Հիշում եմ և պահանջում 

Աստվածածնի Վերափոխման տոնի ծագումը և նրա դերը քրիստոնեական տոնացույցում մաս 2-րդ

analitik.am

     Աստվածածինը, շրջագայությունից վերադառնալով, կանչում է բոլոր ազգականներին ու բարեպաշտ կանանց, որոնց պատվիրում է վառել ջահերն ու ղամպարները և մնալ իր մոտ երեք օր: Աստվածածինը ցույց է տալիս նրանց դրախտի բրաբիոնե պսակը, որը երկնային անիմանալի լույսով ողողված` դրախտային բուրմունք էր տարածում, և հայտնում բոլորին, որում ինքը աչքերը այստեղ փակելու է վերջին անգամ, որպեսզի երկնքում բացի ու իր Միածնի Լույսը երեսը տեսնի:

 

 Մահվան մասին ասաց. «Երկու հրեշտակներ են գալիս մարդու հոգու ետևից` մեկը չար, մյուսը բարի: Եվ եթե մեղավոր է հոգին, չար հրեշտակն է այն ժառանգում, և ուրախանում են դևերն այդ հոգու կորստյան համար: Եվ ցույց տալիս չար հրեշտակը մեղավոր հոգու արդար դատաստանը և տանջանքների վայրը: Իսկ եթե արդար է հոգին, ժառանգում է բարի հրեշտակին, և ցույց է տրվում նրան կենաց հարությունը և փառքի հանգստավայրը»: Այդ ժամանակ վերադառնում է նաև քարոզության մեկնած Հովհաննես առաքյալը: Հովհաննեսը ողջունեց և երկրպագեց Կույս Մարիամ Աստվածամորը, իսկ նա ընդունեց ողջույնն ասելով. «Բարի եկար որդյակ իմ և իմ Որդու սիրելի»: Պատմեց նրան իր փոխման մասին և ցույց տվեց իր թաղման տեղը հայրենի Գեթսեմանիի ձորում: Պատվիրեց նաև իր երկու հանդերձները տալ այն այրի կանանց, որ շրջեցին իր հետ փրկչական վայրերում: Եվ պատվիրեց Հովհաննեսին մատուցել աստվածային Պատարագը, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին և Արյանը:

     Հովհաննեսը կանանց և Մարիամի հետ ելավ Վերնատուն և այնտեղ պատարագեց Հիսուս Քրիստոսին: Եվ մինչ գոհաբանական աղոթքներ էր մատուցում, իսկույն նրան ձայնակից եղան սուրբ առաքյալների դասերը, որոնց Սբ. Հոգին ի մի հավաքեց ամբողջ աշխարհից, ուր գնացել էին քրիատոնեությունը քարոզելու: Եվ այսպես տասը և յոթանասունը` յուրաքանչյուրն իր վիճակից Սբ. Հոգու կանչով եկավ, հասավ Սբ. Աստվածածնի ննջմանը: Եվ Պատարագի վերջին Սբ. Հաղորդության ավարտին, երկրպագեցին Սբ. Աստվածամորը` մատուցելով հիսուսավանդ ողջույնը և ապա ողջունեցին միմյանց «ի համբույր սրբության» և օրհնեցին Աստծուն իրենց` այս զարմանալի հավաքման համար: Հետո մտան Վերնատան մոտ գտնվող տունն Աստվածամոր: Եվ Սբ. Աստվածածինը ցույց տվեց նրանց բրաբիոնե պսակը, խոսեց իր ննջման մասին և ցույց տվեց իր հանգստի վայրը` Գեթսեմանի գերեզմանը:

 

 

     Այդ ժամանկ առաքյալները և մոտիկ հարազատները շատ են տրտմում և լաց լինում մոտալուտ բաժանման համար, քանզի Աստվածածնի ներկայությունից բոլորն իրենց Տիրոջ կարոտն էին առնում ու մխիթարվում:

 

     Եվ երբ Աստվածածինը հրավիրվեց փոխել իր Միածին Որդու մոտ, Հովհաննես Ավետարանիչը Աստծու կամքից ազդվելով, վերցրեց կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևեց Տիրամոր պատկերը, որպեսզի Նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց հետ: Հովհաննեսը որոշեց մյուս առաքյալների հետ խնդրել Տիրամորը, որ իր աստվածատիպ պատկերը փայտեղեն անոթին դնի, օրհնի այն և Տիրոջից խնդրի բարիք գործել երկրի վրա դրա միջոցով իր փոխման ժամանակ և բժշկումներ կատարի, քանի որ բորոտությամբ տառապողները շատ էին: Երբ Պողոսը և Հովհաննեսը գնում են Տիրամոր մոտ աղաչելու, Պողոսը ամենաօրհնյալ Սբ. Կույսին դիմեց. «Աստծո խոսքի անարատ առագաստ աղաչում ենք քեզ, առ այս փայտեղեն պատկերը, որը Հովհաննեսը նկարել է, պահի՛ր այն քո սուրբ ձեռքերի մեջ, օրհնիր այն և տուր այն իբրև աշխարհի մեջ կյանքի նշան, և աղաչիր քո որդուն և մեր Աստծուն, որ այս պատկերի միջոցով բժշկություն անի մարդկանց, որոնք քո բարեխոսության են ապավինում»:


Նազարյան Արաքս

Նույն շարքից