Հիշում եմ և պահանջում 

Աստվածածնի Վերափոխման տոնի ծագումը և նրա դերը քրիստոնեական տոնացույցում մաս 3-րդ

analitik.am

     Ամենաօրհնյալ Կույսը պատասխանում է. «Եվ ինչու՞ եք ինձ` Տիրոջ աղախնիս, ստիպում դա անել իմ անունով, որը արժանի չէ ինձ, Դուք եք մեր արարիչ Քրիստոսի աշակերտները, ուստի ձեզ է շնորհված դևեր հալածելը, ախտերը և հիվանդությունները  բշժկելը, աշխարհը կռապաշտներից ազատելը: Դուք ինչ որ ուզում եք խնդրեք ձեր Տիրոջը և Աստծուն և կունենաք այն ինչ ուզում եք…»:

     Պողոսը ասաց. «Սբ. Կույս, և Աստծո մայր, մենք անպիտան ծառաներն ենք Արարչի, իսկ դու արժանի եղար լինելու Աստվածամայր: Դու մեր Տիրամայրն ես, իսկ մենք` աշխարհի հրովարտակները, եղիր բարեխոս աշխարհի համար: Դու Երրորդության հարսն ես, մենք` քո անճառ Ծնունդի հնչեցրած փողերն ամբողջ տիեզերքում: Աղաչում ենք քեզ ինչպես քո Միածին Որդին իր մահվան փայտն աշխարհի համար դարձրեց անմահության գանձ, դևերի հալածիչ, վիրավորների բժշիկ, հավատացյալների կյանքի նշխար, այդպես էլ դու դարձրու՛ այս պատկերն այնպիսին, որպեսզի քեզ փափագողները, երբ սա տեսնեն, իրենց խնդրանքը լինի»:

 

     Այն ժամանակ ամենաօրհնյալ Սրբուհին, նկարված պատկերը իր սուրբ ձեռքերի մեջ առավ, և ձեռքերը տարածելով դեպի երկինք ասաց. «Տե՛ր Աստված ամենակալ, Հա՛յր բարերար մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, որ քո Միածին Որդուն աշխարհի փրկության համար առաքեցիր` մարմնանալու Քո անարժան աղախնու միջոցով, Ով կատարելով Օրենքում ու մարգարեներում գրվածները` դարձյալ համբարձվեց քեզ մոտ` դեպի Քո Հայրական փառքը…»: Աստվածամայրն իր ձեռքը վերցնելով պատկերը, խաչակնքեց և դնելով իր երեսի վրա` թրջեց արտասուքով և խնդրեց Աստծուն նրանով բժշկել բոլոր տեսակի ցավերը, առավել ևս` բորոտներին: Նույն այդ պահին լուսեղեն կամար եկավ սրբուհու վրա, ձայն լսվեց և ասաց. «Թող կատարվի քո կամքը, մայր իմ»: Եղավ ահագին որոտ, աստվածային անուշահոտություն բուրեց, և առաքյալներից բացի` բոլորը թմրեցին: Եվ օրվա 3-րդ ժամն էր, երբ երկնային բազում զորքերով երկնքից իջավ Սբ. Կույսի Որդին: Գաբրիել և Միքայել հրեշտակապետերը գալիս էին Նրա առջևից: Եվ այդ ամբողջ ժամանակ փայտյա պատկերը, որ սրբուհին ուներ իր ձեռքերում, դրեց իր հանդեպ հրեղեն կառքում կանգնած Աստվածորդու առջև, և Նա իր աստվածային Աջով խաչակնքեց իր Մոր պատկերը: Նրանք վերցնելով երկրպագեցին և տեսան, որ տախտակի վրա նկարվել է Աստվածածնի պատկերը` աչքերն ու հոնքերը, բերանն ու քիթը, գույնն ու կերպը` ամբողջովին կատարյալ:

 

