվեց և ասաց. «Չեմ թողնի քեզ, Մայր իմ Տիրուհի և կկատարեմ քո խնդրանքները»: Եվ աղոթքից ելնելով` ամենաօրհնյալ Մաիրամը երեք օր շրջեց, աղոթեց և երկրպագեց Աստվածորդու` իր Միածնի տնօրինական վայրերով` ունենալով իր հետ Սողոմեին` Հովհաննեսի մորը և Նիկոդեմոսի դստերը` Մարթային:

 

Նազարյան Արաքս

Նույն շարքից