     Աստվածածնի անշնչացած մարմինը պատանելով ու դնելով նախապես պատրաստված դագաղում և իրենց ուսերին վերցնելով` առաքյալները, տանում հանգչեցնում են Գեթսեմանիում պատրաստված գերեզմանի մեջ, ամբողջ ճանապարհին այն ուղեկցելով սաղմոսներով և օրհներգություններով: Հուղարկավորության պահին հրեաները կատաղորեն հարձակվում են սրբուհու դագաղի վրա` ցանկանալով արգելել թաղումը: Բայց այն դժբախտի ձեռքերը, որը առաջինը դիպավ դագաղին, Տիրոջ հրեշտակը կտրեց դրանք հրեղեն սրով, իսկ մնացածները կուրացան:

 

 

     Ներկաները ահաբեկվեցին այդ հրաշքից, և նրանք հասկացան, որ Աստծո բարկությունն է գործել: Նրանք զղջացին և ապաշխարեցին իրենց անմիտ քայլի համար: Առաքյալները աղոթքով բժշկեցին կույրերին, իսկ Կույսի դագաղին ձեռք մեկնող քահանայի` Սոփոնիայի թևերը մնացին կտրված իր հանդգնության պատճառով:

 

 Ասենք, որ մեկ այլ ավանդության համաձայն Պետրոսը Սոփոնիայի ձեռքերը առնելով, բերեց և մոտեցրեց այնտեղ, որտեղից կտրվել էր ձեռքերը, և դրանք միանալով առաջվա պես կենդանություն առան,  միայն Սոփոնիայի զղջումից հետո:

     Տիրամոր գերեզման այցելողները երեք օր շարունակ, երկնային լույսով ողողված էին տեսնում այն, լսում հրեշտակների փառաբանության քաղցրալուր երգեր և առնում դրախտի բուրմունքով:

 

     Առաքյալները Տիրամոր թաղումից հետո` մի քանի օր ևս մնացին Երուսաղեմում: Սակայն նրանցից մեկը` Բարդուղիմեոսը, ներկա չէր Աստվածամոր ննջման և թաղման օրերին նա Երուսաղեմում էր, քանզի դա էր Տիրոջ կամքը: Գալով և իմանալով կատարվածը, խիստ տրտմեց, որ չի արժանացել Տիրամոր տեսությանը և չի ընդունել նրանից վերջին օրհնությունը: Նա սկսեց աղաչել Պետրոսին և մնացածին, որպեսզի նրանք իրեն ցույց տան Աստվածամոր մարմինը:

     Առաքյալները աղոթեցին և Բարդուղիմեոսի խնդրանքով բացեցին գերեզմանը և այն դատարկ գտան: Այնտեղ էր միայն Աստվածամոր պատանքները: Նրանք սկզբում զարմացան և վախեցան, սակայն հետո իմացան, որ հրեշտակների օրհներգությունների դադարումից հետո Տիրուհին փոխադրվել է և հիանալով փառք տվեցին Աստծուն:

      Դրանից հետո առաքյալները երկնքից ձայն լսեցին, որն ասում էր, որ Աստվածամոր փայտյա պատկերը տան Բարդուղիմեոսին, որպեսզի նա դրանով ամփոփվի: Եվ առաքյալները կամենալով մխիթարել իրենց եղբորը, նրան տվեցին Տիրամոր պատկերը, և Բարդուղիմեոսը վերցնելով այն շատ ուրախացավ:

     Ապա առաքյալները քաղաքում գտնվող բորոտներին օծում էին յուղով և Տիրուհու պատկերով խաչակնքելով բժշկում, որից հետո բոլոր ծանր հիվանդները գալիս էին սրբուհու գերեզմանին ու Քրիստոսի շնորհներով ապաքինվում, և նրանց բժշկվելու լուրը տարածվում էր ամբողջ Հրեաստանով:

     431թ. Եփեսոսի տիեզերական ժողովում պաշտոնապես հռչակվեց ու դավանական սկզբունք դարձավ Սբ. Կույս Աստվածածին, այլ ոչ թե «մարդածին» լինելը, ինչպես պնդում էր Նեստորը: Այս նույն դավանաքն է որդեգրել նաև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին:

     Սբ. Կույսի վերափոխման այս պատմությունը մեզ է հասել ավանդությամբ, քանի որ Նոր Կտակարանում հիշատակություն կամ ակնարկ չկա այս մասին: Դրա պատճառով որոշ եկեղեցիներ ոչ միայն չեն ընդունել, այլև  «հակասուրբգրային»  են որակել այս տոնը: Սակայն հիշատակված չլինելու վրա չպետք է զարմանալ, որովհետև առաքյալները սկզբնական շրջանում քարոզներն ու պատգամները նախընտրում էին միայն բերանացի հաղորդել: Գիրք չէին գրում, քանի որ համոզված էին, որ Քրիստոսի երկրորդ գալուստը շատ մոտ է /Ա Կորնթ. 15-51/: Այս պատճառով էլ հարկ չէին համարում իրենց տեսածն ու լսածը գրի առնել:

 

     Ավանդության համաձայն, Տիրամոր պատկերը տրվել է Բարդուղիմեոս առաքյալին, որն էլ այն բերել է Հայք: Սկզբում Անձևացիք գավառում /Դարբնոց քար կոչված վայրում/ կառուցել են Սբ. Աստվածածնի եկեղեցին, ապա կուսանոց և Հոգեաց վանքը, իսկ պատկերը դրվել է այնտեղ: Շուտով վանքն ու շրջապատը դարձել են ուխտավայր սրբատեղի, ուր մարդիկ այցելել են պատկերի միջոցով բժշկվելու նպատակով: Դարերի ընթացքում սրբապատկերի հետքերը կորել են, բայց մնացել է տոնը և Աստվածածնի անունը կրող եկեղեցիներն ու վանքերն ուխտի գնալու սովորույթը:

     Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Աստվածածնի մահվան և երկինք փոխադրվելու հիշատակը տոնում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը:

 

     «Ինչու՞ սուրբ Եկեղեցիների մեջ ոմանք միայն մեկ օր կատարում վերափոխման տոնը ուրիշները 3 օր, մյուսները 9 օր»,- Հարցին Գրիրգոր Տաթևացին պատասխանում է, որ ովքեր մեկ օր են տոնում /Օգոստոսի 15-ին/, նրանք տոնում են Սբ. Կույսի ննջումը: Ովքեր 3 օր են հատկացնում նրա հարությանը, այն պատճառով է, որ 3 օրից դադարեցին հրեշտակների երգերը, և առաքյալներն իմացան Սբ. Կույսի հարության մասին: Իսկ ովքեր 9 օր են տոնում, նրանք տրամաբանում են, որ ինչպես իր միակ որդին համբարձումից հետո 9 օր գովերգվեց հրեշտակների կողմից և անցնելով հրեշտակների դասերից վեր` քողից ներս մտավ /Եբր. 6:19-20/, այնպես էլ Մարիամը հասնելով հրեշտակների 9 դասերից վեր, քողից ներս մտավ և նստեց իր Որդու Աջին:

 

     Սբ. Գրիգոր Տաթևացին գրում է «…Տիրամայրը իրեն Աստվածածին խոտովանողների հոգում է, սրտում և շուրթերին: Ուստի, ամեն տարի նույն օրը ցնծությամբ և հակումով, պահքով և աղոթքով, օրհնությամբ և հոգևոր երգերով տոնում ենք վերափոխումը: Ինչպես այն օրը առաքյալների դասն էր հրեշտակներով հանդերձ համահավաքված, այսօր էլ մենք ենք ուղեկցում Տիրամոր վերափոխմանը` Աստծու առատ պարգևներից մեր մեջ ընդունելով նրա ներողամտությունը, քավությունը և մեղքերի թողությունը, ինչպես նաև երկնավոր Հոր որդեգրության պատիվը, եղբայրակցությունը Միածին Որդու հետ և տաճարակցությունը Սբ. Հոգուն…»:

 


Նազարյան Արաքս

Նույն շարքից